Իրանը և Իսրայելը՝ լուռ մղվող համառ պատերազմում

Մաս առաջին        

 Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը շատ հետաքրքիր է, այդտեղ առաջնային են ոչ թե անձերը, այլ կառավարման մեխանիզմները, երբ ցանկացած իրավիճակում (օր․ անձերին ոչնչացնում են, կամ չեզոքացնում երկրի թշնամիները) անձերը փոխարինվում են, և   նորերն են  զբաղեցնում՝ պրոֆեսիոնալիզմով, գիտելիքով ու վճռականությամբ ոչ պակաս՝ քան նախորդները: Ի տարբերություն անձակենտրոն համակարգերի, Իրանում քաղաքական և մնացած սոցիալական բոլոր համակարգերն ունեն անձերին արժանի փոխարինողներ։ Այսպես,  Իրանի միջուկային ծրագրի վրա աշխատում է մոտ մի  տասնյակին հասնող  հազարավոր մարդիկ, և հնարավոր չէ բոլորին չեզոքացնել կամ ոչնչացնել, քանի որ  այդ ծրագիրը  շենք ու շինություն չէ, մի քանի հարյուր մետր գետնի տակ կառուցված, այլ այդ այն  գտնվում է գիտնականների ուղեղում։ Կամ,  եթե նույնիսկ  Իսրայելին հաջողվի վերացնել  Այաթոլլահ Խամենեիին, ապա   80 կրոնագետից բաղկացած Հոգևոր խորհուրդն իր միջից կընտրի ցանկացածին և համակարգը  դարձյալ չի խաթարվի: Այո, Իրանի քաղաքական համակարգը կենտրոնաձիգ է,  ինֆորմացիոն քաղաքականությունն ու գործելաոճը՝ միասնական,  և դա է պատճառը, որ համակարգը կարողանում է դիմադրել և զարգանալ: Ընդհանրացնելով կարող ենք ասել․  Իրանի ուժը նրա համակարգային կառուցվածքն  է, նրա համար  մեկ կամ երկու պրոքսի ուժերի զոհաբերումը խնդիր չէ, որովհետև եղել է կայսրություն և գիտե ինչպես, ե՞րբ, ու՞մ և ի՞նչ պայմաններում զոհաբերի՝ հանուն սեփական տարածքային ամբողջության, ինքնիշխանության և անկախության պահպանման:

Իսրայելի հետախուզական ու անվտանգային մարմինները պրոֆեսիոնալ են պետության ստեղծման օրվանից։ Նրանք ամենամեծ ուշադրությունը դարձնում են  թշնամական երկրներում լրտեսական ամուր ցանցերի ստեղծման և իրենց անհրաժեշտ ինֆորմացիան  ձեռք բերելու վրա:  Արաբա–իսրայելական հակամարտության ամբողջ հարյուրամյակում, հատկապես վերջին 70 տարում, Մոսադը, Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությունը, շարքից հանել է պաղեստինցի, եգիպտոսցի, սիրիացի, լիբանանցի, հորդանանցի, թունիսցի ու իրանցի հարյուրավոր ականավոր գործիչների՝ քաղաքականության, տնտեսության, անվտանգության, հետախուզության և գիտության բնագավառներում: Մոսադի իրականացրած մահափորձերն ու լատենտ գործողությունները հաճախ չեն հաստատվում պաշտոնապես, սակայն պատմության մեջ կան հայտնի դեպքեր, որոնց ձեռագիրը վերագրվում է հենց Մոսադին: Մեջբերենք մի քանի աղմկահարույց դեպքեր:

  1. Իրան։ Մոհսեն Ֆահրիզադե. Իրանի միջուկային ծրագրի գլխավոր գիտնականը, որին Իսրայելը հեռակառավարվող զենքով ոչնչացրեց 2020 թ․-ին: Ընդհանրապես՝ 2010-2012 թթ. Իրանի միջուկային ծրագրի այլ հայտնի գիտնականներ՝ Մասուդ Ալի Մոհամմադին, Մաջիդ Շահրիարին, Դարյուշ Ռեզաինեժադը, Մոստաֆա Ահմադի Ռոշան՝ սպանվեցին մագնիսական ռումբերով, մոտոցիկլետներով իրականացված պայթեցումներով կամ զինված հարձակումներով։

 

2․ Արաբական երկրներ։ Հասան Սալամե. Նա պաղեստինյան «Սև Սեպտեմբեր» խմբավորման առաջնորդն էր, որը 70-ականների սկզբին հակաիսրայելական բազմաթիվ գործողություններ էր իրականացրել՝ օդանավի առևանգումից մինչև հայտնի մոսադականների սպանություն։ Իսրայելը նրան ոչնչացրեց 1979-ին Բեյրութում՝ պայթեցնելով  ավտոմեքենան: Մեկ այլ օրինակ՝ Աբու Յուսեֆ ալ-Նաջյարը, որը 1972-ին Մյունխենում օլիմպիադայի ժամանակ իսրայելցի մարզիկների սպանության պատասխանատու խմբի անդամն էր, Մոսադը նրան նույնպես սպանեց: Դեռ չենք  խոսում Հըզբոլլահի հայտնի ռազմական առաջնորդ՝ Իմադ Մուղնիյայի մասին, որին Մոսադը ոչնչացրեց հենց Դամասկոսում 2008-ին՝ դարձյալ ավտոմեքենայի պայթեցմամբ: Դուբայում և Թեհրանում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման  Յասեր Արաֆաթի ՖԱԹՀ շարժման առաջնորդներից ավելի քան 50-ը սպանվել են տարբեր տարիների և տեխնոլոգիական միջամտությամբ: Այսուհանդերձ՝ իսրայելական հետախուզական ծառայությունների անխոցելի և գերարդիական լինելու մասին առասպելները, մեղմ ասած՝ միֆականացված են: Չմոռանանք՝ աշխարհը նույնպես զարգանում է և այսօր բոլոր պետություններն ունեն հակառակորդին գերազանցելու բոլոր հնարավորությունները։  Ասինքն, իսրայելական հետախուզական ցանցերն անխոցելի չեն և  բազմիցս են խոցվել՝ լրջորեն հանգեցնելով գործակալների բացահայտումների, նույնիսկ դիվանագիտական ճգնաժամերի։ Նորից դիմենք   փաստերի․

  1. Լիլեհամերի սկանդալ (Նորվեգիա, 1973)։ Մոսադի գործակալները սպանեցին մարոկկացի մի մատուցողի՝ սխալմամբ մտածելով, թե նա Մյունխենի ահաբեկության կազմակերպիչ  Ալի Հասան Սալամեն է։ Արդյունքն եղավ այն, որ Նորվեդիան ձերբակալեց Մոսադի մի քանի գործակալի և դատապարտեց նրանց։ Միջադեպը բացասաբար անդրադարձավ Նորվեգիա-Իսրայել դիվանագիտական հարաբերությունների վրա և Մոսադի սպանությունների ծրագիրը միառժամանակ կասեցվեց։
  2. Դուբայի սկանդալ (2010)։ Այս անգամ սկանդալի թիրախը  ՀԱՄԱՍ-ի ղեկավար Մոհամմադ ալ-Մաբհուհն էր։ Մոսադի մոտ 26 գործակալ Դուբայում իրականացրին մահափորձ, սակայն, Դուբայի ոստիկանությունը հրապարակեց վիզուալ տեսագրություններ, կեղծ անձնագրեր (ավստրալական, բրիտանական, ֆրանսիական) և բացահայտվեցին գործակալների անուննե։ Ադյունքն այն էր, որ դիվանագիտական ճգնաժամ  առաջացավ Ավստրալիայի, Բրիտանիայի ու Իսրայելի միջև։ Դարձյալ Մոսադի գործողությունները ժամանակավորապես սառեցվեցին։
  3. Իրանում բացահայտումներ ու ձերբակալություններ (2010–2022)։ Իրանը պարբերաբար հայտարարել է, որ բացահայտել է «Մոսադի ցանցեր» իր տարածքում։ Դրան հետևեց 2022թ-ին ավելի քան 10 «Մոսադի գործակալ»–ների ձերբակալումը, «սաբոտաժի և ահաբեկչության ծրագրերով», իսկ Թեհրանում և այլ քաղաքներում պարբերաբար ձերբակալվեցին  մարդիկ, որոնցից առգրավվել են հաղորդակցման սարքեր, պայթուցիկներ։
  4. ԵՄ-ում ձախողված գործողություններ։ Գերմանիայում, Շվեյցարիայում և այլուր, Մոսադի գործողությունները ժամանակ առ ժամանակ բացահայտվել են տեղական ոստիկանությունների կողմից, իսկ Շվեյցարիայում 1998-ին երկու գործակալ ձերբակալվեցին՝ գաղտնալսման փորձի ժամանակ։

Եզրակացությունն այն է, որ  Մոսադը խոցվել է, հատկապես երբ գործել է արևմտյան ժողովրդավարական երկրներում, որտեղ հետախուզական և իրավական համակարգերը կարողացել են  բացահայտել գործողությունները։ Ի տարբերություն այլ գործակալությունների, Մոսադը գործում է բարձր ռիսկով, սակայն շատ արագ հետագայում հարմարվել է և վերակազմակերպել իր ցանցերը։ Կարելի է շեշտել նաև, որ  Թեհրանն իր հերթին որոշ չափով կարողացել է ներթափանցել կամ թիրախավորել Իսրայելի հատուկ ծառայությունները, սակայն ըստ հայտնի տվյալների այդ ներթափանցումները սահմանափակ են եղել։

Միաժամանակ չենք կարող չանդրադառնալ հետևյալ փաստերին։

  1. Հեզբոլլայի հակահետախուզական հաջողություններ (2000–2010)։ Լիբանանում Իրանի աջակցությամբ գործող Հըզբոլլահը 2000-ականներին սկսեց մեթոդաբար որսալ իսրայելական գործակալներին, որի հետևանքով բացահայտվել են մի քանի լիբանանցի, ովքեր աշխատել են Մոսադի հետ։ Հըզբոլլահը կարողացավ օգտագործել հաղորդակցության տեխնոլոգիաներ՝ Իսրայելի գործակալների նույնականացման համար։
  2. Հակահետախուզական աշխատանք Իրանում՝  Մոսադի ցանցերի բացահայտման գործում։ 2022-ին Իրանի պետականլրատվամիջոցները հրապարակեցին նյութեր, որտեղ ցուցադրվում էին Մոսադի գործակալների խոսակցություններ՝ «լրտեսության նպատակով»։
  3. Հաքերային պատերազմ-Կիբեր ներթափանցման փորձեր։ Իրանական խմբեր, օրինակ՝ APT35 (Charming Kitten), Black Shadow, պարբերաբար փորձել են թիրախավորել իսրայելական ռազմական, կառավարության և հետախուզության կից ենթակառուցվածքները։ Այսպես, 2020-ին և 2021-ին Իսրայելի մի քանի ընկերություններ ենթարկվեցին հաքերային հարձակումների, որտեղ տեղի ունեցավ պայմանական տվյալների արտահոսք (օրինակ՝ ապահովագրական համակարգերից՝ էլ. հասցեներ, անձնական ինֆորմացիա)։ Իսրայելի կիբերպաշտպանը՝ ՇԱԲԱՔ-ի աջակցությամբ, կանխվեց մի քանի խոշոր ներթափանցում։
  4. Հոգեբանական պատերազմ կեղծ տեղեկատվություն և հրապարակումներ։

Իրանը նաև ակտիվորեն օգտագործում է մեդիան և սոցցանցերը՝ փարատելու այն միտքը, թե Մոսադն անխոցելի է, կամ Իրանը՝ ներթափանցել է իսրայելական կառույցներ։ Այդ նպատակով իրանական քարոզչությունը երբեմն փորձում է հրապարակել Մոսադի նախկին գործակալների տվյալներ կամ ձայնագրություններ։

Ընդհանրացնենք։ Իրանի հաջողություններից է  Մոսադի ներսում մասնակի ներթափանցումներ, հակահետախուզական  բացահայտումներ Իրանում և Լիբանանում, Կիբեր ներթափանցումներ, նաև հաջողություններ մեդիայում և քարոզչության մեջ։  

Կարդացեք նաև