Անկախությունը պետք է պահենք՝ ստեղծելով մարտունակ բանակ, սահմանները պաշտպանելու քաղաքական կամք ունեցող իշխանություն
21.09
2024
ՀՀ անկախության տարեդարձն առաջին հերթին արձանագրված նվաճումների, ձախողումների վերաարժևորման և հաշվետվության օր է, նաև հնարավորություն՝ տարիների հեռվից նայելու անկախական գաղափարներին և ազատ, արդար և ինքնիշխան պետություն կերտելու վճռականությանը։
Անվիճելի է՝ այս տարիների ամենամեծ ձախողումն Արցախի ժամանակավոր կորուստն է։ Սոցիալական արդարության ահռելի վիհը, ազատ խոսքի ու մտքի տեռորը, պետական կոռուպցիան, ոստիկանապետությանը բնորոշ հալածանքների քաղաքականությունը, պետական սահմանների խոցելի պաշտպանվածությունը, բռնազավթված ինքնիշխան տարածքների նկատմամբ վերահսկողության անկարողությունը, ներհասարակական հրահրվող անհունդուրժողականությունը, ներքին անապահովությունը հանգեցրել են ժողովրդավարության սրընթաց անկման և ձևավորել սեփական իրավունքների համար պայքարելու անտարբերության մթնոլորտ:
Պետությունը, առանց հայրենիքի ամբողջականության տեսլականի և սնուցող գաղափարի, անհոգի մարմին է, իսկ անկախ պետությունը, առանց արժեքային ու բարոյական նկարագրի, դատապարտված է ստրկացման ու գաղութացման:
1918 թ. մայիսի 28-ից մեր ժողովրդի զավակների տասնամյակների անտրտունջ ու հետևողական քաղաքական պայքարի արդյունքում 1991 թ. սեպտեմբերի 21-ին ստեղծվեց զարգացման ու համազգային ներուժի համախմբման մեծ հնարավորություն, միաժամանակ անվտանգային ու գոյութենական անասելի մարտահրավերներ, որոնք հաղթահարեցինք՝ հայկական իրավատիրության օրակարգը չզիջելով զեխ կյանքին: Արցախի ազատագրումն ու ՀՀ սահմանների պաշտպանությունը հայ ժողովրդի ու նորաստեղծ պետության գլխավոր առաքելությունն էր, որն իրականացվեց մեր հայրենակիցների տոկունության, զրկանքների, զոհողությունների ու հազարավորների նահատակության գնով:
Անկախությունը պահանջում է նվիրում, ազատ ու անկախ պետություն ունենալու գաղափարի շուրջ համախմբվածություն և պայքար՝ հանուն հայրենի սրբազան հողի պահպանության, զարգացման ու համամարդկային նվաճումների գանձարանում նյութական և հոգևոր արժեքների համալրման։ Անկախությունը մեր հոգևոր վերածննդի ակտն է, ազգային իդեալի ու երազանքների փաստաթղթային ամրագրում, որն իմաստազուրկ է՝ առանց իրականացման անկոտրում կամքի և հանձնառու գործողությունների:
Ընդգծենք՝ անկախ պետականությունը միայն սահմաններ ու պետական ինստիտուտներ չէ, այն հայության հավաքական կամքի ու քաղաքական ազգ լինելու հիշողության արտահայտությունն է՝ պահել ու արդիականացնել սեփական ինքնությունը, լեզուն, մշակույթը, ավանդույթները՝ չզիջելով իր կենսական ազգային-պետական շահերը։
Անկախության հենասյունը արդարությունն է, հավասարությունը, ազատությունն ու ժողովրդավարությունը՝ բարձրագույն ու անզիջելի արժեքներ, որոնք պարտավոր են պահել ու պահպանել իրավահաջորդ բոլոր պետական իշխանությունները։
Առաջիկա ամիսներն ու տարիները լի են լինելու համաշխարհային ու տարածաշրջանային ծանրագույն անվտանգային և ռազմաքաղաքական մարտահրավերներով: Մեր պետության ճակատագիրը վճռվելու է բանակի մարտունակությամբ, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջությունը պահպանելու վճռականությամբ, պետական համակարգի անխափան և նպատակային գործունեությամբ և ազգային-պետական շահերով առաջնոդվող իշխանությամբ:
Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն/հիմնադրամ