Ի՞նչ կլիներ, եթե չկնքվեր Բաթումի պայմանագիրը

Մաս  հինգերորդ

Բաթումի պայմանագիրը կնքվեց ծայրահեղ ծանր իրավիճակում, հետևաբար այն, իրոք, ծայրահեղ նվաստացուցիչ էր Հայաստանի համար, բայց նաև շեշտենք, որ այն  միջազգային ճանաչման առաջին փաստաթուղթն էր   նորաստեղծ պետության համար և պետականության ստեղծման հենակետը։

Հայաստանը  զիջեց Ցարական Ռուսաստանի կազմում գտնվող  28 հազ․ քառ․ կմ  տարածք, բայց դե յուրե ձեռք բերեց ավելի քան 11 հազ․ քառ․ կմ տարածք, որը ոչ միայն տարածք էր, այլև 600 տարվա  մաքառումից  հետո վերածնված պետականություն։ 

Պայմանագրով ձևավորվեց ՀՀ առաջին իրավական սահմանի մի մասի հատված, որը հնարավորություն տվեց կարճ ժամանակում  ընդլայնել սահմանները։ Պայմանագրով Հայաստանը ստացավ ժամանակ` վերակազմակերպվելու համար։ Այն եղավ անկախության իրավական վավերացումը և ՀՀ՝  որպես միջազգային իրավունքի սուբյեկտի  ձևավորման հիմքը։ 

Բաթումի հաշտության պայմանագիրը  երկար չգոյատևեց Առաջին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայի և նրա դաշնակիցների վերջնական պարտության պատճառով: Պայմանագրի դրույթները կորցրին իրական ուժը, իսկ իրավաբանորեն դրանք հաստատված չէին ոչ Թուրքիայի և ոչ էլ Հայաստանի օրենսդիր մարմինների կողմից։ Հայաստանի Հանրապետության,   փաստացի   Բաթումի դաշնագրի ներքո լինելը տևեց ընդամենը մոտ վեց ամիս,  բայց դրա գոյությունը փոխեց պատմության ընթացքը։ Այդ ընթացքում ՀՀ-ին հաջողվեց ստեղծել պետական մարմիններ և ձևավորվել որպես պետություն։

1918 թ. հոկտեմբերի 30-ին կնքվեց Մուդրոսի զինադադարը, որի 11-րդ հոդվածի համաձայն թուրքական զորքերը մինչև դեկտեմբերի սկիզբ պետք է հեռանային Անդրկովկասից։  ՀՀ-ն արդեն ճանաչված ու  ազատ էր վարելու իր արտաքին քաղաքականությունը և թոթափել Բաթումի հաշտության պայմանագրի պարտավորությունները։      

 Բաթումի պայմանագիրը, մեր կարծիքով, յուրօրինակ հենակետ դարձավ ոչ միայն անկախ Հայաստան ունենալու համար, այլև դարձավ հիմք Հայաստանի սահմաններն ընդարձակելու համար։ Եվ, իրոք, 1919թ. ապրիլի վերջին ազատագրվեց Արևելյան Հայաստանի  գրեթե ամբողջ տարածքը:

Բաթումի պայմանագրիրը չունեցավ  երկար կյանք: Նույնիսկ թուրքական պատմագրության մեջ կան տեսակետներ (առանձնապես ազգայնամոլ ուղղության պատմաբանների),  որ այդ փաստը համարում են հայերի դիվանագիտական հաղթանակը, որովհետև Բաթումի պայմանագիրը հնարավորություն տվեց ստեղծելու անկախ Հայաստան, որն այսօր սեպի նման խրված է Պան Թյուրքիզմի գաղափարախոսության իրականացման ճանապարհին։ (Հետաքրքիր է՝ բա էլ ինչու՞ են ոռնոց բարձրացնում մի շարք, հիմնականում  քաղաքագետներ՝ խորհրդային ժամանակներից առայսօր)։

Պայմանագրի դեմ հանդես եկողները մեր պետականության ստեղծման նշանակությանը քամահրանքով վերաբերվող,  քաղաքական պատվերներ կատարող և ինքնադրսևորման խնդիր  ունեցող  մարդիկ են, որոնք քննադատելով Բաթումի պայմանագիրը, միաժամանակ  ոչ մի առոջարկություն չեն ներկայացնում, թե ինչ կարելի էր անել տվյալ իրավիճակում։  

Պատմական ու դիվանագիտական առումով  Բաթումի  պայմանագիրը  մնաց որպես Հայաստանի անկախության առաջին միջազգային վավերացումներից մեկը, որով Հայաստանը դե յուրե իրավունք ստացավ հանդես գալ միջազգային ասպարեզում՝  առաջ քաշելով և պաշտպանելով Հայոց հարցը։

Պայմանագրով հիմք դրվեց Հայաստանի միջազգային ճանաչմանը, և   հայկական հարցը միջազգային ասպարեզում սկսեց ներկայացնել  Հայաստանի պետությունը։ Պայմանագիրը հնարավորություն ստեղծեց՝  միջազգային ասպարեզում հանդես գալու որպես իրավական կողմ։

Բաթումի պայմանագրի բովանդակությունը  դաժան էր, և այն կնքվեց, երբ Հայաստանը կանգնած էր երկընտրանքի առաջ՝  կամ ամբողջական ոչնչացում, կամ  նեղ տարածքում ինքնուրույնության գոյության իրավունքի  ճանաչում: Բայց նույնիսկ այդ պայմաններում  այն  դարձավ պետականության պահպանման և զարգացման գինը, դիվանագիտական հաղթանակ, և դա  ապացուցեցին հետագա իրադարձությունները։

Բաթումի պայմանագրով Հայաստանը ստացավ  Արցախի Հանրապետության չափ տարածք։  Այսօր կորցնելով   նույնչափ  տարածք` Արցախը, կորցնողները քննադատում են նրանց, ովքեր  1918թ․  այդպիսի  ծանր պայմաններում ձեռք են բերել այդքան տերիտորիա՝ դրոշմած անկախության կնիքով ,  պետականություն, որը  բոլոր  ազգերի  երազանքն է: Չմոռանանք նշել, որ  երկու հազար տարվա պայքարից հետո  1948թ․ Իսրայելը ստացավ անկախություն՝  արտաքին ուժերի և գերտերությունների պաշտպանությամբ,  և նրա  տերիտորիան կազմում էր ավելի քան 14.000 քառ․ կմ․՝ քիչ ավելի, քան Բաթումի պայմանագրով նախատեսված էր Հայաստանի համար։  Առայսօր  չկա որևէ  իսրայելցի , որ  քննադատի իր երկրի անկախության դաշնագիրը՝ տերիտորիայի փոքր լինելու պատճառով, բացի գովերգելուց։ 

Պայմանագիրը պետք է դիտարկել ոչ միայն որպես պատմական փաստաթուղթ, այլ նաև որպես քաղաքական մտածողության դաս, անելանելի իրավիճակներում։ Այն  ռազմավարական հաղթանակ էր տակտիկական զիջումներով` ազգի գոյության համար. ժամանակավոր զիջում՝  որպես ապագա հաղթանակների նախադրյալ։

 Բաթումի պայմանագիրը  դիվանագիտական իրատեսական քաղաքականության յուրովի հուշակոթող է և իրատեսության հաղթանակ  ռոմանտիզմի նկատմամբ։ Այսօր,  երբ  խոսում  ենք մեր պետականության, տարածքների մասին,  պետք է հիշել որտեղից ենք սկսել։ Արյամբ ձեռք բերած հողը հնարավոր է պահել քաղաքական իմաստությամբ։ Դա Բաթումի պայմանագրի ամենամեծ դասերից է։

Ստանալով անկախություն՝  հնարավորություն ունեցանք  առաջին քայլերն անել  ռազմական կայացած ուժի ստեղծման համար։ Հնարավորություն ստեղծվեց  սկսել   ենթակառուցվածքների վերականգնումը։  Ձևավորվելով որպես անկած պետություն, հնարավորություն ունեցանք կանգնել 1918թ․ սկսած արցախյան շարժման թիկունքին՝ մայր Հայաստնի կազմում մնալու համար։

 Ի՞նչ կլիներ,   եթե  Բաթումի պայմանագիրը չլիներ։  Մեր կարծիքով՝

Կլիներ Թուրքիայի ռազմական առաջխաղացման շարունակություն։ Պայմանագիրը փաստացի կանգնեցրեց օսմանյան բանակի առաջխաղացումը Արևելյան Հայաստան։ Չնայած մայիսյան հաղթանակների,  քանի որ բացակայում Էին  ռազմական ռեսուրսները  երկարատև պատերազմի համար,  թուրքերին կհաջողվեր  գրավել   Երևանը և մնացած տարածքները։ Դա կարող էր հանգեցնել՝

ա․  Հայաստանի ֆիզիկական ոչնչացման՝ որպես անկախ պետություն,

բ․ հայ բնակչության նոր կոտորածների և էթնիկ ջարդերի,

գ. հայկական պետականության ամբողջական կորստի  առնվազն երկարաժամկետ հեռանկարում,

դ. ապագայում հայ դիվանագիտությունը կարող էր հայտնվել դժվար իրավիճակում ՝ առանց նախնական ճանաչման և  կլիներ դիվանագիտական վակուում,

ե. հայկական հարցի լիակատար մարգինալացման  միջազգային ասպարեզում,

զ. Փարիզի խաղաղության համաժողովում հայկական պատվիրակության՝  որպես  ոչ անկախ պետության ներկայացուչիչների ելույթները,  մեղմ ասած, առավել դժվարություն կունենային միջազգային լսարանին համոզելու համար. որպես փաստաթուղթ այն ստեղծեց  դիվանագիտական  իրավահենք։

Է. քանի որ նմանատիպ պայմանագրեր Թուրքիան կնքեց Անդրկովկասյան բոլոր նորանկախացած պետությունների հետ, Հայաստանի դուրս մնալը բանակցություններից կնշանակեր Հայաստանի բաժանում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև և վրաց- ադրբեջանական հնարավոր հարձարկում Թուրքիայի հետ միասին,

ը.  չհամաձայնվելով պայմանագրին՝  հայերը կարող էին դիմել դիմադրության՝ աշխարհազորային կամ պարտիզանական եղանակով, սակայն թուրքական ուժերի գերակշռությամբ դա հազիվ թե արդյունավետ և հեռանկարային լիներ,

Իրավամբ, պայմանագիրը,  այո,  մեր պատմության  ծանր, բայց հպարտացնող  էջերից է, որը կնքվեց քաղաքական անորոշության, ռազմավարական մեկուսացման և հյուծվածության պայմաններում։ 

Պայմանգիրը մեզ հիշեցնում է, որ պետականությունը բացարձակ արժեք է և նրա դեմ կարող են դուրս գալ  միայն արժեք չունեցողներն ու  ապազգային  տարրերը։ 1918թ․ Հայաստանը դիմակայում էր ոչ միայն արտաքին սպառնալիքներին, այլ նաև ներքին քայքայման վտանգին։ Բաթումի պայմանագիրը միակ հնարավոր քայլն էր հաջորդ հաղթանակների համար՝ տարածք ավելացնելու,  ժողովրդին ու գաղթականներին երկրում պահելու և մեր ապրելու իրավունքը հավերժության համար ապահովելու համար։  

 

Կարդացեք նաև