Բաթումի հաշտության պայմանագիրը. մաս 1
04.06
2025
Հայ ժողովուրդը պայմանագրի կնքման նախաշեմին
Բաթումի պայմանագիրը, որը չարչրկվում է հիմնականում ապազգային ուժերի կողմից, ամբողջական ու օբյեկտիվ պատկերացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին իմանալ, թե ինչ վիճակ էր տիրում Անդրկովկասում և աշխարհում պայմանագրի նախաշեմին։ 1918թ․ ծանր ու ճգնաժամային էր Անդրկովկասի համար։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսական կայսրության հսկողությունը Անդրկովկասից վերացել էր։ Ռուսական կայսրությունը փլուզված էր, և բոլշևիկյան հեղափոխությունը հանգեցրել էր Կովկասը քաղաքական վակուումի։ Պայմանագիրը կնքվեց այնպիսի իրավիճակում, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը ռազմական, տնտեսական և քաղաքական ծայրահեղ ծանր դրության մեջ էր։ Հայ ժողովուրդը դեռևս ցեղասպանության արհավիրքներից չվերականգնված, կանգնած էր Օսմանյան կայսրության նոր ագրեսիայի առաջ։ Մայիսյան հերոսամարտերը, ճիշտ է, շատ բան փոխեցին, բայց պատերազմական ռեսուրսների սահմանափակ լինելը, արտաքին օգնության բացակայությունն ու ռազմա–քաղաքակն անորոշությունը ստիպեցին դիմել դիվանագիտական լուծումների, ընդ որում, մայիսյան հերոսամարտերից հետո թուրքական ռազմական ճնշումը շարունակվում էր։
Աքսիոմ է, որ Թուրքիան, իրեն ձեռնտու ցանկացած պահի, կարող է խախտել ցանկացած պայմանագիր՝ հանուն իր շահերի, որը, ցավոք, հաշվի չի առնում ՀՀ ներկայիս իշխանությունը։
1918թ. ապրիլին, խախտելով Բրեստ-Լիտովսկի պայամանագիրը, Թուրքիան գրավեց Բաթումը, Արդահանը, Կարսը, նրա ճնշմամբ 1918թ. ապրիլի 9-ին Անդրկովկասյան Սեյմի համապատասխան հայտարարությամբ Անդրկովկասը անջատվեց Ռուսաստանից ու հռչակվեց անկախ պետություն՝ Անդրկովկասի Դաշնային Հանրապետություն։ Բնական է, առաջին հերթին Թուրքիայի հետ պետք էր ձևավորել որակական նոր հարաբերություններ և հեռանալ գոնե ժամանակավորապես բոլշևիկյան Ռուսաստանից։ Փաստորեն, օրակարգ էր իջեցվում Բրեստ-Լիտովսկի պայմանագրի վերանայման հարցը, այն դեպքում, երբ Անդրկովկասի անկախացումը Թուրքիայի համար ստեղծեց զավթումների իրագործման նոր հնարավորություններ։ Իրոք, թուրքական ներխուժման վտանգը նաև արևելահայության համար ավելի իրական դարձավ։ Օսմանյան կառավարությունը դարձյալ կիրառեց իր փորձված, ավանդական ռազմաքաղաքական մարտավարությունը՝ մի կողմից բանակցել, մյուս կողմից՝ ռազմաքաղաքական ուժով փորձել նոր տարածքներ գրավել, ճնշում գործադրել դիվանագիտական բանակցային գործընթացների վրա (ինչպես այժմ, բայց նույն տակտիկան, սակայն, մենք չկատարեցինք 1994թ.։ Հիշենք, որ այդ մարտավարությունը Թուրքիան կիրառել է նաև Երզնկայից հետո Տրապիզոնի, ինչպես նաև Բաթումի թուրք-անդրկովկասյան դիվանագիտական բանակցային գործընթացներում)։ Ավ. Ահարոնյանի գնահատմամբ՝ «Անդրկովկասյան Սեյմը և կառավարությունը հեռու էին այդ սպառնալիքի ամբողջ լրջությունը գիտակցելուց և ի զորու չէին լուծելու իրենց առջև ծառացած այդպիսի ծանր պարտականությունը»։ Անդրկովկասյան ղեկավարությունն այն կարծիքին էր, որ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախատեսած զիջումներով վերջ կդրվի պատերազմին, և տարածաշրջանում կլինի խաղաղություն (ինչպես հիմա, երբ կարծում են, թե Արցախը զիջելով խաղաղության «խաչմերուկը» կգործի, և պատմությունից դասեր չքաղելով՝ թույլ են տալիս սխալ սխալի հետևից)։ Մի կողմից թուրքերը հաջողությամբ շարունակում էին ռազմաճակատում հաջողություն ունենալ, մյուս կողմից Անդրկովկասը անջատվեց քաղաքացիական պատերազմով ապրող և թուլացած Ռուսաստանից։ Այս իրավիճակում այլ ելք չէր մնում, քան` անդրկովկասյան կառավարությունը թուրքերից խնդրի հաշտության պայմանագիր՝ հարձակումը կանգնեցնելու համար։ 1918թ․ ապրիլի 10–ին Անդրկովկասյան կառավարության նոր նախագահ, արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելին հեռագրեց թուրքական բանակի գլխավոր հրամանատար Վեհիբ փաշային, որ իր կառավարությունը ընդունում է Բրեստ-Լիտովսկի հաշտության դաշնագիրը, խնդրում է դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել Տրապիզոնում ընդհատված բանակցությունները։ Միաժամանակ, չնայած հայերի դիմադրությանը և բողոքներին, Ա․ Չխենկելու կառավարությունը համաձայնվեց դատարկել Կարսի մարզը, զորքերը ետ քաշել մինչև Ախուրյան գետը և ոչնչացնել գետի աջ ափին գտնվող Ալեքսանդրապոլի ամրությունները։ Ապրիլի 11-ին Ա․ Չխենկելին և Անդրկովկասի կառավարության ռազմական նախարարի պաշտոնակատար Ի. Օդիշելիձեն հրամայեցին Թ․ Նազարբեկյանին՝ հեռանալ Կարսից։ Հաջորդ օրը թուրքերը գրավեցին Կարսը, և Կարսի ու Բաթումիի անկումով, ինչպես նշում է Յ․ Իրազեկը(Հակոբ Տեր–Հակոբյան) «ամբողջ Անդրկովկասի բանալիները այլևս նրանց ձեռքերում էին և, ուրեմն, ինչու՞ հաշտության գալ, երբ նվազագույն զոհաբերությամբ անգամ կարելի էր ուզած շրջանները գրավել»։ Արդեն Թուրքիան ռեալ էր համարում իրագործելու պանթուրքիստական գաղափարը՝ գրավել Անդրկովկասը, ներխուժել Իրան և Միջին Ասիա, սակայն, Թուրքիայի համար կարծես պատմական այս պահին լուրջ լարվածություն առաջացավ իր դաշնակից Գերմանիայի հետ։ Թուրքիայի աճող հզորացումը և վերոհիշյալ ծրագրերը վտանգ էին ներկայացնում Գերմանիայի ռազմաքաղաքական և տնտեսական շահերին, որովհետև նման դեպքում Թուրքիան կփակեր Գերմանիայի ճանապարհը՝ ներթափանցելու վերոհիշյալ երկրներ և կզրկեր Անդրկովկասի բնական հարստություններից, մասնավորապես Բաքվի նավթից օգտվելու հնարավորությունից (նույն իրավիճակը ստեղծվեց 1942թ․ Ստալինգրադի ճակատամարտից առաջ, երբ Թուրքիան, որը որոշում ուներ գերմանացիների կողմից այն հաղթանակով ավարտելու դեպքում Անդրկովկասում բացել երկրորդ ճակատը, իսկ դա կվտանգեր Գերմանիայի կողմից Անդրկովկասի հարստություններին, Անդրկովկասի երկաթուղային ցանցին, Վրաստանի բնական հարստություններին, մասնավորապես մանգանին տիրելու համար, որը խիստ անհրաժեշտ էր Գերմանիայի մետաղաձուլարաններում։ Այդ ամենը հաշվի առնվեց իսկույն ՀՅԴ-ի կողմից, և Դրոյի ու Նժդեհի միջոցով սկսվեց Գերմանիայի հետ գործակցության քայլերի ձևավորումը հանուն Հայաստանի պաշտպանության։ Մեր կարծիքով, սա դիվանագիտական խոշորագույն քայլ էր բազմադարյան պատմության դիվանագիտության մեջ՝ նման քայլով կասեցնելու Թուրքիայի ներխուժումը Հայաստան)։ Հետևաբար, իսկույն ևեթ գերմանացիները բանակցություններ սկսեցին վրացիների, մասնավորապես Ա. Չխենկելիի հետ՝ դրա դիմաց խոստանալով ապահովել և պաշտպանել Վրաստանի անվտանգությունը և սահմանները։
Գերմանացիներին Արևելյան Հայաստանը տնտեսապես հետաքրքիր չէր, սակայն Հայաստանով էր անցնում երկրամասի երկաթուղային հանգույցի մի մասը, որը դարձավ նաև Թուրքիայի և Գերմանիայի քաղաքական և տնտեսական շահերի բախման յուրովի «հանգույց»։ Հետաքրքիր իրավիճակ ստացվեց․ մի կողմից գերմանացիները աջակցելու խոստումներ էին տալիս հայերին, մյուս կողմից նախ՝ մասնակից էին Հայոց ցեղասպանությանը և վստահություն չէին ներշնչում, երկրորդ՝ հայերի պատճառով չէին ուզում հակասությունները Թուրքիայի հետ վերածել հակամարտության։ Իրոք, շատ ծանր իրավիճակ էր ստեղծված։ Այս պայմաններում Գերմանիան պահանջեց Թուրքիայից՝ դադարեցնել ռազմական առաջխաղացումն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ։ 1918թ. ապրիլի 27-ին Կոստանդնուպոլսում կնքվեց գերմանա-թուրքական գաղտնի պայմանագիրը, որով Անդրկովկասը բաժանվեց ազդեցության ոլորտների։ Հավատարիմ մնալով իր առավելապաշտական քաղաքականությանը՝ նույն օրը, երբ դեռ ստորագրված դաշնագրի թանաքը չէր չորացել, Թուրքիան գաղտնի պայմանագիր ստորագրեց մուսաֆաթների հետ՝ գերմանա-թուրքական դաշնագիրը շրջանցելու նպատակով։ Հետագայում գերմանացիները հասկացան, որ խաբված են։
Դեպքերը ընթացան սրընթաց, և ապրիլի 28-ին Թուրքիան համաձայնվեց Անդրկովկասի կառավարության հետ Բաթումիում նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Սակայն հետագա դեպքերն այլ ընթացք ստացան մի կողմից Գերմանիայի և Թուրքիայի քաղաքականության, մյուս կողմից՝ Անդրկովկասյան Սեյմի տարաձայնությունների պատճառով. մայիսի 26-ին, 27-ին և 28-ին անդրկովկասյան միացյալ իշխանության փոխարեն երկրամասում ձևավորվեցին երեք անկախ պետություններ։ Արտաքին գործոններով պայմանավորված՝ Անդրկովկասի արհեստական միավորումը մեկ պետության մեջ չլուծեց ներքին հակասությունները։ Այն գոյատևեց 47 օր՝ ապրիլի 9-ից մինչև մայիսի 26-ը։ Անդրկովկասի քայքայման գործընթացը դարձավ անխուսափելի։ Այսպիսով, Բաթումի պայմանագրի նախօրյակին, եթե Ադրբեջանի թիկունքին թուրքերն էին, Վրաստանի թիկունքին՝ Գերմանիան, ապա Հայաստանը լրիվ միայնակ էր։