Genesis Armenia-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել են տարածաշրջանային ռազմավարական մարտահրավերները
22.05
2026
Մայիսի 20-ին Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամը հյուրընկալել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին, Իրանի շուրջ ստեղծված լարվածությանը, նաև Հայաստանի և Իրանի նկատմամբ աշխարհաքաղաքական ճնշումներին։ Զրուցակիցները խոսել են նաև երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային ու գաղափարական կապերի կարևորության մասին։
Genesis Armenia-ի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը և դեսպան Շիրղոլամին ընդգծել են, որ այս փուլում Հայաստանը և Իրանը կանգնած են մի շարք ընդհանուր մարտահրավերների առաջ, և հենց այդ պատճառով առավել կարևոր է երկու բարեկամ և բնական դաշնակից-պետությունների միջև համատեղ ու համակարգված օրակարգի ձևավորումը։
Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև ազգային ինքնության, ազգային արժեքների և հասարակությունների դիմակայունության պահպանման կարևորությունը՝ ժամանակակից աշխարհում բազմաբնույթ ճգնաժամերի պայմաններում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Նախատեսվում է նոր կապերի ստեղծում և համատեղ ծրագրերի իրականացում՝ Genesis Armenia-ի և Իրանի առաջատար վերլուծական կենտրոնների միջև։


