Արցախցիների պայքարը մայր Հայաստանին վերամիավորվելու համար (1918-1930– ական թթ․). մաս 2

Արցախցիների վեհանձն պայքարը համահայկական տիրույթում 1918թ․ վերածվեց հիմնականում մայր
Հայաստանին վերամիավորվելու համար ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության։ Ինչու՞ է
ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության սկիզբն ընդունված համարել 1918թ․, որովհետև
արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» պետությունը գոյություն ունի 1918թ․–ից։
1918–1920թթ․ և 1991–2018թթ․ արցախցիները պայքարում էին մայր հայրենիքին միանալու
համար՝ թիկունքում ունենալով անկախ Հայաստանի Հանրապետությունը, իսկ 1922–1991թթ․–ից
պայքարը շարունակվել է ԽՍՀՄ կազմում։ 2018թ․–ից առ այսօր Արցախը շարունակում է պայքարը
մայր Հայաստանին միանալու համար միայնակ, մեղմ ասած՝ առանց ՀՀ իշխանությունների
պաշտպանության, ավելին՝ ՀՀ իշխանությունները, մեր պատմության մեջ առաջին անգամ, դեմ դուրս
եկան այդ պայքարին։

Արցախի՝ մայր Հայաստանին վերամիավորվելու համար պայքարը պետք է բաժանել հետևյալ
հանգրվանների․

1) 1918–1920թթ․։ Այդ թվականներին Արցախն ինքնակառավարվող պետական կազմավորում էր,
որը դե ֆակտո Հայաստանի մաս էր և ուներ իր Ազգային Խորհուրդը, բանակը և այլ պետական
կառուցվածքներ։ Այս փուլում Ղարաբաղը դիմագրավել է ոչ միայն Ադրբեջանի, այլև մասամբ
նաև Անգլիայի ճնշումներին։ Վերոհիշյալ ժամանակաշրջանում տեղի են ունեցել Ղարաբաղի
հայության 10 համագումարներ, որոնք մերժել են Ադրբեջանի պահանջը՝ միանալու
Ադրբեջանին: ՀՀ–ն փորձում էր առավելագույնս օգտագործել դիվանագիտական
հնարավորությունները հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար՝ խուսափելով երեք
ճակատներում՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի դեմ կռվելուց։ Արցախը ՀՀ–ից
պաշտպանական մեծ օգնություն ստացավ առանձնապես Դրոյի և Նժդեհի միջոցով։ Սակայն
1919թ․, երբ ուժեղացան Ղարաբաղի վրա ճնշումները, հունվարի 26–ին ՀՀ-ի Արտաքին
գործերի նախարարը հեռագիր ուղարկեց Ադրբեջանի կառավարությանը՝ հայտարարելով, որ
Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է։ Սակայն դեպքերն ընթացան այլ ուղղությամբ,
երբ բոլշևիկները մտան Անդրկովկաս և Ադրբեջան։ 1920թ․ Թաղավարդում կայացած
Ղարաբաղի ազգային ժողովի 10–րդ համագումարում ստիպված Լեռնային Ղարաբաղը
հայտարարվեց Խորհրդային, և ստեղծվեց հեղկոմ՝ Սաքո Համբարձումյանի գլխավորությամբ։
Ղարաբաղը աշխարհաքաղաքական ուժերի փոփոխության արդյունքում խորհրդայնացվեց
փաստորեն Կարմիր բանակի կողմից։

2)․ 1920–30 ական թթ․։ Երբ Ղարաբաղը դարձավ խորհրդային, առաջին օրերին բոլշևիկները
հայտարարեցին, որ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Հայաստանի անբաժանելի մասն են, բայց հետագայում խորհրդային Ռուսաստանը այդ տերիտորիաները ճանաչեց վիճելի տարածքներ։ 1921թ․ հուլիսի 4–ին Թիֆլիսում տեղի ունեցած ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստում որոշվեց Ղարաբաղը միացնել Հայաստանին։ Որոշմանը կողմ քվեարկեցին Ս. Կիրովը , Ս. Օրջոնոկիձեն, Ա.Մյասնիկյանը և Ֆիգները, իսկ դեմ քվեարկողներն էին Նարիմանովը, Մախարաձեն և հայի հերթական տականքը՝ Նազարեթյանը։ Ավելին, Նազարեթյանը ևս բողոքեց հուլիսի 4–ի որոշումը վերանայելու համար, և հաջորդ օրը, առանց քվեարկության, ընդունվեց նոր որոշում՝ Ղարաբաղը միացնել Ադրբեջանին և տալ ինքնավարություն, որն իրականացվեց երկու տարի հետո՝ 1923թ․։ Սակայն արցախահայությունը չընդունեց այս կամայական որոշումը և սկսեց պայքար Հայաստանին վերամիավորվելու համար։ Զանգեզուրում Գ. Նժդեհի, իսկ Ղարաբաղում Թևան Ստեփանյանի գլխավորած ազատագրական շարժումը ճնշելուց հետո, Ստալինյան ռեժիմի պայմաններում, ընդվզումները շարունակվեցին մինչև 1930թ․։

1921թ․ գարնանը հայ–ադրբեջանական բախումներ տեղի ունեցան սահմանամերձ շրջաններում,
զոհվեցին Ներքին Սզնեք և Նորշեն գյուղերի մի շարք բնակիչներ։ 1922–23թթ․ Մոխրաթաղ և Ներքին
Սարով գյուղերի անտառներում գործում էր Գ․ Դանիելյանի և Մովսես Քոթեևի գլխավորությամբ
զինված ջոկատը, որը հրաժարվում է ենթարկվել Ադրբեջանին։ 1925–29թթ․ Ջրաբերդում գործում էր
մեկ այլ ջոկատ՝ Սերգեյ Բալայանի գլխավորությամբ, և այս ապստամբությունը ճնշելու համար
Ադրբեջանը նույնիսկ զորք տեղափոխեց Ղարաբաղ և միայն այդ ժամանակ հաջողվեց ճնշել
ապստամբությունը։ 1928–1929թթ․ 25 հոգուց բաղկացած մեկ այլ ջոկատ գործում էր հյուսիսային
Արցախում՝ Էրքեջ, Բուզլուխ և Գետաշեն գյուղերում՝ Ալեքսանդր Տեր–Սարգսյանի գլխավորությամբ։
1920–ական թթ․ ղարաբաղյան շարժումները համակարգում էր 1921թ․ Թավրիզում ՀՅԴ–ի կողմից
ստեղծված «Ղարաբաղի ազատագրման միությունը», որի անդամները գաղտնի անցնում էին սահմանը և գործում Արցախում։ Այս կազմակերպության նշանավոր դեմքերից էր Դ․Դանիելյանցը իր խմբով, որը գործում էր Խաչենում և երկու տարի հսկում էր Շուշի–Աղդամ ճանապարհը. մի ընդհարման ժամանակ սպանվում է նույնիսկ Աղդամի շրջգործկոմի նախագահը։ Հետագայում Դ․ Դանիելյանցը բանտարկվեց և մահապատժի ենթարկվեց։ Այդ նույն ժամանակ Ղարաբաղում ստեղծվել էր նաև «Ղարաբաղը Հայաստանին» միությունը, որը գաղտնի իր բջիջները ուներ Արցախի գյուղերում։ 1928թ․ ձերբակալվեցին միության ավելի քան 500 անդամներ։ Հակաադրբեջանական շարժումը ճնշելու գործողությունը անձամբ ղեկավարում էր Բագիրովը՝ բանակի օգնությամբ։ 1930թ․ Շուշիի շրջանում ձերբակալվեցին 17 զինագործ վարպետներ, առգրավվել 6 թնդանոթ, 30 գնդացիր և այլ տիպի զենքեր։

Ապստամբեցին նաև Խծաբերդի բնակիչները, և Բագիրովը ստիպված լրացուցիչ զորք տեղափոխեց։
1933թ․ մեծ ընդհարում տեղի ունեցավ Քարագլուխ և Աղդամի շրջանի Ջինլի գյուղերի միջև։ Նույնիսկ
Ստալինյան ռեժիմի պայմաններում տեսնելով, որ հնարավոր չէ զենքի ուժով վերջնականորեն ճնշել
արցախցիների պայքարը, Բագիրովը, օգտվելով ստալինյան ռեպրեսիաներից, 30–ական թթ․ երկրորդ
կեսին ԼՂԻՄ–ում սկսեց կադրային ջարդ։ 1937թթ․ նա Ստեփանակերտում իբր բացահայտեց
նացիոնալիստական խմբակ, և ձերբակալվեցին, աքսորվեցին ու մահապատժի ենթարկվեցին բազմաթիվ տավորականներ և այլ քաղաքացիներ։

Ինչպես տեսնում ենք, նույնիսկ ստալինյան ռեժիմը անզոր էր կանգնեցնելու արցախցիների պայքարը
մայր հայրենիքին վերամիավորվելու համար։

Կարդացեք նաև