Այսօր գոյություն չունի Արցախի հարց, գոյություն ունի հայության լինելիության խնդիր․քննարկում՝ «Արցախի հայկական անձնագիրը» թեմայով

 «Արցախ պետք է գնալ անընդհատ, պետք է զգալ այդ ավետյաց հողը»,- Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամում տեղի ունեցած «Արցախի հայկական անձնագիրը» թեմայով քննարկման ժամանակ  ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։ Երգչուհու խոսքով՝ չպետք է համակերպվել այն ամենի հետ, ինչը կատարվել է։

«Ես ինչպե՞ս չեմ համակերպվում՝ աշխատում եմ Արցախում, անընդհատ Արցախում եմ։ Պետք է գնալ Արցախ, թեկուզ եթե Հադրութն ու Շուշին այսօր անհասանելի են, թեկուզ եթե ցանկապատների հետևում անհայտ ծագման ինչ-որ մարդիկ են, բայց սարերը մերն են, չէ՞։ Երբ Ստեփանակերտի ճանապարհին ես, մեկ է, տեսնում ես Ղազանչեցոցը։ Ճիշտ է, խաչը չկա, բայց եկեղեցու ուրվագիծն առաքելական է։ Ճանապա՞րհ են կառուցում, ոչինչ, ապրելու ենք այնտեղ․միայն թե չպետք է համակերպվենք»,-նշեց Շուշան Պետրոսյանը։

Անդրադառանլով հարցին, թե ինչ խնդիր ունի լուծելու հայկական դիվանագիտությունը, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը պատասխանեց, որ այսօր գոյություն չունի Արցախի հարց, գոյություն ունի հայության լինելիության խնդիր։

«Ոչ այնքան ցավոտ է հայրենի հողի կորուստը, որը վերադարձնելը հնարավոր է դիտարկել իրատեսության շրջանակում, ոչ այնքան քայքայված տնտեսությունը, որը պետական ու ազգային շահի գիտակցմամբ հնարավոր է վերականգնել, ոչ այնքան բանակի կառուցվածքային ջլատումն ու գաղափարական միտումնավոր հեղինակազրկումը, որքան հայ մարդու հոգեմտավոր ջախջախումը, սեփական ուժերը վերականգնելու և ինքնաճանաչման ոգեղեն ջախջախումը։ Մենք կորցրած տարածք հետ կբերենք, դրանում կասկած չունեմ. մեր ամբողջ պատմությունն է այդպես գրվել, տնտեսություն՝ էլի կկառուցենք, բանակը կվերազինենք, կդարձնենք ավելի «խելացի», մոբիլ ու ժամանակակից, բայց եթե կորցնենք հայ մարդու արժեքները, 5000-ամյա հողից սնվող որակները, ինքնուրույն աշխատելու և ստեղծելու մեր կամքը, ապա ոչինչ էլ չենք կարող վերականգնել»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։

Պատերազմից հետո Արցախի միջազգային ճանաչման պատմաքաղաքական և իրավական նախադրյալների մասին խոսելիս պգթ Տիգրան Գևորգյանը նշեց, որ Արցախի անկախության ճանաչման քաղաքական նախադրյալները պակասել են։

«Աշխարհը նայում է ոչ թե իրավունքին, այլ ուժին։ Պետք է փորձել օգտվել աշխարհում եղած ուժերի հարաբերակցությունից։

Եվ, ի վերջո, նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում Արցախի ճանաչում ասելով․ճանաչել Հայաստա՞նի մաս, թե՞ անկախ պետություն»։

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի խոսքով՝ մենք պարտվում ենք, որովհետև պառակտվել ենք։

«Թշնամին հասկացավ, որ մեր ուժը միասնության մեջ էր։ Այդ պատճառով էլ իր առջև դրեց նպատակ ու ամեն գնով հասավ դրան։ Վերջին տարիներին պառակտվեց մեր ազգը, սկսվեց պատերազմ, ավարտվեց, և սկսվեց թշնամու գործողությունների 2–րդ փուլը՝ հոգեբանական ճնշումը, որը շարունակվեց մի քանի ամիս։ Իսկ հիմա սկսել են արդեն 3-րդ փուլը՝ հայաթափել Արցախը: Դա թույլ չտալու համար պետք համախմբվել»,- ասաց Վարդան Ասծատրյանը։

Անդրադառնալով կորցրածը վերադարձնելու ռեսուրսներին՝ արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանն ասաց, որ վստահաբար դեռ վեր ենք հառնելու մոխիրներից, բայց այդ գործում պետք է իր մեծ դերն ունենա մտավորականությունը։ Երբ իշխանության են բերվում միջակությունները, արդյունքը լինում է պարտությունը։ Մենք արդեն վայելում ենք այդ պտուղը»։

Մանրամասները` տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=l8p1xVj15Gk