«Genesis Armenia»-ն հայտարարում է նոր ռազմավարության մեկնարկի մասին՝ հիմնված 4 հենասյուների վրա
23.02
2026
«Genesis Armenia» մտավոր կենտրոնը ներկայացրել է իր նոր ռազմավարությունը և գործունեության հաջորդ փուլը՝ նորացված գրասենյակից, ձևակերպելով զարգացման հիմնական առաջնահերթությունները և քաղաքական-վերլուծական աշխատանքի նոր նշաձողը։
Կառույցի հիմնադիր տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ կենտրոնը վերջին ամիսներին անցել է տեխնիկական և բովանդակային վերազինման փուլ՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ արձագանքել Հայաստանի առջև ծառացած ռազմավարական մարտահրավերներին։ Նա ընդգծել է, որ կազմակերպությունը պատրաստվում է «գալիք մարտերին»՝ իր գործունեությունը միտելով հայկական պետականության ամրապնդմանը։
«Առաջիկա չորս ամսվա ընթացքում համահայկական ամբողջ ռեսուրսը պետք է մոբիլիզացնել՝ առաջին հերթին կասեցնելու մայրամուտի այն ընթացքը, որը վերջին հինգ տարվա ընթացքում մեր պետությունը բռնել է և գնում է դեպի ազգային ինքնիշխանության և ազգային գերիշխանության լիակատար տապալում»,- ասել է Աբրահամ Գասպարյանը։
«Genesis Armenia»-ի նոր ռազմավարությունը կառուցված է չորս հիմնական հենասյուների վրա՝
- Արցախ,
- Սփյուռք,
- Հայ Առաքելական եկեղեցի,
- Հայաստանի անվտանգային մարտահրավերներ։
Կենտրոնում համոզված են, որ այս ուղղությունների համադրումը, նաև ազգային և պետական շահերի վրա հիմնված քաղաքական մտածողությունը, կարող են հիմք հանդիսանալ կայուն և ամուր պետական համակարգի ձևավորման համար։
Կազմակերպության ծրագրերի և նախագծերի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը նշել է, որ «Genesis Armenia»-ն գործում է որպես մտավոր կենտրոն, որը կապում է ակադեմիական և քաղաքական շրջանակները՝ գեներացնելով կիրառելի գաղափարներ և ռազմավարական առաջարկներ
«Կենտրոնի գործունեության առանցքում մնում է ազգային օրակարգի ձևավորումն ու դրա սպասարկումը»,- ասել է Արսեն Գասպարյանը։
Նոր գրասենյակը նախատեսվում է դարձնել նաև երիտասարդների ներգրավման հարթակ։ Կազմակերպությունն արդեն նախաձեռնել է մի շարք հանդիպումներ և ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդ մասնագետների ներգրավմանը և նոր գաղափարների ձևավորմանը։
«Genesis Armenia»-ն շարունակում է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով դառնալ քաղաքական-վերլուծական դաշտում ազդեցիկ հարթակ և նպաստել Հայաստանի ռազմավարական զարգացմանը։



