Բաքուն կատարեց պլան մինիմումը. խաղաղության իմիտացիա՞, թե՞ իրական համաձայնագիր

«Խաղաղության համաձայնագիր» կոչվածը համաձայնեցնելուց մեկ ու կես ամիս անց, փաստորեն, ոչ միայն չկա առաջընթաց այդ փաստաթուղթը վավերացնելու գործում, այլև մեկ ու կես ամիս է սահմանին չեն դադարում ադրբեջանական կրակոցները։
Բաքուն կատարեց իր պլան մինիմումը: Չանդրադառնալով այդ փաստաթղթի արարողակարգային անիմաստ տեքստերին, որ երկու պետությունները պատրաստ են միջազգային իրավունքի շրջանակում գործակցել, միմյանց տարածքները ճանաչել ու նմանատիպ այլ բառեր, առանձնացնենք երեք գլխավոր հարց․
ա․ շոշափված չէ Արցախի խնդիրը, այն դեպքում, երբ միջազգային տարբեր կառույցներ իրենց որոշումներում նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք պայմանագիրը պետք է համապարփակ և արդյունավետ լինի, ներառի Ղարաբաղի հարցը։ Օր․՝ 2023թ․ հունվարի 18-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած 2022թ․ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության տարեկան զեկույցում նշված է, որ Խորհրդարանը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը «պետք է անդրադառնա հակամարտության բոլոր հիմնական պատճառներին, ներառյալ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը, տեղահանվածների և փախստականների վերադարձին իրենց տները՝ ՄԱԿ գրասենյակի վերահսկողության ներքո»։ Այսինքն, ըստ միջազգային կառույցների՝ պայմանագրում պետք է արտացոլվեն արցախահայության հարցերը, իսկ ՀՀ իշխանությունը դեմ է,
բ․ Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ դատական հայցերից ու պահանջներից,
գ․ փաստորեն, Հայաստանը 30 տարի եղել է օկուպանտ, «գրավել» է իրեն չպատկանող տարածքներ, որոնց համար տասնամյակներով պիտի հատուցի։ Շոշափված չեն նաև գերիների և այլ անվտանգային հարցեր։
Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չի կնքի Հայաստանի հետ ոչ թե այն պատճառով, որ նրա խաղաղասիրական նկրտումները վիճարկելի են, կամ էլ «ախորժակ» ունի Սևանի, Սյունիքի կամ Տավուշի նկատմամբ, այլ որովհետև Հայաստանի ղեկին չկա կայուն և երկարատև խաղաղության երաշխավոր ուժեղ ղեկավար: Նիկոլը թույլ է, պատերազմում է պարտվել ու բանակցություն է տանուլ տվել ու տալիս, իսկ խաղաղությունը կնքվում է ուժեղների միջև, այլապես միակողմանի կապիտուլյացիա է կնքվում, և ոչ թե իրական խաղաղություն։ Միաժամանակ շեշտենք, որ Հայաստանի միակողմանի կապիտուլյացիան ծանր բեռ է լինելու Ադրբեջանի համար, և սա շատ լավ են հասկանում Բաքվում, որովհետև այս փաստաթուղթը, լավագույն դեպքում, կլինի հակամարտության ժամանակավոր սառեցման մասին փաստաթուղթ։ Ադրբեջանը միայն այն ժամանակ, երբ համոզվի, որ Հայաստանում իշխանության ղեկին գտնվում է բավարար, համենայնդեպս ոչ 10 տոկոսանոց նիկոլական լեգիտիմություն ունեցող անձ, որ Փաշինյանի իրավահաջորդը նվազագույնը քաղաքականապես անհավասարակշիռ չէ և ծիծաղելի կլինի խոսել Արևմտյան Ադրբեջանի մասին՝ ընդգրկված Սևանով, Սյունիքով, Արարատով, Տավուշով ու ամբողջ Հայաստանով, այնժամ Ալիևը շատ լավ կգիտակցի, որ նման նկրտումներն Ադրբեջանին էլ ավելի կթաթախեն արտաքին կախվածության ցեխի մեջ, և որ հայ ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ Ադրբեջանը բացահայտորեն գրավի Հայաստանի տարածքները, դեռ ավելին՝ մի հատ էլ միջանցք բացի իր պահանջած պայմաններով: Սա ռեալ քաղաքականության տրամաբանություն է և հեռանկարի վերլուծություն։ Եթե ազգի ու պետության ճակատագրի մասին ռազմավարական և տակտիկական առումով ծրագիր ունեցող իշխանություն չլինի, եթե հայ ժողովրդի մեջ ազգային մտածողությունը չգերիշխի, իհարկե, Ադրբեջանը կիրականացնի իր ծրագիրը, բայց Ալիևն ու նրա շրջապատը քաջ գիտակցում են, որ իրենց իսկ կողմից ներդրած փաշինյանական իշխանության հետ չի կարելի գնալ լուրջ պայմանավորվածությունների, որովհետև դրանք խաբուսիկ են: Փոխարենը՝ հոգեբանական ուղղորդված ճնշումներով, մեդիատեռորով փորձում են Հայաստանից ու հայությունից ստանալ վախեցածի կերպար, որպեսզի հետագայում կարողանան «գավազանը» պահել ձեռքում։ Իբր խաղաղության հայտարարությամբ, Բաքուն գրպանը դրեց մի շատ կարևոր փաստաթուղթ՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ պայմանավորվածությունը: Ադրբեջանը Նիկոլից ոչ թե փոքր տարածք է ակնկալում, օրինակ՝ մի քանի կիլոմետր Տավուշում, կամ այլ տեղ, իրեն ոչ թե դեմարկացիա-դելիմիտացիան է հետաքրքրում, այլ ունի ընդամենը մեկ հիմնական նպատակ, որը Նիկոլն իր վասալատիրոջը կմատուցի ու նոր կշպրտվի պատմության աղբանոցը. նա պետք է փոխի Հայաստանի Սահմանադրությունը, որում չլինի որևէ անդրադարձ 1989թ․ դեկտեմբերի 1-ի Հայաստանի Անկախության հռչակագրին, այսինքն՝ խորհրդային Արցախի՝ Մայր Հայաստանին վերամիավորվելու որոշմանը։ Մյուս առանցքային դրույթով էլ Թուրքիան է աշխատում՝ Հայոց ցեղասպանության և իրավատիրության չեղյալ հայտարարելու համար:
Եվ հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել իշխանության քաղաքականությունը։ Եվ պատահական չէ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «ՀՀ նոր Սահմանադրությունը կունենա տարածաշրջանային բովանդակություն»։
Սահմանադրության տարածաշրջանային նշանակության վերաբերյալ բնութագրումը շեդեվր է, և եթե պարզ ձևակերպենք, հետևյալն է՝ Հայաստանի ընդունած Սահմանադրությունը պետք է լինի տարածաշրջանի երկրների սրտով, մասնավորապես՝ ինչ կասեն Անկարայում և Բաքվում: Սա նաև մեծ խաղի փոքր քայլն է, որի նպատակը Թուրքիային այս ռեգիոնում ոստիկանապետ կամ մենեջեր կարգելն է, և Արևմուտքի պահակի ու վերակացուի դերի կատարումը՝ ցանկացած մեծ շարժի կամ փոփոխության դեպքում: Ներկայումս Թուրքիան այդ դերը որոշակիորեն ունի. նա Ադրբեջանի հովանավորն է, զգալի կշիռ ունի Վրաստանում ներդրումային պորտֆոլիոյի մեջ, Երևանում էլ ունի հավատարիմ կատարածու իշխանություն: Թուրքական ազդեցությունն այստեղ չի ծավալվում, որովհետև կա երկու էական խոչընդոտ՝ Իրան և Ռուսաստան: Ուրեմն, եթե Արևմուտքին հաջողվեց Նիկոլ Փաշինյանի միջոցով ռուսական դերակատարումն էլ ավելի թուլացնել Հայաստանում, ապա Թուրքիայի համար այս շուկան նվաճելը մեծ դժվարության չի հանդիպի:
Ստացվում է՝ պետք է փոխենք Սահմանադրությունը, հրաժարվենք ազգային նպատակներից, իղձերից, ռուսաստանցի սահմանապահներից կամ եվրոպացի դիտորդներից, քանի որ Ադրբեջանն այդպես է ուզում, հետո տեսնենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը կբարեհաճե՞ն բացել սահմանը, ընդ որում, ակնհայտ է՝ սահմանի բացումը ինչքանով է օգտակար մեզ և իրենց համար։ Եվ այս ամենը կոչվում է դիվանագիտությու՞ն: Դիվանագիտության մեջ աքսիոմ է, որ արտաքին քաղաքականության հաջողության համար ուժն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Հիմա հարց է ծագում՝ ո՞րն է ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության ռեսուրսը, ո՞րն է ուժը, ու՞մն է այդ ուժը, որով փորձելու են հակակշռել կամ բալանսավորել թուրք-ադրբեջանական աճող ճնշումներն ու դերակատարումը, ինչպե՞ս է խուսանավելու իր իսկ ստեղծած այս խճճված վիճակում։ Փորձենք նկարագրել․
ա․ Թրամփի վարչակազմը լուրջ կրճատելու է ֆինանսավորումը,
բ․ Եվրոպան ինքը ֆինանսի խնդիր ունի,
գ․ Ռուսաստանը քաջ գիտակցում է, թե հակառուսական հետագիծն ինչի համար ենք կրճատում, և մեկը մյուսի ետևից ինչի ենք Մոսկվա էմիսարներ ուղարկում,
դ․ վերջին տարբերակով՝ իրավիճակից դուրս գալու համար եվրոդիտորդներին հանելու ենք սահմանից ու կյանքի ենք կոչելու նոյեմբերի 9-ի Նիկոլի ստորագրած փաստաթղթի 9-րդ կետը ու ՖՍԲ-ին ենք վստահելու հայտնի ճանապարհի հսկողությունը։
Սա՞ է ՀՀ արտաքին քաղաքականությունը, այսպե՞ս են Հայաստանի դիվանագիտական տեղն ամրապնդում, թե՞ այս ամբողջը շատ ավելի խորքային գործընթացի քողարկում է:

Համեմատական զուգահեռներ։ Շեշտենք, որ Սահմանադրությունը առաջին հերթին քաղաքական գործընթացի մեջ արտահայտվող սկզբունքների ու նպատակների ամբողջություն է, իսկ տարածաշրջանի համար ընդունելի Սահմանադրության վերջը Բաշար Ասադի ճակատագրին արժանանալն է: Ասադը 2011 թ. բարդ ընտրության առաջ էր կանգնել՝ Ռուսաստան-Իրան առա՞նցք, թե՞ արաբական երկրներ-Թուրքիա երկընտրանք, այսինքն՝ Ռուսատան-Իրա՞ն, թե՞ Արևմուտք։ 13 տարվա ընթացքում նա մի քանի անգամ փորձեց խուսանավել, քանի որ Իսլամական պետություն տեռորիստական կազմակերպության դեմ պայքարի խնդիր կար։ Քրդերն ու Ասադը պետք էին Ամերիկային, դրա համար էլ հանդուրժեցին նրան, բայց վերացավ այդ վտանգը․ ուրեմն Ասադը պետք չէ։ Մեկ` թաքուն ամերիկացիների հետ բանակցում էր, որպեսզի իր ու իր ընտանիքի միլիարդների հասնող հարստությունը չսառեցնեն արևմտյան բանկերում, մեկ՝ Իրանին էր առավելություն տալիս նախագահական պալատում, մեկ՝ երկրի հարստությունը զիջելով Մոսկվային՝ փորձում էր հանդարտեցնել ռուսական գեոպոլիտիկ խանդը, մեկ՝ Թուրքիայի հետ թաքուն հետախուզական տվյալներ էր փոխանակում, վերջն էլ դարձավ ռեգիոնալ Սահմանադրության կամ քաղաքականության զոհ, երբ տարածաշրջանի երկրներն իրենք որոշեցին այդ մարդու և Սիրիայի ճակատագիրը: Արտաքին քաղաքական կողմնորոշման՝ օրիենտացիայի կտրուկ փոփոխությունը հանգեցնում է անվտանգային կոլապսի, քաոսի, քաղաքացիական խմբավորումների միջև զինված բախումների, արյունահեղության, ներքին պատերազմի, որի ավարտը պետության տարածքային մասնատման վտանգն է, սեփական ժողովրդի նկատմամբ բռնություններն ու սպանդը: Այդ ամենը տեսանք վերջերս Սիրիայում, որտեղ սպանվեց տարբեր տվյալներով 2500–4000 ալավի: Սուննիները, կարծես, 50 տարի իշխանությունից զրկվելու վրեժն էին լուծում: Ցեղասպան ձեռագիրը, համենայնդեպս, մաքուր սիրիական չէ, այլ` օսմանական: Զուգահեռաբար՝ Թուրքիան հուղարկավորում է քրդական ազգային խնդիրը Սիրիայում, որի անցումային նախագահ Ահմադ Ալ Շարաաը, կամ նախկին Ալ Ջոլանին, քրդական ամենամեծ խմբավորման հետ ստորագրեց պատմական անվանումն ստացած համաձայնագիր, որն առերևույթ բխում է Սիրիա պետության շահերից, իբր պահում է այդ պետության տարածքային ամբողջությունը, բայց իրականում այն ենթադրում է քրդերի զինաթափում և թուրքական հեգեմոնիայի տարածում: Ալ Ջոլանին Թուրքիայի քաղաքական որդին է, եղել է Ալ Քաիդա տեռորիստական կառույցից անջատված՝ Ջաբհաթ ալ Նուսրայի Սիրիայի թևի ղեկավարը: Ամերիկան նրա գլխի համար 10 միլիոն դոլար է խոստացել. գլխագինը հօդս ցնդեց, քանի որ նա ավելի կարևոր գործ պիտի աներ: Իսկ ինչպե՞ս նրա տեռորիստի կերպարը դարձնել քաղաքակիրթ աշխարհի համար ընդունելի և ընկալելի. նախ փոխել զինվորական համազգեստը, դարձնել փողկապավոր, մեդիայով հանրահռչակել նրան որպես խաղաղություն և անվտանգություն ապահովող նախագահի և վանել այն միտքը, որ Ալ Ջոլանին մի քանի տարի առաջ Սիրիայում ուզում էր հռչակել խալիֆայություն, ինքն էլ էմիրը կամ խալիֆը դառնար: Սիրիայում քրդերի ամենամեծ ռազմաքաղաքական խմբավորման ղեկավարի՝ Մազլում Աբդիի հետ նախագահ Շարաաը ստորագրեց 8 սկզբունքից բաղկացած համաձայնագիր: Ընդամենը 3 կարևոր կետով այդ համաձայնագրով լուծվում են ոչ թե քուրդ ժողովրդի ազգային խնդիրներ, այլ ամրագրվում են քաղաքացիական ու սահմանադրական իրավունքներից լիարժեք օգտվելու ընդհանուր սկզբունքները։ Այդ համաձայնագրի 2-րդ կարևոր կետում կա առանցքային մի եզրույթ՝ Սիրիայում քրդական բնակչություն եզրույթը, այսինքն՝ քրդերը Սիրիայում չունեն ազգային խնդիր, այսինքն՝ ԱՄՆ-ն փակում է Սիրիայում քրդական ազգային էջը և հասկացնում, որ քրդերը Սիրիայում առանցքային փոքրամասնություն են և մյուսների նման վայելելու են ոչ թե առանձնահատուկ կարգավիճակ, այլ սահմանադրական-քաղաքացիաիրավական նորմերով սահմանված իրավունքները, ինչպես Ալիևը փորձում է անել արցախցիների նկատմամբ՝ լավագույն դեպքում:
Հետաքրքիր է նաև հետևյալ հարցը` ինչու՞ Արևմուտքը չդատապարտեց Լաթաքիայի դեպքերը. որովհետև այդ դեպքում հնարավորություն էր տալու ռուսական, իրանական ու Իրաքի շիական խմբավորումներին, Հըզբոլլահին վերակտիվանալ Սիրիայում և խանգարել ԱՄՆ ծրագրերին: Իսկ Վաշինգտոնի կոմբինացիան բավական դիտարժան էր ու շատ հետաքրքիր․ նա մեկ քարով երկու նապաստակ խփեց: Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի դիրքերը վերջնականապես թուլացնելու համար ջարդեց Լաթաքիան և այդտեղի բնակչությանը, միաժամանակ Ջոլանիին պարտադրեց՝ հաշվետվության կանչել Լաթաքիայի և Թարթուսի դեպքերի մեղաավորներին՝ նույնիսկ ամենամերձավորներին, որպեսզի սեփական ձեռքով պատժեն նրանց. այսինքն՝ թուլացնում են ռուսներին ու իրանցիներին, իրեն խալիֆ համարող Ջոլանիին ժամանակավորապես լեգիտիմացնում են, հետո, ամենայն հավանականությամբ, կհեռացնեն ասպարեզից կամ կչեզոքացնեն, կամ էլ իր ղեկավարած խմբավորման 2-րդ համարին կիջեցնեն «մարզադաշտ»: Խաղը բավական մեծ է, մասշտաբային է և սև ամպերը հիմնականում պտտվում են Իրանի, այսինքն՝ մեր տարածաշրջանի գլխին:
Այաթոլլահ Խամենեին վերջերս հայտարարեց, որ Վաշինգտոնը «նոր պահանջներ է պարտադրում» Իրանին, և որ այդ պահանջները «միանշանակ չեն ընդունվի» Իրանի կողմից: Միաժամանակ Թրամփը վերսկսել է Իրանի վրա «առավելագույն ճնշման» արշավը, որը նա սկսել էր դեռ իր նախագահության առաջին ժամկետում՝ նպատակ ունենալով զրոյի հասցնել Իրանի նավթի արտահանումը, մինչև Վաշինգտոնն ինքը կտնօրինի դրա արտահանման և վաճառքի ընթացքը: Չմոռանանք նաև, որ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը կամ վերաակտիվացումը վճռորոշ է լինելու նաև Հարավային Կովկասի համար: Թեհրանը վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն մեծացրել է իր միջուկային գործունեությունը։ 2025-ի սկզբից Թեհրանն արագացրել է մինչև 60% հարստացված ուրանի արտադրությունը, ինչը շատ մոտ է 90% ստանդարտին, որը սպառազինության մակարդակ է: Սա խիստ մտահոգում է ԱՄՆ-ին, Թուրքիային, Ադրբեջանին, Իսրայելին և դիրավորում բոլորին հակաիրանական ճակատում:
ԱՄՆ-ում մտածեցին թուլացնել Իրանի դիրքերը Սիրիայում, Լիբանանում և Իրաքում, որպեսզի ստիպեն նրան կենտրոնանալ միջուկային սպառազինության վրա, քանի որ նման դեպքում Իրանն իր միջուկային պոտենցիալը դիտարկելու է որպես զսպաշապիկ՝ ընդդեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի: Նեղում են Իրանին, ստիպում պարուրվել միջուկային արսենալի թեմաներում և մտնել բանակցային գործընթացի մեջ։ Այս ընթացքում տեղի է ունենում հետաքրքիր իրադարձություն. Վաշինգտոնը բանակցային միջնորդի կարգավիճակ է ցանկանում շնորհել Մոսկվային, որպեսզի հնարավորինս ազդի Թեհրանի դիրքորոշման վրա և մեղմի կարծրացած մոտեցումները միջուկային բանակցություններում: Ինչու՞ է ԱՄՆ-ն նման դեր վերապահում Ռուսաստանին, երբ դեռ ուկրաինական կոնֆլիկտի կարգավորումը իրական միս ու արյուն չի ստացել: Ռուսաստանն ու Իրանը հայտարարել են ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների մասին, երկուսն էլ գրեթե դուրս են մնացել Սիրիայի անվտանգային նոր ճարտարապետությունից, երկուսն էլ ունեն շահերի բախում Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում: Այս դեպքում Վաշինգտոնը երկուսին էլ ներգրավում է խաղի մեջ, ծանր պայմաններ առաջ քաշում, հետո հրաժարվում բանակցություններից և լուծում երկու խնդիր՝ այրում է ռուսական միջնորդական քարտը, Իրանին էլ ներկայացնում է որպես ոչ կառուցողական բանակցող: Իսկ եթե այս ընթացքում Իրանում նորից գլուխ բարձրացնեն հակակառավարական ցույցերը կամ պահանջ ներկայացվի՝ փոխել կոշտ և կարծր դիրքորոշումը բանակցություններում, այսինքն՝ ընդդիմանալ Այաթոլլահի դիրքորոշմանը, ապա Իրանի ներսում անկայուն վիճակ ստեղծելը դառնում է անխուսափելի: Այդ դեպքում ԱՄՆ-ն էլ ավելի կխստացնի հակաիրանական պատժամիջոցները, կվատթարացնի տնտեսության ոչ բարվոք վիճակը և կհասունացնի սոցիալական հողի վրա հնարավոր ապստամբություն, որն, ըստ էության, ունի քաղաքական և գեոպոլիտիկ բնույթ:
Վաշինգտոնում և Թել Ավիվում քաջ գիտակցում են, որ հակաիրանական ճնշումները չպետք է անցնեն կարմիր գիծը, որպեսզի Թեհրանը չհայտարարի, որ դուրս է գալիս Միջուկային զենքի չտարածման պայմանագրից: Այսուհանդերձ, կարծում ենք` Իրանը կխուսափի անկառավարելի էսկալացիայից, քանի որ ԱՄՆ-ի նման պետության հետ կոնֆլիկտի գնալը նշանակում է անխոհեմ խաղ կրակի հետ:
Սիրիայից մինչև Իրան, Ուկրաինայից մինչև Հարավային Կովկաս՝ բոլորն սպասում են Պուտին-Թրամփ բանակցությանը։ Սեղանին տասնյակ փաթեթներ են միմյանց հետ կապված, և շատերի ճակատագիրն այդտեղ է որոշվելու: Մենք չենք կարող անտեսել այլ տարածաշրջանների ճակատագիրը կամ այնտեղ ծավալվող իրադարձությունները.։ Դրանք անմիջականորեն ազդելու են մեր երկրի վրա, և գնդակն այժմ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական հենարան Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դաշտում է, որն էլ պիտի պատասխան տա նվազագույնը դատարանի առաջ, բայց ՔՊ-ն ունի ոսկե հնարավորություն պարանոցին կապած Նիկոլի թոկը դեն շպրտելու, իրավական ուժ չտալու այն կրկեսին, որը կոչվում է խաղաղության գործընթաց։ Չծանրացնելու Հայաստան պետության և հայ ժողովրդի գալիք տարիները, պետականությունը չկորցնելու համար լուծումը մեկն է՝ զրկել Փաշինյանին ՀՀ անունից հանդես գալու բոլոր գործառույթներից։ Եթե ՔՊ-ում դեռ կան հայկականության հետ աղերս ունեցող, պետությունից, ազգային նպատակներից հասկացող, ապրումակցող մարդիկ, պիտի ունենան այդ համարձակությունը և կասեցնեն մայրամուտը, որին հաճույքով տանում է նրանց ոհմակի ղեկավարը:

Կարդացեք նաև