Հայաստանում քաղբանտարկյալ չունենալը ազգային անվտանգության հարց է
26.11
2025
Քննարկվող խնդիրն իր վերնագրով, բովանդակությամբ, հասցեատերերով և ազդեցությամբ ինքնին խնդրահարույց է գործող իշխանության համար, ուստիև՝ բնական է, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի համար գործող վարչախումբը հարցը տեղափոխելու է մանիպուլյացիաների դաշտ, որտեղ լողում է ազատ և անկաշկանդ: Հարցի մեկնաբանության առումով կան անհավասար պայմաններ․ մի կողմից՝ հասարակության ընդվզող հատվածի, խորհրդարանական և նրանից դուրս գտնվող ընդդիմության, մյուս կողմից՝ իշխանության, նրա արբանյակների և նրանց տրամադրության տակ գտնվող քարոզչամեքենայի հնարավորությունների առումով: Ուստիև՝ մեծապես կարևորում եմ նման քննարկումների և լսումների կարևորությունը և համարում, որ մեր հանրությունն իրավունք ունի լսելու փաստարկված խոսք՝ իր իսկ հարկերով պահվող ինստիտուտի՝ ԱԺ-ի ամբիոնից, հակառակ իշխանության ստեղծած խոչընդոտներին:
Հայաստանում քաղբանտարկյալ չունենալը ազգային անվտանգության հարց է թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ արժեքային առումներով: Մտքի և խոսքի ազատության հնարավորությունը Հայաստանում չպետք է լինի տնային առաջադրանք՝ հետագայում օտարերկրյա կազմակերպություններին կամ գեոպոլիտիկ հովանավորներին ապացուցելու, որ Հայաստանն իբրև թե ժողովրդավարական պետություն է կամ ժողովրդավարական պետություն է՝ պատվերով և ըստ նպատակահարմարության: Քաղաքական բազմակարծության ապահովումը պետության գոյության հենասյուներից է, հայ ժողովրդի և պետականության պատմության կարևորագույն նվաճումներից մեկը, որ այսօր ի սպառ բացակայում է, ավելին՝ Հայաստանն այսօր մրցանիշ է սահմանել քաղաքական հայացքների համար հալածանքի ու հետապնդման ենթարկվողների վիճակագրությամբ:
Քաղբանտարկյալ եզրույթից դողէրոցքի մեջ հայտնվածներին հիշեցնեմ՝ քննարկվող հարցը չի վերաբերում մեկ խմբի, կուսակցության կամ մեկ քաղաքական շրջափուլի խնդիրներին։ Մենք քննարկում ենք այն, ինչ միջազգային կազմակերպություններն անվանում են «սահմանափակված քաղաքացիական ազատություններ» և «քաղաքական մոտիվացիաներով հարուցված գործեր»։ Իմ խոսքի հիմքում ոչ միայն փաստարկված քաղաքական շեշտադրումներ են, այլ միջազգային իրավունքի հստակ չափորոշիչներ և ՀՀ-ում արձանագրված փաստեր։ Եվ այսպես՝
Միջազգային իրավունքի չափորոշիչները
1․ ՄԱԿ-ի՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագիր (ICCPR)
Հայաստանը պարտավոր է ապահովել՝
Հավաքների ազատություն (Հոդված 21),
Արտահայտվելու ազատություն (Հոդված 19),
Քաղաքական գործունեության իրավունք (Հոդված 25),
Չկալանավորվելու կամ չարգելափակվելու կամայական ձևով (Հոդված 9)։
Կոնվենցիան նույնպես արգելում է քաղաքական հայացքի հիմքով հետապնդումը։
Եթե անձը կալանավորվում է իշխանությանը քննադատելու, բողոքի ակցիա կազմակերպելու կամ մասնակցելու համար՝ սա միջազգային իրավունքի ուղիղ խախտում է։
ԵԱՀԿ/Կոպենհագենի փաստաթուղթ (1990)
ԵԱՀԿ-ն սահմանում է, որ մասնակից պետությունները պարտավոր են՝
երաշխավորել խաղաղ հավաքների ազատ իրականացումը,
չկիրառել քրեական հետապնդում ընդդիմադիր գործունեության համար,
բացառել ընտրովի արդարադատությունը։
Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա
Հոդված 5-ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք,
Հոդված 10- արտահայտվելու ազատություն,
Հոդված 11- հավաքների և միավորումների ազատություն,
Հոդված 18- իրավունքների սահմանափակումների քաղաքական նպատակներով չարաշահման արգելք։
Եվրոպական դատարանը բազմիցս եզրակացրել է, որ երբ պետությունը իրավական գործիքներն օգտագործում է քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու համար, այն խախտում է հենց Հոդված 18-ը։ Հայաստանը, մի քանի տասնյակ պետության նման, պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները։
Միայն վերջին մի քանի տարում ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվել է՝ անհամաչափ կալանք, անհիմն երկարացված նախաքննություն, գործերի արհեստական քաշքշում, քրեական գործերի «վերակենդանացում»՝ հենց քաղաքական ակտիվության փուլերում։ Սա ինչ է, եթե ոչ «ընտրովի արդարադատություն»։ Քաղաքական նպատակներով սահմանափակումների կիրառումն ամենածանր մեղադրանքն է պետության հասցեին, իսկ եթե այդ գործելաոճը չի վերանում, ապա պետությունը կորցնում է միջազգային վստահելիությունը, վտանգում է ժողովրդավարական ինստիտուտները, ներքաղաքական կյանքում մեծացնում լարվածությունն ու հասարակական պառակտումը, իսկ Հայ եկեղեցու դեմ հայտարարված արշավանքով՝ խախտում ազգային ինքնության բաղադրիչների գործառնությունը, ավելի հստակ՝ խարխլում մեր գոյութենական համակարգերի աշխատանքը։
Հեղհեղուկ և սասանված լեգիտիմությամբ գոյատևող այս իշխանությունն օր օրի ընդլայնում է քաղաքական ռեպրեսիաների ալիքը, սահմանափակում ընդդիմադիր գործունեությունը, ճնշում հանրային քննադատությունը՝ քաղաքական դաշտն ամբողջությամբ վերահսկելու նպատակով: Սա բռնապետությանը բնորոշ գործելաոճ է և գաղափարախոսություն, որքան էլ նրանք հայտարարեն, որ չունեն գաղափարական «իզմ»-եր: Նրանցը՝ տոտալիտարիզմն է, կամ՝ մեղմացված տարբերակը՝ ավտորիտարիզմը, ինչը հանգեցնելու է մեր պետության մարգինալացման, դիրքերի վերջնական թուլացման:
Անիրատեսական է գործող վարչախմբից և նրա կցորդը հանդիսացող դատական իշխանությունից ակնկալել ռացիոնալ և պայթյունավտանգ վիճակը մեղմող քայլեր, բայց հանրային, քաղաքական և քաղաքացիական ճնշման գործիքակազմով գուցե հնարավոր լինի հասնել որոշ հաջողությունների: Դիցուք՝ քաղբանտարկյալների իրավունքները վերականգնելու համար պահանջել ստեղծել խորհրդարանական անկախ հանձնաժողով՝ բոլոր քաղաքական բնույթի գործերը վերանայելու համար։ Գործող իշխանության արձագանքը կանխատեսելի է, բայց չպետք է համակերպվել փաստին, որ Հայաստանի բանտերում պահվող, մտքի, խոսքի ու խղճի՝ աշխարհիկ ու հոգևորական բանտարկյալները դատվում են նույն հոդվածներով, ինչ Բաքվում շինծու և ապօրինի դատվող մեր տղերքը:
Քաղաքական բանտարկյալների հարցը ոչ թե ընդդիմության կամ իշխանության խնդիրն է, այլ հասարակության բարոյական նկարագրի, քաղաքական հասունության, հեռանկար ունենալ-չունենալու հարցն է, պետության արժեքային լակմուսի թուղթը։ Իշխանությունը իրավունքը դարձրել է ճնշման գործիք և սա արդեն քաղաքական ճգնաժամ է, ոչ թե իրավական գործընթաց։ Քաղբանտարկյալների իրավունքների վերականգնումը միայն անհատի ճակատագրի խնդիր չէ, այլ պետության, արդարադատության համակարգի և հանրային իշխանության հեղինակության ճգնաժամի երևույթ։ Իսկ այդ իրավունքների վերականգնումը՝ անկախ անձի քաղաքական հայացքներից, դառնում է պետության հեղինակության և ինքնիշխանության վերականգնման հիմնարար պայման։
Պետության հեղինակությունը գնահատվում է արդարադատությամբ. Պետականամետ լինելու մասին հեքիաթներ պատմող իշխանությունը պիտի հիշի՝ պետությունն արժևորվում է այնքան, որքան պաշտպանում է նույնիսկ իր ընդդիմախոսների իրավունքները։ Քաղաքական հետապնդումները բնորոշ են թույլ, անհանդուրժող, ոչ լեգիտիմ և անգործունակ իշխանությանը: Մեր երկիրը տարածաշրջանի այն քչերից է, որն ունի՝ քրիստոնեական, բարոյական, իրավական ավանդույթների շարունակականություն, հիմնված է համամարդկային քաղաքակրթական արժեքների վրա, պարտավորվել է պահպանել ժողովրդավարական ինստիտուտները։
Քաղբանտարկյալների առկայությունը խաթարում է հենց այս քաղաքակրթական մոդելը, որովհետև այն՝
ամբողջությամբ հեղինակազրկում է ինքնիշխանության կեղծ դեգերումների մեջ գտնվող վարչախմբին,
թույլ է տալիս հակառակորդներին մատնանշել Հայաստանի «անհամապատասխանությունը» իր հռչակած արժեքներին,
խաթարում է արտաքին քաղաքական դիրքավորումը՝ որպես ժողովրդավարական, արժեքային պետություն։
Հայաստանի քաղաքակրթական առաքելությունը չի կարող համատեղվել քաղաքական հետապնդումների եղկելի ավանդույթի հետ, համենայնդեպս՝ ոչ գործող իշխանության օրոք։ Դա ոչ միայն հակաարդարադատություն է, այլ նաև հակաանկախություն, ինչը չպետք է թույլ տանք թե՛ որպես հասարակություն, թե՛ որպես պետություն։


