Ուկրաինան դարձել է արևելք-արևմուտք՝ երկբևեռ աշխարհի ձևավորման, աշխարհի քարտեզի և նոր անվտանգային ճարտարապետության ձևավորման կենտրոնը․ Աբրահամ Գասպարյան

«Ուկրաինան դարձել է արևելք-արևմուտք՝ երկբևեռ աշխարհի ձևավորման, աշխարհի քարտեզի և նոր անվտանգային ճարտարապետության ձևավորման կենտրոնը»,- Genesis Armenia ուղեղային կենտրոնում տեղի ունեցած «Ռուս-ուկրաինական ճգնաժամ․ տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։

Ըստ նրա՝ 21-րդ դարում փոխվել է ինքնիշխան պետություն լինելու տրամաբանությունը։ «Պետությունն ինքնիշխան կարող է լինել և ինքնուրույն որոշել միայն այն ժամանակ, երբ մեծ պետությունները միմյանց հետ համաձայնության են գալիս ընդհանուր «խաղի» կանոնների շուրջ։ Օրինակ՝ Հայաստանին վերապահված էր այս պատերազմում տանել պարտվողի դեր, բանակը չպետք է դառնար գործոն, դրա համար էլ բերեցին խեղկատակ իշխանություն, իսկ մնացած հարցերը լուծեցին քաղաքական PR-ի միջոցով»,- նշեց Գասպարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը պատերազմը սկսել է կոնկրետ հաշվարկած քայլերով։

«Երբ Ռուսաստանի նման պետությունը պատերազմ է սկսում, ուրեմն երբեք չի կարող կանգնել ու իր ժողովրդին ասել՝ ինչ էլ պատահի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Նշանակում է՝ Ռուսաստանը հաշվարկել է իր բոլոր քայլերը. օրինակ՝ հաշվարկել էր, որ կարող են իրեն անջատել swift համակարգից և վստահաբար մշակել էր այլընտրանքային տարբերակներ։ Իսկ, օրինակ, Արևմուտքի միջամտությունը ռուս-ուկրաինական պատերազմին ակամայից նպաստում է ՌԴ-Չինաստան դաշինքի ձևավորմանը, ինչը, բնականաբար, չի բխում ԱՄՆ շահերից»,- ասաց Գասպարյանը։

Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ այս պատերազմի միջոցով Ռուսաստնի ղեկավարությունը լուծում է նաև հենց իր երկրի ներսում շատ կարևոր խնդիրներ։ «Մեկը թող հարցնի՝ Ռուսաստանի քաղաքական էլիտայի ներսում գտնվող օլիգարխիկ շերտի ունեցվածքի մասին․ ՆԱՏՕ ու ԵՄ անդամ երկրների 10 ղեկավարի ունեցվածքը որ գումարեն, 1 ռուս օլիգարխի ունեցվածքի չափ չի լինի։ Պուտինն այս պատերազմն օգտագործելու է նաև սեփական համակարգն օլիգարխիկ շերտերից մաքրելու համար, որովհետև այն հայտը, որ ՌԴ-ն այսօր ներկայացնում է աշխարհին, շատ ավելի խոր է, քան Ուկրաինայի նկատմամբ տարածքային հավակնությունները»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանին՝ Աբրահամ Գասպարյանը նշեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այն պատուհանը, որը բացվել է, ռուսական օրհնությամբ և համաձայնությամբ է։

«Հայաստան-Ադրբեջան պատերազմից մինչև հետպատերազմյան բոլոր իրողություններ տեղի են ունենում Ռուսաստանի կնքահայրությամբ։ Ռուսաստանը խնդիր է դրել՝ հակազդել ամերիկյան նեոլիբերալ գաղափարախոսությանը՝ առաջ քաշելով ազգային ինքնությունների հիման վրա պետությունների ձևավորման նոր կուրս, որի մեջ մտնելու են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը և Թուրքիան։ Այս համատեքստում մեր դիրքերն ավելի են թուլանում»,- ընդգծեց Գասպարյանը։

Մանրամասները` տեսանյութում

Կարդացեք նաև