«Genesis Armenia»-ն հայտարարում է նոր ռազմավարության մեկնարկի մասին՝ հիմնված 4 հենասյուների վրա

«Genesis Armenia» մտավոր կենտրոնը ներկայացրել է իր նոր ռազմավարությունը և գործունեության հաջորդ փուլը՝ նորացված գրասենյակից, ձևակերպելով զարգացման հիմնական առաջնահերթությունները և քաղաքական-վերլուծական աշխատանքի նոր նշաձողը։

Կառույցի հիմնադիր տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ կենտրոնը վերջին ամիսներին անցել է տեխնիկական և բովանդակային վերազինման փուլ՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ արձագանքել Հայաստանի առջև ծառացած ռազմավարական մարտահրավերներին։ Նա ընդգծել է, որ կազմակերպությունը պատրաստվում է «գալիք մարտերին»՝ իր գործունեությունը միտելով հայկական պետականության ամրապնդմանը։

«Առաջիկա չորս ամսվա ընթացքում համահայկական ամբողջ ռեսուրսը պետք է մոբիլիզացնել՝ առաջին հերթին կասեցնելու մայրամուտի այն ընթացքը, որը վերջին հինգ տարվա ընթացքում մեր պետությունը բռնել է և գնում է դեպի ազգային ինքնիշխանության և ազգային գերիշխանության լիակատար տապալում»,- ասել է Աբրահամ Գասպարյանը։

«Genesis Armenia»-ի նոր ռազմավարությունը կառուցված է չորս հիմնական հենասյուների վրա՝

  • Արցախ,
  • Սփյուռք,
  • Հայ Առաքելական եկեղեցի,
  • Հայաստանի անվտանգային մարտահրավերներ։

Կենտրոնում համոզված են, որ այս ուղղությունների համադրումը, նաև ազգային և պետական շահերի վրա հիմնված քաղաքական մտածողությունը, կարող են հիմք հանդիսանալ կայուն և ամուր պետական համակարգի ձևավորման համար։

Կազմակերպության ծրագրերի և նախագծերի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը նշել է, որ «Genesis Armenia»-ն գործում է որպես մտավոր կենտրոն, որը կապում է ակադեմիական և քաղաքական շրջանակները՝ գեներացնելով կիրառելի գաղափարներ և ռազմավարական առաջարկներ

«Կենտրոնի գործունեության առանցքում մնում է ազգային օրակարգի ձևավորումն ու դրա սպասարկումը»,- ասել է Արսեն Գասպարյանը։

Նոր գրասենյակը նախատեսվում է դարձնել նաև երիտասարդների ներգրավման հարթակ։ Կազմակերպությունն արդեն նախաձեռնել է մի շարք հանդիպումներ և ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդ մասնագետների ներգրավմանը և նոր գաղափարների ձևավորմանը։

«Genesis Armenia»-ն շարունակում է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով դառնալ քաղաքական-վերլուծական դաշտում ազդեցիկ հարթակ և նպաստել Հայաստանի ռազմավարական զարգացմանը։

Կարդացեք նաև