Արցախցիների մասնակցությունը համահայկական պայքարի տարբեր դրվագներում
13.09
2024
Պատմական Հայաստանի 10–րդ նահանգը` Արցախը, ներկայումս ծանրագույն վիճակում է․պատմության մեջ առաջին անգամ արցախցին պայքարում է իր ազատության և մայր հայրենիքին միանալու համար՝ հայաթափված Արցախի պայմաններում։
Հայաստանի անքակտելի մաս կազմող Արցախը հայ ժողովրդի ազատության համար պայքարել է երկու հիմնական ուղղություններով՝
1․ համահայկական պայքարի հորձանուտում,
2․ 1918թ.-ից մայր Հայաստանին միանալու համար։
Հաճախ ներկայացվում է, թե Արցախի պայքարը եղել է միայն անկախության կամ ՀՀ–ին միանալու համար, և չի շեշտվում Արցախի պայքարը համահայկական տիրույթում։ Սա մեր ներքին քաղաքականության հիմնական սխալներից մեկն էր, որից էլ առավելագույնս օգտվեց ՀՀ ներկայիս իշխանությունը՝ փորձելով սեպ խրել արցախցիների և ՀՀ քաղաքացիների միջև։
Համահայկական տիրույթում փորձենք կանգ առնել արցախցիների պայքարի մի քանի կարևոր դրվագների վրա։
Այսպես, 451թ․ մայիսի 26–ին Ավարայրի ճակատամարտին մասնակցում էր արցախցիների մի զորաջոկատ Բակ իշխանի հրամանատարությամբ։ Նույնիսկ գոյություն ունի վարկած, որի համաձայն՝ Վարդան Մամիկոնյանի աճյունը պարսիկների ձեռքը չընկնելու համար Բակ իշխանն այն տեղափոխել է Արցախ և ամփոփել Դիզակի շրջանում (հասկանալիպատճառով, ըստ վարկածի, չեմ նշում տեղը)։
Հաջորդ կարևոր դրվագը 428թ․-ին էր, երբ հայոց Արշակունիների դինաստիան անկում ապրեց, և կորցրինք անկախությունը։ 480–ական թթ․ Հայաստանի Արցախ և Ուտիք նահանգներում հաջողվեց վերականգնել հայոց անկախ պետականությունը Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ, որը թագավորեց մինչև 510թ․։
Արցախը հայոց անկախության վերականգնման համար լուրջ պայքար ծավալեց նաև 1724–1731թթ․, երբ Արցախի հայոց մելիքությունները պատմական Արցախ նահանգում ազգային ազատագրական պայքար սկսեցին։ Դրա նպատակն էր, նախ,կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրորդ՝ վերականգնել հայոց անկախ պետականությունը։ Այն համընկավԴավիթ Բեկի և Մխիթար սպարապետի գլխավորությամբ 1722–30թթ. Սյունիքիազատագրական պայքարի հետ։ Պայքարն ուղեկցվեց նաև դիվանագիտական քայլերով։ Թշնամու դեմ համընդհանուր ճակատ կազմելու համար հարաբերություններ հաստատվեցին վրաց Վախթանգ 6-րդ թագավորի, Պարսկաստանի հետ, իսկ Ռուսաստանից առաջին անգամ Արցախ ժամանեց հայազգի ռուսական արքունիքի պատվիրակ Իվան Կարապետը։ 1723թ․ թուրքերը գրավեցին Թիֆլիսը, Գանձակը, ապա նաև Երևանը։ Արցախը (ինչպես հիմա) և Սյունիքը թշնամու դեմ մնացին միայնակ։ Թշնամին առաջինը մտնում է Արցախ (ինչպես հիմա)։ Էջմիածնի կաթողիկոս Համանդանցուն թուրքական զորահրամանատարները ստիպում են նամակ գրել Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանին, որ արցախցիները զենքը վայր դնեն և ընդունեն թուրքական հպատակություն (ինչպես ներկայումս արեց ՀՀ իշխանությունը՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս)։ Բայց արցախցիները անհետևանք թողեցին վերոհիշյալ նամակը և պատրաստվեցին մարտնչել (ինչպես հիմա)։
Քանի որ այսօր մեր նպատակը ամբողջ դեպքերի ընթացքը վերլուծելը չէ, միայն ավելացնեմ, որ Արցախի և Սյունիքի պայքարը պայքար էր՝ հանուն Հայաստանի ազատագրման և անկախության վերականգնման՝ թեկուզ փոքր տարածքների վրա։
Արցախցիներն իրենց հերոսությամբ փայլեցին նաև 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրական (ֆիդայական) շարժման ժամանակ։ Մի շարք արցախցիներ նետվեցին Արևմտյան Հայաստանում սկսված ֆիդայական շարժման հորձանուտը, ինչպես հայ ազգի զավակները նետվեցին 1988թ․ սկսված արցախյան շարժման մեջ։ ֆիդայական շարժման կարկառուն արցախցի զավակներն էին Սարգիս Կուկունյանը, Նիկոլ Դումանը, Վանա Իշխանը, Եփրեմ խանը, Մենակը, որին Ավ․ Իսահակյանը բանաստեղծություն է ձոնել, Խանասորի Վարդանը, Թորգոմը, Շուշեցի Իսաջանը, Սյունիքում ծնված և մեկ տարեկանում Շուշի տեղափոխված Արամ Մանուկյանը և ուրիշներ։
Մեծ էր արցախցիների մասնակցությունը նաև Սարդարապատի ճակատամարտում, ճակատամարտ, որով փրկվեց Երևանը թուրքական ներխուժումից։ Իսկ Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսիայի ճակատամարտերը հիմք դրեցին Հայաստանի անկախությանը և առաջին Հանրապետության ստեղծմանը։ Սարդարապատի ճակատամարտի (1918թ․ մայիսի 21-29) արցախցի կազմակերպիչներն ու հրամանատարներն էին Արամ Մանուկյանը, Դանիել Բեկ Փիրումյանը, Պողոս Բեկ Փիրումյանը, Հովհաննես Բաղրամյանը, Արցախից ժամանած մահապարտների գունդը և այլն։
Արցախը, մշտապես համահայկական դաշտում գտնվելուց բացի, 1918թ․-ից պայքարում էր Հայաստանի կազմում մնալու համար, իսկ 1920թ․-ից հետո, երբ սկսվեց ձևավորվել ԽՍՀՄ–ը, իր պայքարը ծավալում էր ԽՍՀՄ շրջանակներում՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը (1991թ․)։