Genesis Armenia-ի հավաքագրած համակարգիչները հասան նաև Մարտունու Սոս գյուղ․արցախյան այցն ավարտվեց պատանիների հետ պայմանավորվածությամբ

Արցախ այցի 3-րդ օրը սկսեցինք Մարտունի քաղաքի և հարակից գյուղերի երիտասարդների հետ հանդիպմամբ։ Ավագ դպրոցի աշակերտները և ուսանողները, որոնք Մարտունում գործող «Ես» կրթական հիմնադրամի շահառուներն են, ջենեսիսականներին ներկայացրին իրենց մտահղացումներն ու նախագծերը, որոնք այս պահին մշակման փուլում են, բայց և կարիք ունեն մասնագիտական ուղղորդման։

Հանդիպմանը ներկա 20-ից ավելի պատանիները հաստատեցին, որ Արցախում մնալ-ապրելն իրենց վերջնական որոշումն է։ Պարզապես սպասում են այն աջակից ձեռքին, որի միջոցով կսովորեն, կիմանան ավելին, կդառնան մրցունակ։

​Հաջորդ հանդիպումը «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանի և Մարտունու երիտասարդական կազմակերպության (ՄԵԿ) համահիմնադիր Գևորգ Սարգսյանի հետ էր։ ՄԵԿ-ն իրականացնում է կրթական կարևոր ծրագրեր, որոնց մասնակիցներից պահանջվում է միայն մեկ բան` ստացած գիտելիքն ու հմտությունները ծառայեցնել Արցախին։

Ծրագրերի շահառուներից երեքն այս պահին պատրաստվում են կրթությունը շարունակել արտասահմանյան բուհերում։ Պայմանը նույնն է` վերադառնալ Արցախ ու զարգացնել հայրենիքը։​

Իսկ Մարտունու երիտասարդական կենտրոնն այն վայրն է, որտեղ երիտասարդները կազմակերպում են իրենց ժամանցը, ֆիլմեր են դիտում, գրքեր փոխանակում, կազմակերպում քննարկումներ ու այլ միջոցառումներ:

Genesis Armenia-ի, «Ես» կրթական հիմնադրամի և Մարտունու երիտասարդական կենտրոնի՝ Արցախի հետ կապված ծրագրերը խաչվում են միևնույն կետում՝ արցախցուն պետք է օգնել, որ չհեռանա հայրենիքից։ Հենց այդ հատման կետից էլ կբխեն առաջիկա համատեղ նախաձեռնությունները։

Մեր վերջին հանդիպումը Մարտունու շրջանի Սոս գյուղի դպրոցում էր։ Չնայած կիրակի էր՝ դպրոցի բակը լեփ-լեցուն էր։ Հուզիչ հանդիպում էր։ Աշակերտների հայրենասիրական երգերն ու բանաստեղծությունները ոգեշնչեցին, բայց և փոթորկեցին բոլորիս։

Genesis Armenia-ն դպրոց էր այցելել՝ ոչ միայն ծանոթանալու, այլև խնդիրները գույքագրելու և դրանց լուծումներ տալու համար։ Դպրոցին համակարգիչներ նվիրեցինք և խոստացանք անպայման վերադառնալ։​

Ոգևորող էր նաև, որ բազմաթիվ քաղաքացիներ, իմանալով, որ Արցախում ենք, սեփական նախաձեռնությամբ էին եկել մեզ հետ հանդիման:

Genesis Armenia-ի՝ հանդիպումներով, քննարկումներով ու հետագա անելիքների հստակ ծրագրերով հագեցած եռօրյա այցն ամփոփեցինք Ամարաս վանքում: 5-րդ դարասկզբին Մեսրոպ Մաշտոցը հենց այս վանքում է բացել Արցախի առաջին դպրոցը։ Պատմամշակութային այս անկրկնելի կոթողի մոտ բոլորիս զգացմունքները, կարծես, խտացան:

Արցախով ապրում ենք, իսկ Արցախն ապրեցնելու համար շա՛տ գործ կա անելու, վերադառնալու՛ ենք: