«Genesis Armenia»-ն բացեց իր գրասենյակը
31.01
2021
Հունվարի 31-ին Երևանում՝ Ազատության 1/18 հասցեում, բացվեց համահայկական մտավոր ներուժի համախմբմանն ուղղված «Genesis Armenia» նախաձեռնության (հետագայում՝ հիմնադրամի) գրասենյակը: Բացման արարողությանը մասնակցում էին «Genesis Armenia»-ի մասնագիտական խմբերի ղեկավարներն ու ներկայացուցիչները, ծրագրերի ղեկավարներն ու նրանց հետ աշխատող կամավորները։
Նախաձեռնության հեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Աբրահամ Գասպարյանը ներկայացրեց «Genesis Armenia»-ի ռազմավարությունը, նպատակներն ու ճանապարհային քարտեզը, որից հետո ոլորտային խմբերի ղեկավարների մասնակցությամբ քննարկում տեղի ունեցավ։
«Genesis Armenia»-ի հովանոցի ներքո աշխատող մասնագիտական խմբերը կատարելու են հետազոտություններ և ուսումնասիրություններ, ապա ամփոփելով ու վերլուծելով դրանք՝ մշակելու են ռազմավարություններ՝ կրթության, առողջապահության, անվտանգության, տնտեսության, միջազգային հարաբերությունների, սփյուռքի, ՏՏ, մշակույթի, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտների զարգացման համար։
«Genesis Armenia»-ն գաղափարների գեներացման հարթակ է, ուղեղային կենտրոն, որը նաև կազմակերպելու է քննարկումներ համահայկական կառույցների, հայաստանյան ու միջազգային մտավոր, գիտական խոշոր կենտրոնների հետ։ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ «Genesis Armenia»-ն դառնալու է նաև այն պլատֆորմը, որտեղ հանդիպելու են համահայկական միտքն ու ֆինանսները՝ վերածվելով ռազմավարական ներդրումների՝ ՀՀ-ում և սփյուռքի հայկական համայնքներում։
«Genesis Armenia»-ի մեկնարկն ազդարարվեց Եռաբլուր զինվորական պանթեոնում 2020 թ. նոյեմբերի 15-ին, երբ նախաձեռնության հեղինակ Աբրահամ Գասպարյանն իր համախոհների հետ այրեց պարտությունը խորհրդանշող սպիտակ դրոշը:
«Genesis Armenia»-ի գրասենյակը գործելու է երկուշաբթիից շաբաթ՝ 10։00-ից 20։00-ը։ Գրասենյակ այցելելու համար հարկավոր է գրանցվել նախապես՝ զանգահարելով +374 93 48 33 94 հեռախոսահամարին կամ գրել [email protected] Էլ․ հասցեին։