Արցախյան շարժման ներկա հանգրվանը և բնօրրան վերադարձի ուղիները
10.10
2024
2023թ․ սեպտեմբերի 19–ից սկսած՝ արցախյան շարժման ամենածանր՝ 7–րդ հանգրվանում, երբ հազարամյա պատմության մեջ քաղաքական խարդավանքների հետևանքով Արցախը հայաթափվեց, հայրենիք վերադարձի համար ծառացան բազում խնդիրներ։ Անհրաժեշտ է նորովի ինքնակազմակերպվել, ճիշտ կիրառել միջազգային որոշումներն ու օրենքները և լինել պրոֆեսիոնալ ու վճռական։ Այս ամենի համար պետք է ստեղծել ինքնակառավարման նոր մեխանիզմներ։ Եթե շատերին, այդ թվում ՀՀ իշխանությունանը, թվում է, թե Արցախի կորստով կլուծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև տերիտորիալ հիմնական պրոբլեմը, ապա նրանք չարաչար սխալվում են, որովհետև Արցախի գրավումը ոչ թե Ադրբեջանի ռազմավարական նպատակն էր, այլ տակտիկական։ Ադրբեջանը փորձում է հայ–ադրբեջանական հակամարտությունում աստիճանաբար վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ՝ օգտվելով քաղաքական նպաստավոր պայմաններից և դրանով իսկ ևս մի քայլ կատարել պանթուրքիստական ծրագրերի իրականացման ճանապարհին։ Այս ամենի կոնկրետ ապացույցներից է ՀՀ ավելի քան 200 քառ․ կմ․ տարածքի գրավումը, «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կառավարության ստեղծումը, ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջը։
Չենք կարող չնշել, որ այսօրվա վիճակը ստեղծվեց ՀՀ իշխանությունների 30 տարվա թույլ տված կոպտագույն սխալների, աշխարհաքաղաքական ուժերի հակամարտության, ՀՀ իշխանությունների սխալ քաղաքական կողմնորոշման և համահայկական ռազմավարության դեմ կատարած քայլերի պատճառով։ Հետևաբար, այս հանգրվանում պետք է նախ ճշգրտորեն վերլուծել իրավիճակը, մատնանշել հիմնական խոչընդոտները և ըստ դրա կազմել գործողության ճիշտ ուղեցույց։ Ամենամեծ դժվարությունն այն է, որ արցախցիների բնօրրան վերադառնալու բնական իրավունքի իրացման համար հիմնական պրոբլեմը, (որը պետք է լիներ հիմնական առավելությունը), ՀՀ իշխանությունն է, որը Արցախը կորցնելուց հետո, շարունակում են ամեն ինչ անել խոչընդոտելու արցախցիների վերադարձին և արցախյան հարցի վերածնմանը։ Աքսիոմ է, որ արցախցիների վերադարձը դուրս է նրանց քաղաքական ծրագրից։
Ուրեմն, կորցրածը վերագտնելու նպատակով պետք է գործել հիմնականում երկու ուղղությամբ՝ միջազգային հարթակում և ներքին դաշտում։
Նշենք, որ 2023թ․ սեպտեմբերի 19–ից հետո միջազգային բնագավառում ընդունված բոլոր որոշումներն Արցախի մասին ընդհանրացրել է ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը, իսկ «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնը կազմել է ընդհանրացված, ռեալ, պրոֆեսիոնալ ծրագիր և՛ արտաքին, և՛ ներքին դաշտերում կատարվելիք աշխատանքների մասին։ Ծրագիրը կոչվում է «Արցախցիների վերադարձի իրավաքաղաքական հիմնավորումները»։ Վերոնշյալ ծրագիրը ներկայացրեց 2024թ․ սեպտեմբերի 18-ին «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի կազմակերպած կոնֆերանսում «Ջենեսիս Արմենիա»-ի հիմնադիր-տնօրեն Աբրահամ Գասպարյանը։ Շեշտենք, որ արցախցիների վերադարձի հարցն արդեն միջազգային իրավունքի հարց է և հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման առանցքային պայմաններից մեկը։ Որպեսզի միջազգային հարթակում արմատավորենք արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանության խնդիրը թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ փորձագիտական մակարդակներում, Աբրահամ Գասպարյանը մատնանշեց հետևյալ հիմնադրույթները և ներկայացրեց ճանապարհային քարտեզը, այն է՝
1․ Ինքնության դիսկուրսի ակտիվացում: Արցախի ու արցախցու վերադարձի հարցը հռչակել ազգային հավաքական ինքնության բաղադրիչ՝ իր երեք շերտերով՝ ազգային, էթնիկական և քաղաքացիական,
2․ Նարատիվային ճշգրտում: Բացառել անհատական վերադարձի հնարավորությունը, ծանրակշիռ քարոզչական աշխատանք տանել բուն արցախցիների շրջանում,
3․ Գաղափարի քաղաքական ինստիտուցիոնալացում: Հավաքական վերադարձի կոնցեպտուալ հարցն ու դրա հստակ իրականացման իրավական գործիքակազմի ապահովումը դարձնել Հայաստանի ներքաղաքական գործընթացներում իշխանության համար պայքարող ուժերի ծրագրային կետերից մեկը,
4․ Աստիճանական կարգավիճակի բալանսավորված մարտավարություն: Խուսափել ծայրահեղական մոտեցումներից: Արցախի բնակչության վերադարձն ըստ կարգավիճակի մակարդակի, անվտանգության երաշխիքների աստիճանի, վերադարձողների թվաքականի և հստակ ժամկետների՝ պայմանավորված միջազգային հանրության տրամադրվածությամբ և ռեգիոնալ զարգացումներով,
5․ Քաղաքացիական հանրահռչակում: Արցախցիների վերադարձի հարցը պետք է դառնա քաղաքացիական հասարակության տեղական և միջազգային ֆորումների քննարկումների և ուսումնասիրությունների առանցքային թեմա,
6․ ՀՀ-ում Արցախի ինստիտուտների սուբյեկտայնացում: ՀՀ-ն պարտավոր է ապահովել Արցախի 3 իշխանությունների՝ Օրենսդիր, Գործադիր և Դատական ներկայացուցչական մարմինների անխափան գործունեությունը, ապահովել ֆինանսավորումը, Արցախի ԱԳՆ ներկայացուցիչներին ներգրավել ՀՀ օտարերկրյա դիվանագիտական առաքելություններում, ներկայացուցչություններում, պատվիրակությունների կազմում,
7․ Ինտեգրացիան ընդդեմ ասիմիլյացիայի: ՀՀ-ում արցախցիների բնակարանային և աշխատանքային ոչ խտրական պայմանների ապահովում,
8․ Քաղաքական պակտի հռչակում: ՀՀ, Արցախի և Սփյուռքի քաղաքական և քաղաքացիական առանցքային կառույցների, միությունների, կուսակցությունների և ազդեցիկ ուժերի կոնսենսուս՝ արցախցիների վերադարձի հարցը հռչակել համազգային քաղաքական օրակարգի գերակայություն, բացառել Արցախի և ՀՀ ինքնիշխան տարածքի կամ փախստականների փոխանակման վերաբերյալ ցանկացած ճնշում/առաջարկ, (2024թ․ մարտի 14-ի ԱՀ ԱԺ և ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ոնեմ» խմբակցությունների հայտարարության ընդլայնում, 1992 թ. հուլիսի 8-ի՝ ՀՀ Գերագույն խորհրդի հայտնի որոշման վերահաստատում),
9․ Փաստացի միջպետական պայմանագրերի ապահովում: Պետք է փորձել բանակցել ցանկացած ուժի հետ, ով պատրաստ է ապահովել անվտանգային երաշխավորմամբ՝ վերադարձի մեխանիզմների հստակեցումը և իրականացումը։
10․ Արցախի նյութական և ոչ նյութական ժառանգության գույքագրում:
Ամփոփենք, իրատեսական է արցախցիների վերադարձը հայրենի բնօրրան, եթե ցուցաբերենք բավարար կամք, իրատեսություն և պրոֆեսիոնալիզմ։