Ի՞նչ կատարվեց 1921 մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի նախօրյակին
14.03
2025
Մաս առաջին
Մոսկվայի պայմանագրի նախօրյակին
Ռուսաստանում և Թուրքիայում տեղի ունեցած հեղափոխությունները թեև գաղափարական առումով զգալի տարբերություններ ունեին, սակայն երկու երկրների աշխարհաքաղաքական շահերի համընկնման պատճառով արմատական ազդեցություն ունեցան 1920-1921թթ․ ռազմաքաղաքական իրադարձությունների վրա։ Ընդհանրապես, անդրադառնալով 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրին, հիմնականում տարածված է թեզը, որ Մոսկվայինը Կարսի պայմանագրի հիմքն էր, սակայն անտեսվում է փաստը, որ Մոսկվայի պայմանագրի հիմքում էլ ընկած էր 1920թ. օգոստոսի 24-ին Մոսկվայում քեմալաբոլշևիկյան առաջին կոնֆերանսի արդյունքում պատրաստված բարեկամության պայմանագրի նախագիծը, որը հայ ժողովրդի դեմ ուղղված քաղաքականության հերթական դրսևորումներից էր։ Պայմանագրի նախագծում բոլշևիկյան Ռուսաստանը ոչ միայն պարտավորվում էր ֆինանսկան ու ռազմական օգնություն ցուցաբերել քեմալական Թուրքիային, այլև փաստորեն ճանաչում էր Թուրքիայի «Ազգային ուխտը», այլ խոսքով՝ այն տարածքը, որ 1918թ․ մարտի 3-ի Բրեստ- Լիտովսկի պայմանագրով հայտնվում էր Օսմանյան կայսրության վերահսկողության ներքո։ Քեմալական շարժման հիմնական նպատակը՝ Թուրքիայի ամբողջականության վերականգնումը, կյանքի պիտի կոչվեր «հայկական սեպը» վերացնելու միջոցով։ 1920թ․ հունվարի 28-ին Ստամբուլում սուլթանական (օսմանյան) խորհրդարանն ընդունեց «Ազգային ուխտ» կոչված ծրագրային փաստաթուղթը, որում արձանագրվում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ հայկական հարցի բացառման սկզբունքով։ Թուրքիայի տարածք էր հռչակվում ՀՀ-ին պատկանող Կարսի մարզը մինչև Արփաչայ (Ախուրյան), Երասխ (Արաքս) գետերը։ Հետաքրքիր էր, որ վերոհիշյալ նախագծին դեմ էր ռուսական պատվիրակության ղեկավար, Խորհրդային Ռուսաստանի Արտաքին գործերի ժողկոմ Գ. Չեչերինը՝ պահանջ դնելով, որ Մուշը, Վանը և Բիթլիսը վերադարձվի Հայաստանին։ Բանակցություններում հակասությունների պատճառով ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը չստորագրվեց, բայց քանի որ քեմալա- բոլշևիկյան հարաբերությունները նախագծվել էին Վ. Ի. Լենինի և Քեմալ Աթաթուրքի միջև, իսկ մնացած հանդիպումները ձևական բնույթ էին կրում, Գ․Չիչերինի բոլոր դիրքորոշումներն ապարդյուն անցան։ 1920թ․ դեկտեմբերի 2-ին իրավիճակը փոխվեց, երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր։ Առաջնահերթ դարձավ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, նաև մի կողմից Հայաստանի, Վրաստանի, իսկ մյուս կողմից Թուրքիայի հետ սահմանների ճշգրտումը, և բնական է, որ հայ թուրքական հարաբերությունները պետք է դրվեին նոր հիմքերի վրա։
1920թ․ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը՝ Ն․ Նարիմանովի գլխավորությամբ, նաև դեկտեմբերի 4-ին Ազգությունների ժողկոմ Ի․Վ․Ստալինը իր «Կեցցե՛ Սովետական Հայաստանը» հոդվածի մեջ, հստակ դիրքորոշում հայտնեցին, որ Նախիջևանը, Զանգեզուրը և Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն են։
Անհրաժեշտություն առաջացավ նաև առաջին հերթին չեղյալ համարել Ալեքսանդրապոլի ոչ իրավական պայմանագիրը։ Քաղաքական նոր իրավիճակում Թուրքիայի հետ հարաբերությունները հստակեցնելու, Ալեքսանդրապոլի պայմանագիրը չեղյալ հայտարարելու և սահմանները ճշտելու ուղղությամբ Խորհրդային Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները ձեռնարկեցին առաջին քայլերը։ Դեկտեմբերի 5-ին ՀՍԽՀ հեղկոմի նախագահ Ս․ Կասյանը և Բ․ Լեգրանը Պ․ Մդիվանու և Գ․ Օրջոնոգիձեի միջոցով թուրքերին տեղեկացրին Ալեքսանդրապոլի պայմանագիրը «չեղյալ հայտարարելու վերաբերյալ Խորհրդային Ռուսաստանի միջնորդության ճանաչման անհրաժեշտության» մասին։ Մի կողմից՝ Ռուսաստանի և Հայաստանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև ծավալվեց բանակցությունների լուրջ գործընթաց։ Թուրքիան հրաժարվում էր ուղիղ բանակցություններ վարել Խորհրդային Հայաստանի հետ, քանի որ պնդում էր, որ հարցը փակված է Ալեքսանդրապոլի պայմանագրով, և դրա վերանայումը «բոլորովին անհնար է»։
Վերոհիշյալ հարցերը կարգավորելու համար որոշվեց հրավիրել խորհրդա-թուրքական նոր կոնֆերանս, որին մասնակցելու համար կազմվեց պատվիրակություն՝ ՀՍԽՀ արտգործժողկոմ Ալ․ Բեկզադյանի գլխավորությամբ։ Վերջինս ստանալով Գ․ Չիչերինի հրավերը՝ մեկնեց Մոսկվա։ Այստեղ պատվիրակությունը ՌԽՖՍՀ արտգործժողկոմատ է ներկայացնում փաստաթղթերի, քարտեզների, փաստագրական և այլ նյութերի ընդգրկուն փաթեթ, որի մեջ նշվում է հայկական տարածքների՝ Կարսի, Արդահանի, Բայազետի, Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի ռազմավարական մեծ նշանակության մասին, և առաջարկում է այդ տարածքները ընդգրկել Խորհրդային Հայաստանի կազմում։
Սակայն իրադարձությունները փոխեցին դեպքերի ընթացքը։ 1921թ․-ից Քեմալ Աթաթուրքը սկսեց փոխել իր քաղաքական ռազմավարությունը՝ թեքվելով դեպի Արևմուտք։ 1921թ․ հունվարի 15-ին նա ձերբակալեց թուրք կոմունիստներին և պարանոցներից քարեր կապելով՝ նետեց ծովը։ Փաստորեն, այն Թուրքիայում, որտեղ Վ․ Ի․ Լենինին հավաստիացրել էին, որ Արևելքում տարածելու են սոցիալիզմ, ոչնչացրին թուրք կոմունիստներին։ Շատերը «ուրախացան»՝ մտածելով, որ դա ծանր կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա՝ հօգուտ հայերի, բայց սխալվեցին։ Վ․ Ի․ Լենինը, զրկվելով Թուրքիայում իր քաղաքական հենարանից, ավելի վատ վիճակում էր բանակցություններ վարում Քեմալ Աթաթուրքի հետ։ Քեմալաբոլշևիկյան երկրորդ կոնֆերանսը ընթացավ 1921թ․ փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում, որի հիմքում դրված էին ռուս-թուրքական (1920թ․ հուլիս-օգոստոս) առաջին կոնֆերանսի նյութերը։ Թուրքիան շարունակեց դեռ առաջին կոնֆերանսում Գ․ Չիչերինի կողմից բարձրացված հայկական հողերի պահանջի մերժումը։
Տեղին է հիշել, որ դեռևս 1920 թվականի դեկտեմբերի 26-ին Վ․ Լենինը ՀՍԽՀ ներկայացուցիչներ Ա․ Բեկզադյանին, Ա․ Մռավյանին և Գ․ Աթարբեկյանին ընդունելության ժամանակ, ի պատասխան «հայ ժողովրդի սարսափելի դրության» մասին նրանց հարցադրմանը, պատասծանել է․ «Մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի։ Այդպիսի ճակատագիր են բաժանել նաև Էստոնիան, Լատվիան և Լիտվան»։ Դրա փոխարեն տվյալ պահի համար Վ․ Լենինը հնարավոր էր համարում Հայաստանին օգնելը պարենով ու փողով, նաև հնարավորության սահմաններում այնքան զորք տրամադրելը, որը Անգորային կդարձներ «ավելի զիջող»։ Այնուհետև Լենինը շարունակում է․ «մենք չենք պատրաստվում Հայաստանի համար պատերազմել որևէ մեկի, հատկապես Քեմալի հետ»։ Այդպիսի պայմաններում բնական է, որ քեմալական Թուրքիան, այդ թվում Հայկական հարցը դարձրեց առևտրի առարկա Ռուսաստանի ու Անտանտի միջև։
Հետաքրքրական է, որ նշյալ կոնֆերանսի ժամանակ թուրքական կողմը գտնում էր, որ Ադրբեջանի Հեղկոմը սխալ է թույլ տվել և շտապել է՝ Նախիջևանը, Ղարաբաղը և Զանգեզուրը ճանաչել Հայաստանի անբաժանելի մաս։ Հետաքրքիր է նաև Բ․ Լեգրանի գրած նամակը Գ․ Չիչերինին, որտեղ նա խոստովանում է․ «Քանի որ մենք շահագրգռված ենք քեմալականներին օգնելու խնդրում, ուստի չենք կարող հայկական հարցը դնել սուր կերպով»։
Վերոհիշյալ ոգով ընթացան ռուս-թուրքական բանակցությունները Մոսկվայի պայմանագրից առաջ։ Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը պարզապես դրվեցին մի կողմ։
շարունակելի