Այս փաստաթուղթը խաղաղություն չէ՝ սա քաղաքական կապիտուլյացիա է
09.08
2025
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Ալիև-Փաշինյան հուշագիրն ավելի շատ լարած ական է հայկական պետականության հետագա գոյությանն ու զարգացման հնարավորությանը, քան բեմականացված, լեգիտիմության սուր ճգնաժամը քողարկելու արար, որոշումների ընդունման համաշխարհային կենտրոնների լռելյայն կամ բացահայտ աջակցությանն արժանացած իրադարձություն։
Հռչակագրով նախատեսվում է ստեղծել խոշոր տարանցիկ միջանցք, որը կկոչվի «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Իրականում այն դառնում է Ադրբեջանի համար էներգակիրների արտահանման նոր մայրուղի՝ ապահովելով ավելի ուղիղ կապ Թուրքիայի և այնուհետև Եվրոպայի հետ։ Հայաստանի տարածքով անցնող այս միջանցքը նշանակում է մեր տարածքային ինքնիշխանության նվազեցում և արտատարածքային վերահսկողության մեծագույն վտանգ։
Մոսկվայի և Թեհրանի համար ԱՄՆ-ի ներգրավվածությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» առերևույթ հարված է հյուսիս–հարավ առևտրային երթուղու նկատմամբ նրանց վերահսկողությանը, ինչը տարածաշրջանը վերածում է մեծ տերությունների մրցակցության և բախումների գոտու։ Թեև պաշտոնական Մոսկվայի ու Թեհրանի լոյալությունը կասկածներ էր հարուցում այս երթուղու հարցում ռուս-ամերիկյան, ռուս-իրանական, չի բացառվում նաև՝ իրանաամերիկյան լատենտ կոնսենսուսների հարցում։
Հայաստանը դառնում է ոչ թե խաղաղության կամուրջ, այլ աշխարհաքաղաքական խոր բախման ճակատ, Հայաստանի սիրիականացման կամ լիբանանականացման վտանգն ավելի՛ է ուրվագծվում։
Genesis Armenia-ն վերահաստատում է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը սակարկման ենթակա չեն։ Ցանկացած արտատարածքային վերահսկողություն մեր հողի վրա հակասում է Սահմանադրությանը և ազգային շահերին։
Genesis Armenia-ն կողմ է հաղորդակցությունների ապաշրջափակմանը միայն իրավահավասարության և ինքնիշխանության պահպանմամբ։ Այս հուշագիրը, սակայն, դուրս է թողել Արցախի հարցը, ռազմագերիների վերադարձը, չի պարտավորեցրել Ադրբեջանին փոխադարձ բացել հաղորդակցությունները և փաստացի ընդունել է Բաքվի բոլոր նախապայմանները՝ Բաքվին պարգևելով նաև ԱՄՆ պատժամիջոցների չեղարկումը։
Մենք հայտարարում ենք՝ խաղաղության գնով հնարավոր չէ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Նման պայմանավորվածությունները չունեն ոչ իրավական, ոչ օրինական հիմնավորում, սպառնում են ՀՀ, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերին և միարժեք պետք է մերժվեն։