Աշխարհաքաղաքական փոփոխություններն ու Հայաստանն այսօր. ի՞նչ անել
14.07
2025
Մաս առաջին
Այսօր, Հայաստանն ապրում է դժվարագույն օրեր։ Համատարած այս նեգատիվի մեջ՝ նվազագույնը պետք է անմեղսունակ լինել` դրականի մասին խոսելու համար: Ցավն այն է, որ ամեն ինչ վատ լինելով` դեպքերը զարգանում են դեպի վատագույնը: Կատարվում են զանգվածային կալանավորումներ, և դրա նպատակը մեկն է՝ քողարկել Աբու Դաբիում Հայաստանի ինքնիշխանության վաճառքը, իսկ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ փաստաթղթավորում է այդ գործընթացը: Հայաստանը գնում է նոր զիջումների՝ խաղաղության անվան տակ: 2021-ից շեշտում եմ՝ սույն էակը վառելու է բոլորիս ու դառնալու է նախագահ՝ նվազագույնը 10 տարով, այսինքն, Հայաստանը դառնում է Հյուսիսային Կորեա: Նիկոլը հատ հատ զիջելու է այսպես կոչված անկլավները, փոխելու է Սահմանադրությունը, փակելու է ազգային կուսակցությունները, ճանապարհի անվան տակ տալու է միջանցք և հաջորդ տարվա ապրիլի 24-ին այցելելու է Թուրքիա ու ստորագրելու է խաղաղության փաստաթուղթը: Այժմ փորձենք բացել հետաքրքիր փակագծեր, խոսենք աղետը կանխելուն ուղղված քայլերի մասին:
Հիշում եմ` 6 տարի առաջ, երբ սրանք նոր էին բազմել աթոռին, ներհայկական առումով մեկ խնդիր ունեին՝ ջլատել ազգային ինստիտուտները, որոնք հիմնականում երեքն են՝ հայկական բանակը, Հայ եկեղեցին և ՀՅԴ-ն: Հայկական բանակին հրաման է տրված՝ չդիմադրել, Հայ եկեղեցու դեմ՝ նեոբոլշեվիկյան արշավանք է սկսվել, իսկ Դաշնակցության դեմ հալածանքների նպատակը՝ ազգային գիծը ջարդելն է: ՀՅԴ-ի նվիրման ու գործունեության 1 տոկոսը չունեցող այս մարդկանց հոգիները փառավորվում է տեսնելով դաշնակցականների զանգվածային ձերբակալումը։ Սրանք այն մարդիկ են, որոնք թուրք բառից դողում են, բայց շարունակում են աքլորանալ ու իրենց գիտամտավոր մակարդակից լուսային տարիներով հեռու դատողություններ անել ՀՅԴ պատմության մասին: Խոսքն ամենևին քննական և քննադատական խոսքի մասին չէ, այլ՝ հերյուրանքի, հակագիտական ու հակատրամաբանական խոսքի՝ զուրկ գիտելիքից և վերլուծական մեթոդաբանությունից: Կարող ենք տասնյակ օրինակներով խոսել, թե պատմության ընթացքում ինչ էր հնարավոր անել, որպեսզի խուսաբեինք Հայաստանի խորհրդայնացումից կամ ՀՅԴ հայաստանյան գործունեության հայապահպանությունն ավելի ուժեղ հիմքերի վրա դնելուց, բայց այդ քննադատության տակ կդնեի միտք, գիտելիք ու կյանքի որոշակի փորձ։ Այդքանով հանդերձ՝ հայ ազգային կյանքում, Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի ազգային-պետական նպատակների և շահերի հետապնդման հարցում ՀՅԴ դերակատարման ցանկացած նսեմացում ուղիղ կապված է թշնամու ձեռագրի հետ, իսկ այդ թշնամին միայն դրսում չէ, այլ ներսում՝ իր ստեղծած վիրտուալ ցանցով: Կրկնեմ՝ խոսքը գործունեության քննադատության մասին չէ, այլ Դաշնակցության գաղափարախոսության, նրան պիտակավորելու և մարգինալացնելու մասին է, որի հետևանքները ծանր են լինելու, թեև, վստահ եմ, որ ՀՅԴ-ի նման ուժեղ և ամրակուռ ազգային կառույցը կկարողանա հաղթահարել՝ դեռ 90-ականներից սկիզբ առած այս փորձությունը: ՀՅԴ գործունեության մասին խոսելիս պետք է ունենալ կյանքի որոշակի փորձ, քաղաքական և պատմական գիտելիք, ազգային մտահորիզոն, և ոչ թե «բեսետկայի» մակարդակի զրույց տանել, կամ՝ խորհրդահայ կինեմատոգրաֆից թքած-կպցրած արտահայտություններ մեջբերել՝ իբր խելացի երևալու համար, կամ էլ բազմոցին նստած միայն քննադատել և արջի ծառայություն մատուցել հակահայ բոլոր ուժերին: Այս հարցով՝ մեդիադաշտում մտոք գաճաճների պակաս չկա։ Մարդ, որը նույնիսկ նորմալ լրագրողական նյութ չի կարող գրել, այսօր խոսում է 1908 թ. իրադարձությունների մասին, կամ կարծիք է հայտնում, որ ՀՅԴ-ն է եղել Հայոց ցեղասպանության մեղավորը։ Այսպիսինների խոսույթին անիմաստ է հակադարձել, որովհետև նրանք շատ փոքր են, ոջիլից էլ փոքր, որ արժանանան նման պատվի և կարողանան՝ Դաշնակցության նման հայկական ազգային պատմական ժառանգությանը կամ Հայ եկեղեցուն ծաղրի առարկա դարձնել, որովհետև ոչ պատմություն գիտեն, ոչ ունակ են վերլուծել՝ նույնիսկ կարդալ, իսկ եթե պատահմամբ կարդում են՝ կարդացածն էլ չեն հասկանում, չունեն պատասխանատվության զգացում, պատվախնդրություն կամ ուղեղ, որ կարողանան մարդավարի խոսք ասել, քննարկել, առողջ քննադատել։ Նրանք հասարակ դակիչներ են, որոնց Նիկոլը փրկեց՝ փողոցից բերելով խորհրդարան, որպեսզի անմեղսունակի պես ծառայեն Հայաստանի թիվ մեկ սուտասանին՝ խայտառակելով խորհրդարանը: Ուստիև՝ որքան էլ շարքային ուսապարկը իրեն մեջտեղից ճղի, թուրքի ոտքերի տակ թավալ եկող ինքնասիրահարված «լաման» փորձի պատմությունից խոսել, որքան հաճախակի հանդիպի թուրք գործընկերների հետ, որքան էլ թուրքական ու բրիտանական հատուկ ծառայությունները նրան մշակեն, ինչ-որ պատմական փաստաթղթեր ցույց տան, որպեսզի վայրահաչի հայկական ազգային հարցի՝ Հայ դատի մասին, հետո 32 ատամները ցույց տալով էրդողանի ձեռքը սեղմի՝ մեկ է, դրանից ոչ իր արժեքն է բարձրանում, ոչ էլ Թուրքիան է դադարեցնելու Հայաստանը ներսից ու սահմանից զավթելու իր ծրագրերը: Այս անառակաբարո իշխանության օրերն ու ամիսները հաշված են, դրա համար էլ ընկել են հիստերիկ նոպաների մեջ, և գործողություններն էլ ադեկվատ չեն։ Նույնիսկ իրավապահ համակարգում կան մարդիկ, որոնք ասում են՝ ապուշությունն էլ սահման ունի, որովհետև չեն կարողանում սուտ մեղադրանքի տակ հիմք դնել, այլապես ո՞ր մի հիմարը որսորդական հրացանով, այն էլ լիցենզավորված, կփորձի հեղաշրջում իրականացնել. միայն այդ հիմարից ավելի հիմարը։ Կամ նռնականման առարկայի ներսում պահվող սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներով ու փեյնթբոլի շարիկով հեղաշրջու՞մ, գոնե մի երկու նռնակ բերեք գցեք տանը, որ իրեղեն ապացույց ունենաք, դա՞ էլ չեք ֆահմում, թե՞ միայն Բագրատ սրբազանին գաղտնալսելով ու ձայնագրությունները ձեր հագով մոնտաժ անելով է: Սրանք գնում են աղետալի քայլի։ Աշխարհում տեռորիստ բառը հիմա մոդայիկ է, ում ուզում են լռեցնել, նստեցնել՝ պիտակավորում են, որպեսզի դրսում կարողանան կոծկել սեփական ավտորիտար ռեժիմի արաքները: Աշխարհը հիմա խառն է, և պարտադիր չէ, որ ընթացող հակամարտություներն ունենան բացառապես ռազմական բնույթ։ Սա հիբրիդային պատերազմ է, որտեղից հաղթող դուրս չեն գալիս, այլ՝ նվազագույն կորուստներով: Այդ կորուստներն էլ իբր ավելի չմեծացնելու համար՝ փաշինյանական խունտան անցել է ներքին տեռորի, կալանավորում ու ձերբակալում է բոլոր նրանց, ովքեր ընդդիմանում են հայաստանակործան իր ծրագրին: Նշանակետում՝ Հայ եկեղեցին է, նրան աջակցող և կազմակերպական ունակություն ունեցողները, և ազգային գաղափարախոսություն ու դիմագիծ ունեցող ուժերը, որոնք Փաշինյանին հասցրել են հոգեխանգարմունքի:
Քանի աշխարհը խառն է, սղացնելու են հայ-թուրքական կնճիռը խաղաղության անվան տակ: Իմ կարծիքով՝ ի՞նչ է սպասվում մեզ.
Նիկոլը փորձում է շրջանցել նոյեմբերի 9-ի հայտարարությունը կամ փաստաթուղթը: Մի ժամանակ քննադատում էինք այդ փաստաթուղթը, որը լեգիտիմացնում էր Արցախի օկուպացիան, իսկ հիմա հայտնվել ենք մի վիճակում, երբ երանի ենք տալիս և տալու այդ փաստաթղթին:
Արտապատվիրակում. այս եզրույթը նոր է մտել քաղաքական լեզվամտածողության մեջ, համենայնդեպս՝ վերջին 5-6 տարիներին, երբ սրանք եկել են իշխանության: Գլոբալացվող աշխարհում շահում է նա, ով կարողանում է հնարավորինս պինդ կառչել ինքնիշխանությունից և նվազագույն կորուստներով դուրս գալ. բացարձակ ինքնիշխանություն չկա, բայցև՝ պետության տարածքային ամբողջության պահպանումը ինչ որ մեկին պատվիրակելը կամ լիազորելը խոսում է սեփական սնանկության մասին, ինչն անում է Նիկոլը: Պետության տարածքը պիտի պահպանի բանակը, իսկ եթե այլ բանակ է վերահսկում, կամ` այլ կազմակերպություն, այստեղ այդ սուբյեկտն էական չէ. ասել կուզի՝ բացի պետության զինված ուժերից այլ սուբյեկտի ներգրավումը խոսում է կիսատ ինքնիշխանության մասին, ինչը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, մասնավորապես՝ պետության քայքայման ու մասնատման: Խոսքն այստեղ մեկ այլ պետության սահմանապահների հետ համատեղ անվտանգային հսկողություն իրականացնելու մասին չէ, այլ այն, որ, դիցուք, Հայաստանը կարող է տվյալ դեպքում ամերիկյան քաղաքացիական մի ծառայության արտապատվիրակել Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի հսկողությունը: Նիկոլին նվաստացրել են Աբու Դաբիում և պարտադրել, կամ` ինքը սեփական կամքով համաձայնել է գնալ նման քայլի: Նիկոլը հիմար չէ, և վստահ եմ՝ Ալիևից իր միակ խնդրանքը եղել է հետևյալը՝ այսպես կոչված խաղաղության փաստաթղթում ոչ մի կերպ չնշվի միջանցք բառը: Այս հարցում Արևմուտքը, որը հովանավորում է հայ-ադրբեջանական բանակցությունները, լիակատար կաջակցի Նիկոլին և ճնշում կբանեցնի Անկարայի ու Բաքվի վրա, որպեսզի ընդառաջ գնան և ներհայաստանյան ընդվզումներ չառաջացնեն: Ալիևը նույնպես հիմար չէ. իրենց պետք է ճանապարհը, որը ժամանակի ընթանցքում կդառնա միջանցք, նրանց պետք է՝ Նիկոլը մնա իշխանության մինչև կփոխի Սահմանադրությունը և հստակ հանձնառություն կվերցնի՝ Հայաստանում արգելել բոլոր ազգային ուժերի ու կուսակցությունների գործունեությունը: Կրկնեմ՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության փաստաթղթում որևէ ակնարկ չի լինելու Զանգեզուրի միջանցքի մասին, փոխարենը՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին ինչ որ հատված: Նպատակը մեկն է՝ Նիկոլը սեփական հպատակներին պիտք է համոզի, որ միջանցք չտրվեց, իսկ բոլոր նրանք, ովքեր իրեն ընդդիմանում էն կամ թուրք անվանում` սխալ են, մեղավոր են և պիտի ձերբակալվեն: Սա է Նիկոլի հիմնական նպատակը: Նա կատարելու է ևս մի քայլ․ գնալու է Բրյուսել՝ Եվրամիության հետ գործակցության մասօն նոր փաստաթուղթ ստորագրելու: Այդ փաստաթղթով հայտարարվելու է, որ Հայաստանը շահագրգռված է եվրաինտեգրման գործընթացով, և Սյունիքի միջանցքը ծառայելու է Միջին միջանցքի իրականացմանը: Էլի կընկնեն եվրոպացի պաշտոնյաների ոտքերը և կխնդրեն, որ այդ փաստաթղթում գործածվի «խաղաղության խաչմերուկ» արտահայտությունը, որպեսզի Երևան վերադառնալուց հետո սեփական զոմբիլենդին կարողանա կերակրել: Նիկոլի արբանյակներն էլ սա կհամարեն մեծ նվաճում և կպահանջեն Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրս բերումը: Այս ամենին զուգահեռ՝ Սյունիքով անցնող բոլոր ենթակառուցվածքները կապառուսականացվեն, իսկ Մեղրիով անցնող ավտոմայրուղին ու հնարավոր երկաթգիծը կտրամադրվի ինչ-որ արևմտյան կազմակերպության և դրանով իրականություն կդառնա՝ Նիկոլ-Բաքու-Անկարա գործարքը, և կփորձեն համոզել, որ Ադրբեջանին ոչ մի միջանցք էլ չի տրվել, այնինչ այդ ճանապարհը լինելու է ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը, և կձևավորվի Նիկոլին շատ հոգեհարազատ եզրույթ։ Անգամ Թուրքիայում նա հայտարարեց, որ ինքը հաշտ է նման մտքի հետ: Բայց իրականում, սա լինելու է մաքուր ադրբեջանա-թուրքական միջանցք, և Հայաստանը կորցնելու է կապը Իրանի հետ։ Այս ամենը կատարվելու է առանց որև մեծ ջանքի. ընդամենը մեկ-երկու կենցաղային կոնֆլիկտ ադրբեջանական ֆուռերի վարորդների հետ, և Բաքուն կհայտարարի, որ Հայաստանը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, ուստիև՝ Ադրբեջանն ի՛նքը կզբաղվի իր քաղաքացիների անվտանգության հարցով: Մի քանի տարի առաջ, երբ խոսում էի այս սցենարի մասին, իրենց խելոքի տեղ դրած մի քանի թյուրիմացություններ վայնասուն էին բարձրացրել, թե իբր Աբրահամ Գասպարյանը թուրքերին և ադրբեջանցիներին Հայաստանը կործանելու քարտեզ է տալիս։ Դե ոչինչ, միաբջիջ են՝ ամեոբա, թող ասեն, կարևորը՝ կարողանանք այս դժոխային սցենարը կանխել: