Ալիևի երազանքն ու Փաշինյանի ստորագրությունը․ ի՞նչ է թաքցնում «Թրամփի ուղի»-ն
11.09
2025
Արդեն մի ամիս է սոցցանցերը հեղեղված են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հայտնի համաձայնագրի վերլուծություններով, որը ստացավ նաև «Թրամփի ուղի» անվանումը:
Իրատեսական չէ այս փուլում խաղաղության բազմաշերտ գործընթացի հաջողությունը պարզ պատճառով. այդ գործընթացի նպատակը հրադադարն է, և Ադրբեջանին անհրաժեշտ է փաստաթղթերով կապիտուլացված Հայաստան ու հայ ժողովուրդ, որպեսզի հայությունը երբևէ չմտածի իր ազգային-պետական նպատակներն իրականացնել։ Այլ խոսքով՝ Ադրբեջանին անհրաժեշտ է անխոչընդոտ միջանցք, զենք չունեցող անատամ Հայաստան՝ փոփոխված Սահմանադրությամբ, կախյալ տնտեսությամբ ու անվտանգությամբ, կքած բնակչությամբ և ուրիշ ոչինչ, իսկ այս գործընթացը չի կոչվում խաղաղություն, այլ սա միակողմանի կապիտուլյացիա է: Հայաստանի իշխանությունն այս ամենը փաթեթավորում է որպես ինքնիշխանության ձեռքբերում և բոլոր նրանք, ովքեր հակառակ կարծիքը կարտահայտեն՝ պետության թշնամիներն են, նրանց պետք է փակել բանտերում, լռեցնել և պատժել: Իսկ այն ինչ տեղի է ունենում իրական քաղաքականության մեջ՝ ավելի խորքային է՝ լի գերվտանգներով, և շատ հեռու է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումից, տարածքային կորուստները կանխելու և այս պահին տարածքային ամբողջակակությունը վերականգնելու գաղափարից:
Մեզ հարակից տարածաշրջաններում կոնֆլիկտների լավան դեռ տաք է և ցանկացած պահի կարող է հասնել մեզ, թեև «Թրամփի ուղու» մասին հայտարարությունը, որն, ըստ իս, չէր կարող լիներ՝ առանց Իրանի և Ռուսաստանի հետ լռելյայն կոնսենսուսի, ժամանակավորապես զսպել է Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական ախորժակը։ «Թրամփի ուղին» ընդամենը հայտարարություն է, անբովանդակ ծրագիր՝ նախագահ Թրամփի միջազգային իմիջը բարելավելու, նոբելյան մրցանակի տանելու համար. և միակ դրական իրողությունը մեզ համար՝ պատերազմը ժամանակավորապես Սյունիքից հեռացնելն է, մնացածը դատարկ բառեր են՝ Փաշինյանի ու Աիևի ստորագրած փաստաթղթից մինչև 17 կետանոց հայտարարությունը: Ոչ ԱՄՆ-ն է 5 միլիարդի ներդրում անելու, իսկ հետո թուրքերին կամ ռուսներին հանձնելու, ոչ էլ Իրանն ու Ռուսաստանը ձեռքները ծալած նայելու են, թե ինչպես է ոմն Փաշինյան հող նախապատրաստում իրենց այս ռեգիոնից դուրս հանելու համար: Արևմուտքում շատ լավ են դիվանագիտություն խաղում. Թուրքիային զբաղեցնելու հեշտ տարբերակներ կան՝ Սիրիա, Իրաք, նաև այլ պետություններ, որտեղ Անկարայի շահերը կարող են հակադրության մեջ մտնել, դիցուք, Վաշինգտոնի կամ Մոսկվայի կենսական ռազմավարական շահերի հետ:
Հայաստանի իշխանությունն էլ այս ընթացքում հայտարարում է, որ իր բազմակողմ դիվանագիտական ջանքերով՝ ձախողել է Ադրբեջանի պատերազմական հնարավոր գործողությունները Հայաստանի դեմ և փորձում է աշխարհին ներկայացնել, որ հենց Բաքուն է խափանում խաղաղության գործընթացը և այն ինչ համաձայնեցրել են Վաշինգտոնում, Ադրբեջանը հակառակ հռետորաբանությամբ է խոսում:
Հիմա յուրաքանչյուրը վերմակն իր կողմն է քաշում. Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են այդ ճանապարհն անվանակոչել «Զանգեզուրի միջանցք», Հայաստանում վարչապետի աթոռն զբաղեցնողն այն համարում է իր երկնած՝ Խաղաղության խաչմերուկի համատեքստում արված կարևոր քայլ, այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահը նույնիսկ խառնեց Արմենիա և Ալբանիա պետությունների անվանումը: Պատկերացնել կարելի է այս գործընթացի լրջությունը։ Ինչևէ: Օգոստոսի 8-ից մեկ ամիս անց թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները 16 անգամ հիշատակել են «միջանցքը» և համաշխարհային մեդիայի էջերին տիրաժավորում են այս եզրույթը, որպեսզի հանրահռչակվի, շրջանառվի և աշխարհն օբյեկտիվորեն ընդունի Սյունիքը երբևէ անեքսիայի ենթարկելու Ադրբեջանի պլանները: Մինչև Հայաստանի իշխանությունները կկոծկեն այս հարցը, Իհամ Ալիևն արդեն որերորդ անգամ բացահայտ խոսում է անխոչընդոտ ճանապարհի մասին, այն է՝ միջանցքի տրամադրման շուրջ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Այդ մասին նա հայտարարեց նաև մի քանի օր առաջ, 300 միլիոնանոց լսարան ունեցող Ալ-Արաբիյա հեռուստաընկերության եթերում: Ադրբեջանցի և թուրք պաշտոնյաները պարբերաբար հուշում և հիշեցնում են, որ պայմանավորվածություն կա, բայց Հայաստանը դեռ խոչընդոտում է կամ խանգարում այդ պայմանավորվածության իրագործմանը: Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ ստանալու մասին վերջին հիշատակումը եղել է մի քանի օր առաջ Թուրքիայի Իզմիր քաղաքում, որտեղ ընթանում էր Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ ֆորումը: Ադրբեջանի էներգետիկայի նախարար Ֆ․ Շահբազովը պնդել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը Թուրքիան կապելու է Ադրբեջանի և թյուրքական աշխարհի հետ:
Թուրքերն ու ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որպեսզի այս խառը ժամանակահատվածում պոկեն առավելագույնը և փորձեն ապահովագրել իրենց միջնաժամկետ և երկարաժամկետ շահերը: Բնական է, որ յուրաքանչյուր պետություն այս ընթացքում փորձելու է առաջնորդվել վերոհիշյալ մարտավարությամբ: Մեզ համար ողբերգությունն այն է, որ Հայաստանի իշխանությունը մեր փրկությունը տեսնում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սերտ գործակցությամբ, որը իբր հնարավորություն կտա զարգացնել տնտեսությունը, մեղմ ասած, թքած ունենալով անվտանգային երաշխիքների վրա: Հավանաբար այս խունտային թվում է, որ Ամերիկան է պաշտպանելու Հայաստանին, և ամերիկյան հնարավոր զորակազմի հայտնվելը Սյունիքում կզսպի Բաքվի ախորժակը, և ագրեսոր Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա:
Այն ինչ անում է այս իշխանությունը՝ պարզապես արկածախնդրություն է: Դիվանագիտությունն, այո, առաջին հերթին պատերազմի կամ էսկալացիայի կանխման ջանքն է, ինչին էլ հիմա «ձգտում» է այս իշխանությունը, և սա անում է հենց այն իշխանությունը, որը պատերազմ բերեց Հայաստանին ու պարտվեց: Այսինքնէ պատերազմ բերած իշխանությունը, որը բանակցում է թույլ դիրքերից, ուզում է պատերազմ կանխել: Սա ինքնին անհեթեթություն է, բայց կարող է իրականություն դառնալ, եթե Հայաստանը բանակցային սեղանին զիջի այն ամենը, ինչ իր առջև դնում է Ադրբեջանը: Իսկ Նիկոլ Փաշինյանը, որն իրեն արդեն պատկերացնում է պատերազմի և խաղաղության հմուտ տեսաբան, մի քանի օր առաջ երկնեց. «մի ձգտեք հաղթանակի, որովհետև անխուսափելիորեն կպարտվեք»։ Այս թշնամական մեսիջի հասցեատերը իրականում Ադրբեջանի նախագահն է: Նիկոլն Ալիևին հուշում է, որ հնարավոր է Հայաստանի ու հայության հետ խոսել իր միջոցով և շարունակել միակողմանի զիջումներ կորզելու ռազմավարությունը։ Ասել կուզի՝ Նիկոլը հայտարարում է, որ խաղաղությունն արդեն իրականություն է, և այս տեսակի խաղաղությունն առավելագույնն է, որին մենք ձգտում ենք, և ավելին չենք պահանջելու: Նիկոլի այս հիվանդ միտքը խորհրդարանի առաջիկա ընտրության լակմուսի թուղթն է, կամ կարմիր գիծը, որով էլ Ադրբեջանին և միջազգային հանրությանն ասում է՝ աջակցեք ինձ, այլապես խաղաղության օրակարգը կտապալվի, և Հայաստանում իշխանության կգան պատերազմի կուսակցությունները: Իրականում Նիկոլն ու նրա տերերը «հանճարեղ» են մտածել և կիրառում են մանիպուլյացիայի տեխնոլոգիաները, կարողանում են մարդկանց թմրեցնել: Նիկոլն աշխարհին, Հայաստանում ու Սփյուռքում իր զոմբիներին հասկացնում է, որ խաղաղությունն ինքն է, և այդ բաղձալի խաղաղությունն ավարտվում է և պատերազմն սկսվում է այն պահին, երբ ագրեսիայի ենթարկվածը դիմադրություն է ցույց տալիս։ Այսինքն՝ եթե Նիկոլը չկա, իշխանության են գալու դիմադրության կողմնակիցները, և պատերազմն անխուսափելի է լինելու։ Այստեղից էլ եզրակացություն՝ Ալիևն ու Նիկոլը հայ ժողովրդին փորձում են համոզել, որ եթե դիմադրեք, չհնազանդվեք, ապա ձեր իսկ մեղքով ձեր գլխին բերելու եք պատերազմ, որի ժամանակ էլ չպիտի ձգտեք հաղթանակի, հակառակը՝ պիտի զիջեք, որպեսզի ապրեք: Այսինքն՝ խաղաղության այս կեղծ խոսույթը, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, ընդամենը հաջորդ հնարավոր պատերազմի նախերգանքն է, որովհետև անկախ Նիկոլի տապալած դիվանագիտությունից ու թրքաբարո սիրախաղերից, այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է մի քանի գերտերության ու ռեգիոնալ հսկաների մակարդակով, և Ադրբեջանի համար սահմանված խաղային դերը ունի սահման, որից ավելին չի թույլատրվում։ Այս մեծ քաղաքականության մեջ մեծ պետությունները չեն թողնելու Ադրբեջանին Հարավային Կովկասում ունենալ դոմինանտություն, և իրեն վերապահված դերից ավելին։ Եթե թողնեին, ապա Հայաստանին կթողնեին պահպանի մինչև 2018թ․ ունեցած իր դիրքերը։ Այստեղ շահեր ունեն Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը։ Այս բոլոր խոշորների խոշորացույցի տակ Սյունիքն է, և ցամաքային բաց, անխոչընդոտ ճանապարհի ստեղծումը: Թուրքիան, Ադրբեջանն ու Եվրամիությունն օգտվում են այն հանգամանքից, որ Իրանը դեռ ռիսկային գոտի է, Ռուսաստանն զբաղված է Ուկրաինայում և շատ ջանք չի գործադրի աջակցելու Հայաստանին, եթե խստացվեն Երևանի հանդեպ ճնշումները, քանի որ Հայաստանն այս բանաձևի մեջ ամենաթույլ օղակն է և նրան հնարավոր է վախի ու սպառնալիքի մթնոլորտում ստիպել գնալ նույնիսկ կործանարար զիջումների: Իսկ Ռուսաստանին հիմա ավելի շատ հետաքրքրում է Ուկրաինայի վերջնական ճակատագրի հարցում Եվրոպայի դերակատարման չեզոքացումը, որովհետև, ամենայն հավանականությամբ, Ալյասկայում Պուտինն ու Թրամփը հասան համաձայնության, ինչն այնքան էլ Բրիտանիայի ու Եվրամիության սրտով չէ, դրա համար էլ շարունակում են հայտարարել, որ դե ֆակտո կործանված Ուկրաինան պետք է շարունակի պատերազմել Ռուսաստանի դեմ: Բրյուսելում ընդհուպ քննարկել են Եվրոպայից Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հնարավորությունը: ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Րյուտեն նույնիսկ հայտարարեց․ «ինչո՞ւ մեզ պետք է ընդհանրապես հետաքրքրի Ռուսաստանի կարծիքը։ Ուկրաինան ինքնիշխան պետություն է։ Ռուսաստանը իրավունք չունի նրա փոխարեն որոշում կայացնել։ Դա նրան չի վերաբերում։ Եթե Ուկրաինան ցանկանում է իր տարածքում ընդունել ռազմական ուժեր, որոնք կապահովեն իր անվտանգությունը և կաջակցեն խաղաղության համաձայնագրին, ապա դա նրա որոշումն է։ Նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությունը չպետք է գերագնահատել։ Եկեք նրան չափազանց լուրջ չընդունենք»։ Պուտինին այդպես որակողներ մեզ մոտ էլ կան, և տեսանք հետևանքը. չկա Արցախ, Հայաստանի անվտանգությունն էլ հարցականի տակ է:
Ամեն երկիր ունի իր շահերը, բայց ի՞նչ վիճակում է Հայաստանը, ի՞նչ վիճակում կարող է հայտնվել, ի՞նչ սցենարներ կարող են զարգանալ։
Եթե Չինաստանի համար առաջնային է «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ծրագրի իրականացումը, եթե այդ Միջին միջանցքը ձեռնտու է Թուրքիային, որը հավակնում է դառնալ ռեգիոնի էներգետիկ և տրանսպորտային հաբ, եթե չինական այդ ճանապարհի կառուցումն ու իրականացումը ենթադրում է նաև Սյունիքով ցամաքային ճանապարհի ազատումը, ինչը թուրքերն ու ադրբեջանցիներն անվանում են «Զանգեզուրի միջանցք», կամ «Թրամփի ուղի»՝ ըստ ՀՀ իշխանության, եթե Չինաստանը Հայաստանում հանդիպի ամերիկյան նախագծի կամ «Թրամփի ուղու» խոչընդոտին, եթե Չինաստանը Թուրքիայի հետ ունի տնտեսական փոխադարձ հետաքրքրություններ, բայց և միաժամանակ ույղուրական գործոնի խնդիր, եթե Չինաստանը ռազմական ու ստրատեգիական ներկայություն ունի Իրանում, եթե Ռուսաստանը դեռ ամբողջությամբ դուրս չի եկել ՀՀ տարածքից, եթե Պեկինը, Թեհրանն ու Մոսկվան ունեն լրջագույն մտահոգություններ ՀՀ-ում «Թրամփի ուղու» վերաբերյալ, անկախ դրա իրատեսականությունից, ապա ի՞նչ վիճակ է ստացվում Հարավային Կովկասում, հատկապես Սյունիքի հետ կապված: Այսպիսի բազմավեկտոր մրցակցությունը ուղղակիորեն կարող է փոխակերպել Հարավային Կովկասի, և հատկապես Սյունիքի, անվտանգության, տնտեսության և արտաքին քաղաքականության տրամաբանությունը։ Հարավային Կովկասում առաջանում է մրցակցային տրանզիտային խաղ, որտեղ Չինաստան-ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան-Իրան հարաբերություններն ուղղակիորեն որոշելու են Սյունիքի գծի քաղաքական ճակատագիրը։ Նշածս բոլոր «եթե»-ների հիման վրա փորձենք վերլուծել հնարավոր սցենարները։
Առաջին սցենար․ ՀՀ–ն դառնում է կոնսեսուսային ինքնիշխան և կառավարելի տրանզիտ.
1․Չինաստանն առաջարկում է տրանսպորտային ժամանակակից լուծումներ, մասնակիորեն ֆինանսավորում է ճանապարհաշինությունը, ենթակառուցվածքները,
2․ ԱՄՆ-ն տնտեսապես վերահսկում, հարկ եղած դեպքում արգելափակում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» սյունիքյան ծորակները,
3․ Ռուսաստանն աստիճանաբար հեռանում է ՀՀ-ից կամ հակառակը՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությամբ՝ «ապահովում» ճանապարհի անվտանգությունը մինչև ԱՄՆ-ի հեռացումը (կամ իր հեռացումը),
4․ Թուրքիան և Ադրբեջանը փորձարկում, ստուգում են Սյունիքի «միջանցքի» իրավական կարգավիճակը՝ ոչ ռազմական գործողություններով:
Երկրորդ սցենար․ վիճարկելի ինքնիշխանությամբ ՀՀ, գեոպոլիտիկ մրցակցության սրում։
1․ ԱՄՆ-Չինաստան ազդեցությունների պատերազմ, շահերի բախում,
2․ Թուրքիան ու Ադրբեջանը ներկայացնում են տրանզիտային իրավունքների և անվտանգության նոր պահանջներ, «միջանցքի» կարգավիճակի հստակեցում,
3․ Ռուսաստանը խստացնում է ռազմական ներկայությունը, որպես հակակշիռ ԱՄՆ-ի,
4․ Իրանը ուժեղացնում է ռազմաքաղաքական ներկայությունը և էսկալացնում Նախիջևանի սահմանը:
Ի՞նչ են լինելու սրա հետևանքները, կամ ի՞նչ ազդեցություն կունենան նման սցենարները քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում Սյունիքի և ընդհանրապես ՀՀ վրա:
- Ինքնիշխանության սահմանափակում: Ցանկացած «միջանցք» առաջացնում է քաղաքական կախվածություն՝ ներդրումային պայմաններից և անվտանգության երաշխիքներից,
- Սյունիքի միլիտարիզացիա և անվտանգային ռիսկեր: Ռուսական 102-րդ ռազմաբազայի ակտիվացում, ինչը կմեծացնի Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաստրատեգիական հավակնությունները, ինչն էլ իր հերթին կբարձրացնի փոքր միջադեպերի արագ էսկալացիայի հավանականությունը,
- Տնտեսական կախվածություն: Ով վերցրեց ներդրումների ամենամեծ պորտֆոլիոն, ինքն էլ դառնալու է մոնոպոլ և փոխելու է ՀՀ տնտեսական քաղաքականության մոդելը։ Սա կդառնա քաղաքական և անվտանգային լծակ արտաքին խաղացողների ձեռքում:
Այս անփառունակ իշխանությունը մեզ մտցրեց անտանելի, աշխարհաքաղաքական դժոխքի մեջ, որից նվազագույն կորուստներով դուրս գալը գրեթե հրաշք է լինելու: Տարածաշրջանի մեծ պետություններից յուրաքանչյուրն առաջնորդվում է իր անվտանգության տրամաբանությամբ, իսկ Հայաստանի իշխանության անվտանգության կոնկրետ միջոցառումների համապարփակ ծրագիր դեռ չենք տեսել, առավել ևս չկան նաև այլընտրանքային պլաններ Սյունիքի համար, որպեսզի չվտանգվի մեր պետության ինքնիշխանությունը և տարածաշրջանի կայունությունը։ Իշխանությունը հույսը դրել է Թուրքիայի ու Ադրբեջանի գթասրտության վրա, որ չեն հարձակվի Հայաստանի վրա: Պատերազմի կուսակցությունն էլ ինչպե՞ս է լինում։ Նիկոլ Փաշինյանը պատերազմի սիմվոլն է, Հայաստանին պատերազմ, զոհեր ու ավերածություններ բերողը, Նիկոլի վարած քաղաքականությունը ոչ թե բալանսավորումների քաղաքականություն է, ոչ թե պարտվողական քաղաքականություն է, այլ հանձնվելու, չդիմադրելու, հարմարվելու և ստորանալու քաղաքականություն: Չի կարող պատերազմի և պարտության սիմվոլը խաղաղություն պարտադրի Ադրբեջանի նման ագրեսորին։
Սթափվեք հայ ժողովուրդ, քանի դեռ ուշ չէ։