7 սուտ՝ Արցախի բանակցությունների վերաբերյալ ՀՀ իշխանության հրապարակած փաստաթղթերի մասին
13.12
2025
Արցախյան բանակցությունների «փաստաթղթերի հրապարակման» մասին Նիկոլ Փաշինյանի՝ հանրային խոսույթն ու ներքաղաքական, հակաեկեղեցական արշավի օրակարգը շեղելու խաբկանքը (կամ մանիպուլյացիան) բաղկացած է մի քանի շերտից․ իրականում, մեկ «փաթեթում» խառնված են տարբեր բնույթի ու կարգավիճակի նյութեր՝ ստեղծելով տպավորություն, թե 1997-2018թթ. Քաղաքական իշխանությունում հերթապահած կուսակցություններն ու նախագահները գաղտնի հանձնարարություն են ստորագրել, իսկ ինքը պարզապես բացահայտել է «ճշմարտությունը»։ Որո՞նք են ամենակնառու խաբկանքները.
- Միախառնված են «Փաստաթուղթ» և «աշխատանքային նյութ» հասկացությունները
Փաշինյանը հրապարակեց ոչ թե ստորագրված, իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող փաստաթղթեր, այլ նախագծեր, աշխատանքային նյութեր, առաջարկներ, միջանկյալ ձևակերպումներ, որոնք բանակցային պրակտիկայում երբեք չեն համարվում ընդունված որոշումներ։ Նա ներկայացնում է այդ նյութերը այնպես, կարծես ստորագրված կամ ընդունված են եղել, որպեսզի ստեղծվի տպավորություն, թե «նախկինները Ղարաբաղը հանձնել էին», «մենք ժառանգել ենք անանցանելի իրավիճակ» և այլն։
- «Լավրովյան պլանի» բառախաղային մանիպուլյացիան
Փաշինյանի թիմն անընդհատ ասում է, որ Հայաստանին «փոխանցվել» է մի փաստաթուղթ, «որի հիմքում դրվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», այն ինչ իրականում հայտնի «Լավրովյան պլանը» չէր ամրագրում Արցախի վերջնական կարգավիճակն Ադրբեջանի կազմում։
Այն ուներ փուլային տրամաբանություն՝ Արցախի հարակից շրջանների վերադարձ, Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ միջազգային եռաստիճան անվտանգային երաշխիքներով, խաղաղապահների տեղակայում, իսկ տարածքի վերջնական կարգավիճակի հստակեցումը՝ հանրաքվեի կամ այլ միջազգային մեխանիզմով։ Իշխանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի առաջարկը ներկայացրեց այնպես, որ դրանում Արցախը «վերջնականապես հանձնված է», մինչդեռ այդ պլանը պարզապես ներկայացվել է որպես հակամարտության կարգավորման քննարկելի տարբերակ և բանակցությունների շարունակության հիմք, այլ ոչ որպես պարտադիր փաստաթուղթ։
- Ժամանակագրական շփոթ․ միախառնված են տարբեր տարիների տարբեր փուլեր ու տարբեր առաջարկներ
Փաշինյանի «հրապարակած» նյութերում խառնված են՝ 2011թ. կազանյան գործընթացի մասերը, 2014-2016թթ. լավրովյան առաջարկները և 2018թ.-ից հետո իր իսկ թիմի բանակցային ձևակերպումները։ Փաշինյանն ստեղծում է տպավորություն ու պատրանք, թե ամբողջ 1998-2018թթ. ժամանակաշրջանը եղել է մեկ միասնական հանձնողական ընթացք, մինչդեռ իրականում յուրաքանչյուր փուլում եղել են բոլորովին այլ բանակցային լեգիտիմացումներ, ուժային հավասարակշռություններ և միջազգային տրամադրվածություն։
- Իրենց ժամանակաշրջանի ձևակերպումները ներկայացվում են որպես «ժառանգություն»
2020-2023թթ. ժամանակահատվածում արդեն Փաշինյանի թիմն էր ընդունում ձևակերպումը, որ «Արցախը միջազգային ճանաչմամբ հանդիսանում է Ադրբեջանի մաս»։ Սա իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական ընտրությունն էր՝ 2022-23թթ., հիմքում՝ 2022թ. Պրահայում Փաշինյանի հայտարարությունն է, որով նա ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Բայց իշխանությունը մինչև օրս շարունակում է քարոզել, թե ՀՀ, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի զոհաբերման գնալը «նախկինների թողած փաստաթղթերի հետևանքն է», ինչը, փաստացիորեն, չի համապատասխանում ՀՀ-ԼՂՀ-Մինսկյան եռանախագահություն դիվանագիտական պրակտիկային։
- «Գաղտնազերծումը» ներկայացվում է որպես «թափանցիկություն» և «ընդդիմության կեղծ նարրատիվի բացահայտում», մինչդեռ իրական նպատակը ներքաղաքական թույլ դիրքերի ամրապնդումն է, արտաքին քաղաքական լեգիտիմության շարունակականությունը
Փաշինյանը փաստաթղթերի հրապարակումը ներկայացնում է հետևյալ տրամաբանությամբ՝ «ես ամեն ինչ բացեցի, որ ժողովուրդը իմանա ճշմարտությունը»։ Սակայն իրականում հրապարակման նման մեխանիզմը կիրառվում է՝ պարտության պատմաքաղաքական պատասխանատվությունից հրաժարվելու, հանրային բանավեճի օրակարգը փոխելու և շեղելու նպատակով։ Սա դիվանագիտական առումով վստահություն չներշնչող ոչ արհեստավարժ քայլ է, քանի որ այդ «հրապարակումն» իրականում չի բացահայտում բանակցային իրական պատկերը, այլ միայն այն հատվածները, որոնք քաղաքականապես նպաստում են իշխանության ներքին դիրքերի ամրապնդմանը։
- «Եթե նախկինները բանակցել են տարածքներ հանձնելու շուրջ, ուրեմն իրական մեղավորը իրենք են»
Աշխարհում բոլոր իշխանություններն էլ բանակցում են տարածքների փոխանակման/վերադարձի շուրջ՝ հստակ, երաշխավորված ու շոշափելի արդյունքների ակնկալիքով: Տարբեր տարածաշրջաններում հակամարտող կեղմերը (Կոսովո, Մոլդովա, Կիպրոս, Պաղեստին, Լիբանան, Սիրիա) վարել են նույնաբովանդակ բանակցություններ։ Խնդիրն այն է, որ Փաշինյանն այս պրակտիկան ներկայացնում է այնպես, թե իբր ինքն է առաջին անգամ ասել ճշմարտությունը, իսկ «նախկինները թաքցրել են ճշմարտությունը», այն ինչ իրականում իշխանությունը հանրային խոսույթը ողողում է միայն իրեն ձեռնտու թեզերով։
- «Հրապարակված փաստաթղթերը» չեն արտացոլում իրական բանակցային դինամիկան
Դիվանագիտության մեջ բանակցային աշխատանքային թուղթը կամ դրաֆթը երբեք չի ներկայացնում ամբողջական պատկերը։ Նման աշխատանքային թղթերը կարող են ներառել՝ ճնշում գործադրելուն միտված ոչ-պաշտոնական առաջարկություններ, մտագրոհների արդյունքում ծնված բանավոր գաղափարներ, միջնորդների աշխատանքային առաջարկներ, որոնք կարող են «հանձնվել թղթին», բայց ոչ մի դեպքում չեն հավասարեցվում համաձայնագրի իրավական արժեքին։ Փաշինյանը մանիպուլացնում է, երբ դրանք ներկայացնում է որպես «վերջնական եզրակացություն»։
Հրապարակված նյութերի գերակշիռ մասը չեն հանդիսացել ընդունված փաստաթղթեր, չեն եղել պարտադիր, չեն եղել ստորագրված, չեն արտացոլում ամբողջական բանակցային իրականությունը, այսինքն՝ Փաշինյանի՝ հանրային օրակարգը կեղծ թեզերով լրացնելու ամբողջ գործընթացն ավելի շատ քաղաքական քարոզչական մեխանիզմ է, քան ազգային-պետական շահերին ծառայող փաստաթղթերի հրապարակում։


