Արցախը և Հայաստանը տեսնել առանց հայերի՝ կանգ չառնելով ոչնչի առջև. 105 տարի անց նպատակը չի փոխվել
24.03
2025
Արցախի հայաթափման ադրբեջանական ծրագրերը Հայոց ցեղասպանության համակարգված գործողությունների շարունակությունն են: 1920թ․ սկզբին (մարտի 22-26) Մուսավաթական Ադրբեջանը ձեռնամուխ եղավ ուժային մեթոդով Արցախն իրեն ենթարկելու ծրագրի իրագործմանը։ Շուշիի ջարդերի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու նպատակով, այնտեղ ժամանեցին թուրքական բանակի բարձրաստիճան սպաներ Նուրի և Խալիլ փաշաները, Քյազիմ բեյը՝ 10 սպաների ուղեկցությամբ: Ադրբեջանի ռազմական գործողությունները պլանավորել են Թուրքիայի բարձրաստիճան սպաները։ 10 հազարանոց թաթարական զորքերն ու քրդական զինված հրոսակախմբերը վերադասավորում են ուժերը և ինչպես 2023թ․-ին, կտրում են կապը Սյունիքի հետ, ու Արցախը մնում է շրջապատված։
Նովրուզ-բայրամը տոնելու անվան տակ Արցախի հարակից շրջաններից Շուշի բերելով հազարավոր մուսուլմանների՝ միաժամանակ լուրեր տարածեցին, թե իբր հայկական մի զինյալ ջոկատ մտել է Շուշի։ Ինչպես ցեղասպանության ժամանակ, այնպես էլ Շուշիի ջարդերից առաջ թուրքերը փորձեցին ստեղծել պատկեր, թե իբր իրենք ճնշել են հայերի ապստամբությունը։ Ճիշտ նույն ձեռագիրն է նաև հիմա․ ագրեսիայի հետևանքով Արցախի բռնազավթումը փորձում են ներկայացնել իբրև սեպարատիստների և զինյալ խմբավորումների դեմ պայքար։ Երբ 1920թ․ փետրվարին Սուլթանովը վերջնագիր ներկայացրեց, որով պահանջում էր թույլ տալ թաթարական զորքերի և քրդական ջոկատների անարգել մուտքը Դիզակի, Վարանդայի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններ, ինչպես 2023թ․ սեպտեմբերին, փետրվարի 28-ից մարտի 4-ը Շոշ գյուղում տեղի ունեցավ արցախահայության 8-րդ համագումարը, որը, փաստորեն, մերժեց վերոհիշյալ պահանջը։ Մարտի 11-ին և 12-ին Բաքուն Արցախ ուղարկեց նաև զենքով ու զինամթերքով բեռնված 90 վագոն։ 1920թ․ մարտի 22-ից 26-ը իրականացված ջարդերի հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոն Շուշիում սպանվեց մոտ 20.000 հայ։ Ողջ մնացած հայերը տեղահանվեցին, հայաթափվեց Շուշին, կատարվեց գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում ու թալան։ Ջարդերը իրականացրին Թուրքիայի Հանրապետության բանակը, Արցախում բնակվող թաթարները՝ ներկայիս ադրբեջանցիները, և քրդական խմբավորումները։
1920թ․ Շուշիի ջարդերը ևս մի անգամ ապացուցում են, որ անկախ նրանից՝ ինչ կուսակցություն և քաղաքական ինչ ուժեր են իշխում Ադրբեջանում, Ադրբեջանի նպատակը մեկն է՝ Արցախը և Հայաստանը տեսնել առանց հայերի՝ կանգ չառնելով ոչնչի առջև։