«Թոնիր կառուցում են այնտեղ, որտեղ ապրում են ու ապրելու են». Աղավնոյում բացվեց հացի արտադրամաս

Դեկտեմբերի 19-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում բացվեց  Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի և UMCOR բարեգործական հիմնադրամի ջանքերով կառուցված հացի արտադրամասը:

Աղավնոյում հացի արտադրամասը կապահովի 10-12 աշխատատեղ, կբարելավի գյուղի սոցիալ-տնտեսական, նաև բարոյահոգեբանական վիճակը:

Նախկինում Աղավնոյի բնակիչները հացը գնում էին մոտակա քաղաքներից, իսկ հիմա ինքնուրույն կարող են բավարարել ոչ միայն ամբողջ Աղավնոյի, այլև հարակից գյուղերի հացի պահանջարկը։

Genesis Armenia-ի հիմնադիր Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ հացի արտադրամասը հիմնադրամի միակ նախաձեռնությունը չի լինելու Աղավնյում։ «Ամեն բան անելու ենք՝ պատերազմից հետո Արիավան դարձած Աղավնոյի բնակիչներին սեփական գյուղում պահելու՝ այդպիսով Արցախի դարպասը՝ Աղավնոն փրկելու համար»,- ասաց Գասպարյանը:

Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանն էլ վստահեցնում է՝ ինչ գնով էլ լինի, Աղավնոն շենացնելու են:

«Եղել են օրեր, երբ կարծել ենք՝ մենակ ենք, բայց իսկապես մենակ չենք և չենք էլ եղել․ Genesis Armenia-ի ջանքերը Աղավնոյի համար դրա ապացույցն են։ Ազնիվ, հայրենասեր հայերի համախմբումը չի կարող արդյունք չտալ: Արցախի դարպասը՝ Աղավնոն, ամուր կլինի, եթե պայմաններ ստեղծվեն բնականոն կյանքի համար: Ես ունեմ հինգ զավակ, ի՞նչ պատասխան պիտի տամ նրանց, եթե թողնեմ տունս ու հեռանամ։ Ես գաղթելու տեղ չունեմ, մինչև վերջ պիտի կանգնած մնամ Աղավնոյում»,- ասաց գյուղապետը:

Մինչև վերջ Աղավնոյում մնալու պատրաստակամությունն ու կամքը գյուղում բոլորն ունեն․բնակիչներից մեկը, թոռնիկին գիրկն առած, ասում է՝ եթե նույնիսկ մեկ մետր հեռավորություն բաժանի մեզ ու թշնամուն, եթե նույնիսկ հանձնեն ճանապարհը, մենք մնալու ենք մեր գյուղում, մեր տունն ու՞մ թողնենք, մեզ, մեր երեխաներին Աղավնոյից դուրս տուն պետք չէ:

Աղավնո այցելած ջենեսիսականներից յուրաքանչյուրը մեկ պտղատու ծառ տնկեց գյուղում՝ հաճախ վերադառնալու ակնկալիքով․ խոստացան այնքան հաճախ այցելել Աղավնո, որ իրենց տնկած ծառերն անձամբ ջրեն, խնամեն:

Պատերազմից հետո Արիավան վերանվանված Աղավնոյի մուտքին մի ցուցանակ էլ կավելանա՝ գյուղի թոնրատան ճանապարհը հուշող, որպեսզի Արցախ այցելող յուրաքանչյուր մարդ անպայման կանգ առնի Աղավնոյում, իր փոքր ներդրումն ունենա գյուղը շենացնելու գործում:

Կարդացեք նաև