Կովկասի Սև կարապը. Արցախի Հանրապետության բացակայության հետևանքները ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում
25.11
2024
2020 թ․-ի 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց նոյեմբերի 9-ի համաձայնագրով, ծանր կորուստների առջև կանգնեցրեց Հայաստանի Հանրապետությանը։ Դրա հետևանքով Հայաստանը հաջորդող ամիսներին ենթարկվեց պարբերական ռազմական ագրեսիաների Ադրբեջանի կողմից, իսկ 3 տարի անց Արցախն ամբողջությամբ զավթվեց Ադրբեջանի կողմից, իսկ տեղի բնիկ ժողովուրդը՝ հայությունը էթնիկ զտման և բռնագաղթի ենթարկվեց։ Այսպիսով, կարծես թե բավարարվեցին բոլոր կողմերի՝ տարիներ շարունակ հնչած պահանջները․ բավարարվեցին արյունալի սուր առճակատման արդյունքում` ի հաշիվ հայկական կողմի։
Վերջին 3 տարիների ընթացքում բոլոր կողմերը խոսում են խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին, շարունակելով ավելացնել քաղաքական ճնշումները ՀՀ-ի նկատմամբ, իսկ ՀՀ ներկայիս իշխող ուժը հանդիսանում է Հայաստանում այս ճնշումների ռեալիզացման հանձնառություն ստացած վարչակարգ։ Սակայն հակամարտությունն ավելի է ընդլայնվում և նույնիսկ հարավկովկասյան տարածաշրջանից դուրս գալու միտումներ է արձանագրում։ Ի՞նչ միտումներ են դրանք, և ի՞նչ է Արցախը` դժգույն ու դժբախտ Սև այգի՞, թե՞ աշխարհաքաղաքական Սև կարապ։ Այս և հաջորդող հոդվածներում կքննարկենք, թե ինչ նոր գործընթացներ են սկսվում առանց հայկական Արցախի մնացած մեր տարածաշրջանում, և ի՞նչ աշխարհաքաղաքական տեղաշարժերի մասին է գուժում Արցախի բացակայությունը Հայաստանին, տարածաշրջանային ակտորներին և գերտերություններին։
Մաս 1. Անվտանգության երաշխավորը և պահանջատերը․ Առանց Արցախ մնացած Հայաստանի հեռանկարը․
Արցախը ՀՀ աշխարհաքաղաքական առանցքում։ Այժմ շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է Արցախը Հայաստանի պետականության աշխարհաքաղաքական առանցքում։ Հետաքրքրական է, որ նախորդ երեք տասնամյակների ընթացքում որոշ նշանավոր հայ քաղաքական և ռազմական գործիչներ զգուշացրել են Արցախի կորստի դեպքում Հայաստանի մռայլ ճակատագրի մասին։
Ցավալիորեն Արցախի կորստի վտանգը պետական մակարդակով չքարոզվեց հայ հանրությանը։ 3-րդ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դարերի և տասնամյակների վաղեմության այս հիմնահարցը խեղաթյուրեց, տեղավորելով այն «պատերազմ, թե խաղաղություն» կեղծ երկընտրանքի մեջ։ Արցախը վերջինիս քաղաքական կարիերայի վրա ունեցել էր ճակատագրական ազդեցություն, որի պատճառով նա կորցրել էր իր իշխանությունը և, քանի որ վերջինս չուներ պետականության զարգացման հետագա երկարաժամկետ տեսլական, նրան այլ բան չէր մնում, քան այդ ժամանակ իշխող վարչակարգի դիրքորոշմանը, այն է` բանակցությունների միջոցով ժամանակ ձգելու և ռազմական ճանապարհով Արցախյան հարցի լուծման բացառման ուղուն հակադրվելու քաղաքական դիրքավորումը։ Իսկ իրեն հաջորդող ղեկավարների ադմինիստրացիաները ևս չկարողացան կամ գուցե չցանկացան հայ հանրությանը տալ Հայաստանի Հանրապետության գալիք տասնամյակների ռազմավարական ծրագիր, որտեղ անշուշտ առաջնային դեր պիտի ունենար Մռավի լեռներից միջև Արաքսի ափ ձգվող Արցախի Հանրապետությունը, որի աշխարհաքաղաքական նշանակությունը հայ-իրանական երկար և ապահով պետական սահմանն էր, որտեղ չէր կարող հայտնվել ոչ մի այլ օտարերկրյա բանակ: Այդ սահմանը գրեթե անհնար էր դարձնում թուրանական առանցքի ձևավորումը՝ ապահովելով հայությանը գոյաբանական սպառնալիքներից և հնարավորություններ ստեղծում ընդարձակելու սահմանները դեպի արևմուտք՝ Նախիջևան, որն Արցախի և Սյունիքի հետ միասին կազմում է Հայաստանի հարավային առանցքը: Այն նաև կարևոր էր Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններում, քանի որ կասեցնում էր նույն թուրանական առանցքի ընդլայնումը դեպի Հյուսիսային Կովկաս և Հայաստանի ռազմավարական դիրքը դարձնում էր արժեքավոր ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդարձակվելու և տարածաշրջանում վերջինիս ոստիկան հանդիսացող Թուրքիայի ազդեցության աճի զսպման համատեքստում։
ՀՀ տարբեր ժամանակների քաղաքական վերնախավերը չունեցան պատկերացում առ այն, թե ինչ ճակատագիր ու կարգավիճակ պիտի ունենա Արցախը, արդյո՞ք պիտի ունենա տարածքային ընդարձակում, թե՞ ոչ, պիտի լինի անկախ պետությու՞ն, թե՞ պիտի միանա Հայաստանին։ Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք Արցախի հետ միասին անցյալ դարում մեր պատմական հայրենիքի օկուպացված տարածքները պետք է ընդգրկել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում, և ե՞րբ ու ի՞նչ միջոցներով Արևելյան Հայաստանի մնացած և Արևմտյան Հայաստանի հարցերը պիտի դառնային օրակարգային։ Այս հարցերի պատասխանները չկային ոչ քաղաքական, ոչ հասարակական դաշտում և ցավալիորեն չկան նաև այսօր։
Հայաստան․ վտանգված պետականություն։ Հայկական քաղաքական վերնախավը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խուսափում էր որևէ տարածքային պահանջ ներկայացնելու հարցից։ Որքան էլ ընդունելի լինեն մեր քաղաքական վերնախավի քաղաքականության պատճառները, այդուամենայնիվ ներկայիս վիճակը ցույց է տալիս, որ միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան գործելը չպաշտպանեց Արցախը, և հետագայում էլ այդպիսի քաղաքականությունը չի պաշտպանելու Հայաստանը։
Հայությանը նախորդ երեք տասնամյակների ընթացքում նույնիսկ պատկերացում չի տրվել գոյաբանական վտանգի մասին: Այնինչ Արցախի կորուստն իրականում հենց գոյաբանական սպառնալիքների դուռը բացեց: Այժմ Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց հայտարարում են Սյունիքի մարզով միմյանց միանալու մասին: Արցախի ամբողջական հայաթափումից հետո ներկայիս վարչակարգից պահանջում են հերթական զիջումը՝ միջանցք Սյունիքի տարածքով: Սակայն դրանով ամեն ինչ չի ավարտվում: Ադրբեջանի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանը հռչակել է Արևմտյան Ադրբեջան և ներկայիս վարչակարգին պարտադրում է բնակեցնել ադրբեջանցիներին ՀՀ-ում: Սա պատահական չէ, և նպատակները հեռահար են ու անթաքույց: Սա թուրքական քաղաքականության կրկնօրինակումն է, որն իրականացվեց Կիպրոսում 1974թ.-ի: Հեռահար նպատակը լինելու է էթնիկական հակամարտության սրումն ու սադրանքների պատրաստումը ՀՀ տարածքում, երբ «կեղեքվող ադրբեջանցիներին» պաշտպանելու նպատակով ՀՀ ներխուժելն ու Հայաստանի տարածքների հետագա օկուպացիան կարդարացվի: Հենց այս ճանապարհով է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է ավարտին հասցնել թուրանական աշխարհի միավորումը:
Դեռ Խորհրդային Միության փլուզման տարիներին քարոզվում էր, որ պանթուրքիզմն ու օսմանիզմն անցյալում են և այլևս արդիական չեն։ Իսկ այժմ արդեն պետական մակարդակով և դիտավորությամբ է ժխտվում նեոօսմանիզմն ու ներկայիս Թուրքիայի կողմից Թուրան կառուցելու հեռահար նպատակները՝ խաղաղության, հաշտության և բարիդրացիության քարոզների տակ։
Սրան զուգահեռ ընթանում է մեկ այլ գործընթաց․ ՀՀ-ում և ընդհանուր հայության մեջ ներազգային ռասիզմի անհամեմատ բարձր մակարդակ, որն արտահայտվում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ պետական մակարդակով ատելության քարոզի, քաղաքացիական և քաղաքական իրավունքների սահմանափակման միջոցով, ինչը ոչ միայն ակնհայտ հոգեբանական բռնության դրսևորում է, այլև սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը և հղի է ՀՀ ներսում հանրային համերաշխության տոտալ քայքայման հետևանքներով, քանի որ մոտ ապագայում Ադրբեջանի հերթական օկուպացիային ենթարկվելիք մարզի բնակչությանը ևս սպասում է նմանատիպ թիրախավորում, ատելության քարոզ և ճնշումներ պետական մակարդակով, որի նպատակը ներկայիս վարչակարգի համար լինելու է հերթական անգամ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված ՀՀ տարածքային ամբողջականության, հայ բնակչության պաշտպանությունից խուսափելը և դրա հաշվին սեփական իշխանության երկարակեցության ապահովումը։
Փաստորեն ՀՀ ներկայիս վարչակարգի այս որակի քաղաքականությունը ոչ այլ ինչ է քան թշնամու քաղաքականությանը հանցակցություն՝ ավարտին հասցնելու նոր շրջանի հայոց ցեղասպանությունը և վերջնականապես միավորելու թուրանական աշխարհը։
Այս քաղաքականությունն իր ծիլերն ունեցել է նաև ՀՀ նորանկախ շրջանում՝ 90-ական թվականներին, սակայն Արցախյան ազատամարտում հայության հաղթանակը, իսկ 96-98 թվականներին ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը կանխեցին այս քաղաքականության ավերիչ դրսևորումները։ Ցավոք այսօր էլ մենք կանգնած ենք նույն մարտահրավերի առջև, սակայն այս անգամ պարտված պետությամբ և պառակտված ու բարոյալքված հասարակությամբ։
Արցախի հարցի հեռանկարը և լուծման ուղիները։ Ամփոփելով թեման նշենք, որ այսօր, չնայած Արցախի ամբողջական օկուպացիային, հարցը դեռևս փակված չէ, ավելին այն «լուծումը», որը հարցին տրվեց սև կարապների տեսության համաձայն, կարող է հանգեցնել անվերահսկելի հետևանքների` բոլոր կողմերի համար։ Այդ մասին կխոսենք նաև հաջորդ հոդվածում:
Հայկական կողմի համար հետագա սպառնալիքների կասեցման միակ լուծումը Արցախի օրակարգը վերաբացելն է, այժմ արդեն այլ, նոր լուծումներով։ Իսկ Արցախի հիմնահարցը փակելը միայն ավելի մեծ անվտանգային սպառնալիքներ է ստեղծելու ՀՀ հետագա գոյության համար։ Այս առումով դիպուկ է ասված արևելագետ Տիգրան Հայրապետյանի՝ 1992թ․-ին հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն երկընտրանքի մասին, կամ ու՞մ ջաղացին է ջուր լցնում ծայրահեղ պացիֆիզմը» հոդվածում։ Ցիտում ենք բառացի․
«ԼՂՀ հիմնահարցից կարելի է հրաժարվել, եթե ուզում ենք, որ պատերազմական գործողություններն ընդգրկեն ողջ Հայաստանը, ներառյալ այս անհոգ ու անգիտակից մայրաքաղաքն իր բնակչությամբ։ ԼՂՀ հերոսական ինքնապաշտպանությունը Երևանի փողոցներն ավերածություններից փրկող անվտանգության վերջին պատնեշն է։ Սա պետք է լավ գիտակցեն բոլոր նրանք, ովքեր իրենց տաքուկ խոհանոցներում առատ կշտամբանքներ են թափում համառ ղարաբաղցիների հասցեին։ Եթե մենք թույլ տանք ԼՂՀ անկումը (փառք Աստծո, որ դա միայն մեր կամքից չէ կախված), ապա պատերազմական գործողությունների ընթացքին կարելի կլինի հետևել բնակարանի պատուհանից, այլ ոչ թե պաշտոնական-լրատվական տեղեկագրերից»։
Հեռավոր 90-ականներին գրված այս կանխատեսմանը Երևանը մոտ է ավելի քան երբևէ, հետևաբար պաշտոնական Երևանի քաղաքականությունը փոխելը վերջին 4-6 տարիների ընթացքում` դարձել է գլխավոր հրամայականը։ Սակայն առաջնային է ՀՀ գալիք արտաքին քաղաքականության մշակման խնդրում հեռատես և ռազմավարական մտածողություն ունեցող քաղաքական ուժերի և վարչակարգի գոյությունը, ինչը հնարավորություն կտա հայկական կողմին շրջանցել անդառնալիության կետը և հերթական անգամ ստանակ պետականության վերակառուցման և զարգացման հնարավորություն:
Շարունակելի
Գայանե Անանյան