«3+3» և ԲՐԻԿՍ. ի՞նչ հնարավորություններ ու ռիսկեր ստեղծեցին այս ձևաչափերով հանդիպումները ՀՀ-ի համար

Այս օրերին, չնայած ՀՀ ներքաղաքական լարվածությանն ու տուրբուլենտ իրականությանը, բավականին ինտրիգային ու կարևոր աշխարհաքաղաքական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք իրենց ամենաուղիղ ազդեցությունն ու հետքն են թողնելու ՀՀ հետագա դրսևորումների վրա։ Խոսքը տվյալ դեպքում Ստամբուլում տեղի ունեցած «3+3» (ՀՀ, ՌԴ, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին է, Վրաստանը հրաժարվեց մասնակցել) ձևաչափով տեղի ուենցած հանդիպման և Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի (մասնակցում էին աշխարհի 32 երկրների ղեկարվարներ) մասին է։ Երկու շատ կարևոր իրադարձություն, որն անմիջականորեն կապված է նաև ՀՀ առաջիկա ճակատագրի հետ։
Նախ «3+3»-ի մասին մի քանի կարևոր և առանցքային դիտարկումներ, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ է այն իրենից ներկայացնում և ինչ շանսեր ու հնարավորություններ է ընձեռում ՀՀ-ին։ Այս ձևաչափը, որը ստեղծվել էր 2020-ին, հիմնականում հարավկովկասյան տարածաշրջանում ուժային բևեռների և դիրքերի դիվերսիֆիկացիա անելու հարթակ է, իսկ հիմնական նպատակը Արևմտյան գործոնի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելը․ եթե կարճ՝ Հարավային Կովկասում հարցերը պետք է լուծեն այդտեղ առկա ու շահերի բախում ունեցող կողմերը, սա է այս ձևաչափի հիմնական բանաձևը։ Կողմերն այս առումով նշում են, որ «3+3»-ի նպատակը արտատարածաշրջանյաին ուժերի մուտքն այս հատված կանխելն է։ Այստեղ միջանկյալ մի հավելում․ չնայած նախորդ շաբաթ Վրաստանը չմասնակցեց հանդիպմանը, սակայն դա ժամանակավոր «թայմ աութ» էր, և կասկածից վեր է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունից հետո վրացական կողմը նույնպես կվերադառնա «3+3»-ի կազմ։

Կարող ենք արձանագրել, որ «3+3»-ը տարածաշրջանի ամենաբնական ձևաչափն է և նրա հետագա խորացումը բավական հեռանկարային կարող է լինել ամբողջ սեկտորի համար։ Սա նաև շանս է, որտեղ մենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում մենակ չենք մնա։ Հարցերը պետք է լուծվեն ռեգիոնալ տարբերակով և «դրսից» ի զուր փրկիչներ փնտրելն անիմաստ ու անօգուտ աշխատանք է։

Ընդհանրապես գաղտնիք չէ, որ երկկողմ բանակցությունները միշտ էլ դժվար է պարտված երկրի՝ տվյալ դեպքում ՀՀ համար, քանի որ երրորդ կողմը, որպես կանոն, մշտապես ստանձնում է զսպողի դերը, սա քաղաքագիտական աքսեոմա է։ Ոչ մի երաշխիք չկա, որ, ինչպես շատ հաճախ տեսնում ենք, Ադրբեջանը կխախտի դիզբալանսը և նոր պարտադրանք կդնի Հայաստանի առաջ՝ պահանջելով զիջումների հերթական խմբաքանակ։ Ի դեպ՝ նման վարքագիծ արդեն իսկ տեսնում ենք թե ՛սահմանազատման աշխատանքների ժամանակ, թե՛ «խաղաղության պայմանագրի» բանակցությունների ընթացքում (չմոռնանք, որ երկկողմ բանակցությունների մասին անընդհատ շեշտում էր Ալիևը և ի վերջո հասավ իր ուզածին)։

Ինչ վերաբերվում է ԲՐԻԿՍ-ին, ապա այն ըստ էության, G7-ի հակակշիռն է, որը փորձում են կյանքի կոչել ՌԴ-ն, Չինաստանը, Հնդկաստանի, Բրազիլիայի և այլ երկների միասին։ Ի դեպ՝ այս երկրները և բնակչությամբ և ՀՆԱ-ով մի քանի անգամ գերազանցում են G7-ին, ասել է, թե Պոցդամյան աշխարհը կարծես թե դադարում է փաստացի գոյություն ունենալ և հրապարակ է գալիս ամբողջովին նոր՝ բազմավեկտոր գոեպոլիտիկ իրականություն։

Ինչ վերաբերվում է Կազանում Փաշինյան-Ալիև ավելի քան մեկ ժամ տևած հանդիպմանը, որն, ի դեպ, նախապես պլանավորած չէր, ապա այս առումով ունենք հերթական խայտառակվելու առիթը, քանի որ հրապարակաված լուսանկարներից ու տեսանյութերից դարձյալ պարզ երևում է, թե ինչ ուրախ ու աշխուրժ մթնոլորտ է տիրում երկուստեք։ Ըստ էության՝ Փաշինյանը ցինիկ ժպտում է մի անձնավորության հետ, որը հրապարակավ ստորացրել ու շարունակում է ստորացնել նրան՝ անվանարկելով և վիրավորական հայտարարությունների հնչեցնելով վերջինիս հասցեին։ Այստեղ ունենք հետևյալ իրողությունը՝ կամ Փաշինյանը չի հասկանում Ալիևի կողմից իրեն ծաղր ու ծանակի ենթարկելու բուն բովանդակությունը, կամ ուղղակի դա նրանց պլանի կարևոր բաղադրիչներից մեկն է․ համաձայնեք՝ երկու պարագայում էլ գործ ունենք բավական ծանր դեպքի հետ։

Գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանը նշել է, որ Բաքվի հետ հարցերի 80-90%-ը համաձայնեցված են, նա նշել է նաև, որ ադրբեջանական կողմին առաջարկվել է ստորագրել պայմանագիրը։ Բացի այդ, նա հայտնել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է Նախիջևանի հետ կապ հաստատել պարզեցված ընթացակարգերի մեխանիզմով։ Ալիևի պաշտոնական էջում հրապարակած տեքստից պարզ է դառնում, որ «կողմերը քննարկել են խաղաղության պայմանագրի, սահմանային դեմարկացիայի և դիլիմիտացիայի հետ կապված հարցեր, ԱԳ նախարարներին հանձնարարվել էհնրավորինս սեղմ ժամկետներում հասնել հարցի լիարժեք կարգավորմանը»։

Այստեղ տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության որոշակի փոփոխություն, երբ Բաքվից հնչող կոշտ հայտարարությունները՝ «Սահմանադրության փոփոխության», «Արևմտյան Ադրբեջան» և նմանօրինակ ծավալապաշտական բառամթերքը, կարծես թե, որոշակիորեն մեղմված է, ինչը միանշանակ խորհելու տեղի է տալիս։ Ստացվում է, որ Ալիևը Կազանում, այնուամենայնիվ, ինչ-որ ձեռնտու գործարքի է գնացել, ինչի դիմաց էլ նմանօրինակ վարքագիծ է դրսևորում «պայմանագիրը սեղմ ժամկետներում» ստորագրելու հետ կապված։ Տվյալ դեպքում նա ունի ինչ-որ առարկայական ձեռքբերում, ինչը մինչ այդ ոչ մի կերպ չէր կարողանում ստանալ, որն ավելին է, քան սահմանադրության փոխելու պարտադրանքը։ Չի բացառվում դա կապված է նաև Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների հետ, և այդ ձեռքբերումը ձեռնտու է եղել նաև այդ տարածաշրջանում ընդգրկված շահագրգիռ կողմերին։

Կարող ենք ենթադրել, որ թեման կապված է Սյունիքով անցնող, այսպես կոչված «միջանցքի» վերահսկողության հարցին, ինչի շուրջ տևական ժամանակ ընթանում էր բուն բանավեճը։ Թերևս չի բացառվում, որ կողմերը եկել են այն համաձայնությանը, որ, դիցուկ, վերահսկողությունը կատարվի ԲՐԻԿՍ-ի ձևաչափի ինչ որ մի մաքսային կառույցի կողմից, ինչը լիարժեք բավարարել է բոլորին՝ առաջին հերթին գեոպոլիտիկ շահառուներին։ Այլ կերպ ասած՝ տվյալ դեպքում դա ո՛չ ռուսական հատուկ ծառայություններն են, ո՛չ հայ սահմանապահները, ո՛չ թուրքական կամ իրանական որևէ պահնորդական ներկայացուցիչներ, հավաքական մի կառույց է, որն էլ հնարավոր է կատարի հսկողություն։

Փաստացի ունենք մի վիճակ, որ Նիկոլ Փաշինյանը, մեկնելով Կազան ու այնտեղ տեղափոխելով Ադրբեջանի հետ բանակցությունների փաթեթը, վերադառնում է ռացիոնալ դաշտ, սակայն արդեն ջախջախված ու Արցախը կորցրած վիճակում։ Շատ է խոսվել այն մասին, որ և՛ ՌԴ, և՛ Արևմտյան հարթակները պետք է օգտագործվեին Ադրբեջանի հետ բանակցություններ տանելիս, և հիմա, տեսնելով, որ Արևմտուքից շոշափելի ոչինչ չի ստացվում, թեման նորից բերվում է ռուսական հարթություն։ Ստացվում է, որ դա Արևմուտքի եկած կոնկրետ ցուցում էր, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Արցախը գոյություն չունենա և ռուսական խաղաղապահներն այնտեղից հնարավորիս շուտ դուրս գային (այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը Կազան էր մեկնել Ալիևին հանդիպելու նպատակով)։

Այնպես որ մենք ներկայումս տեսնում ենք, թե ինչ գեոպոլիտիկ ճողվածքի մեջ է Փաշինյանը, երբ մի ձեռքով հավաքական Արևմուտքին դիֆերամբներ է ձոնում, մասնակցում Ֆրանկոֆնիայի գագաթաժողովին, քծնում տարբեր արևմտյան ղեկավարների, մյուսով՝ վազեվազ հասնում Մոսկվա, Պուտինի հոբելյանը շնորհավորում, ապա ԲՐԻԿՍ-ին զրուցում Սին Ցզինփինի ու Լուկաշենկոյի հետ։ Այս «ճողվածքը» վերջ ի վերջո ունենալու է իր ցավոտ հետևանքները․ ուշ թե շուտ պետք է հստակ կողմնորոշվել՝ ո՞ւր ենք գնում և ին՞չ աշխարհակարգի ու գեոպոլիտիկ բևեռի մասնիկ ենք, այլապես նման կիսահղի վիճակը երկար շարունակվել չի կարող։
Վերջում մի առանցքային փաստ․ ժամանակին Նիկոլ Փաշինյանը, երբ Հանրապետության Հրապարակում ագորաներ էր կազմակերպում, կոկորդ էր պատռում, թե ինքն աշխարհի ամենաժողովրդավար մարդն է, որ իր քայլերի համար հաշվետու է լինելու ժողովրդին, սակայն մենք տեսնում ենք, որ նա ՀՀ բոլոր ղեկավարներից ամենագաղտապահն ու կոնսպիրոլոգն է, և իր գործունեության գրեթե բոլոր շերտերը պատված են անթափանց շղարշով։

Արմեն Հովասափյան

Կարդացեք նաև