Genesis Armenia. խաղաղություն չի լինի, քանի դեռ վտանգված են Հայաստանի, Արցախի և հայության ազգային-պետական երկարաժամկետ շահերը

2020 թ. նոյեմբերի 9-ի ոչ հայանպաստ հայտարարության տարելիցը հայկական զույգ պետությունները դիմավորում են անվտանգային ու ռազմաքաղաքական բարդագույն պայմաններում՝ շարունակելով մնալ Ադրբեջանի՝ օր-օրի սաստկացող թշնամական հռետորաբանության ու քաղաքականության հետ դեմ-հանդիման:

Հայաստանի ու հայության ազգային-պետական երկարաժամկետ շահերը վտանգված են: Ցանկացած փաստաթուղթ՝ հայտարարություն, համաձայնագիր, պայմանավորվածություն, որը չի անցել հայաստանյան ներպետական իրավաքաղաքական ու ինստիտուցիոնալ փորձաքննություն, չի կարող համարվել վավերական: Ավելին, տարածաշրջանում խաղաղաշինության հայտարարությունները կմնան մտացածին ու ոչ իրատեսական, քանի դեռ՝

  1. Արմենոֆոբիան շարունակում է գլխավորել Ադրբեջանի՝ ազգ-պետություն դառնալու գաղափարախոսությունը,
  2. Բաքուն նեոնացիստական հավակնություններ ունի Արցախի ամբողջական, և ՀՀ 70 տոկոս տարածքի նկատմամբ, իսկ տարածաշրջանում հաղորդակցության միջոցների ապաշրջափակման թեզը Հայաստանի անատամ իշխանությունից հավելյալ զիջումներ կորզելու գործիք է լոկ,
  3. Հակամիջազգային ու հակաիրավական գործիքակազմով Ադրբեջանը շարունակում է զավթած պահել ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, հոգեբանական տեռորի ենթարկել սահմանամերձ տարածքների հայ բնակչությանը, ցուցադրական լինչի դատաստան տեսնել հայ խաղաղ բնակչության նկատմամբ,
  4. հակամարտության գլխավոր սուբյեկտի՝ Արցախի միջազգային իրավական կարգավիճակի հարցն առկախված է: Ստեփանակերտի ներգրավումը բանակցային պրոցեսում միայն կզսպի կոնֆլիկտի էսկալացիան և կավելացնի կայուն ու խաղաղ տարածաշրջան ունենալու հնարավորությունը,
  5. Հայաստանում իշխանության ղեկին է թուլամորթ, դիլետանտ, կեղծ պացիֆիստների խմբակը, որի անվտանգային ու դիվանագիտական խակ, պարտվողական, հակապետական ու անհեռատես քաղաքականությունը ոչ միայն չկարողացավ կանխել պատերազմը, այլ նաև մսխեց հայկական դիմադրողականությունն ու ազգ-բանակ գաղափարախոսության բոլոր ռեսուրսները:

Genesis Armenia ուղեղային կենտրոնն ստեղծվել է՝ մերժելով նոյեմբերի 9-ի այս հայադավ փաստաթուղթը, որը չի սպասարկում Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերը:

Կարդացեք նաև