Գեոպոլիտիկ ջիհադի վերջին պատնեշը` Սյունիք
31.07
2025
Մաս առաջին
Երբ յուրաքանչյուր պետություն գտնվում է ծանր իրավիճակում, առաջին պլան է մղվում բարոյականությունը, որովհետև բարոյականությամբ օժտված մարդիկ են պատրաստ ինքնազոհողության՝ հանուն հայրենիքի, և իրականում հենց նրանք են կերտում հայրենիքը։
Քաղաքականության ու բարոյագիտության մասին իմ պատկերացումներն ու համոզումները հստակ են. որքան էլ քաղաքականությունը ճկունություն ենթադրի և պայմաններին համապատասխանող որոշումներ ընդունի, այսուհանդերձ կան սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնք տաբու են և չի կարելի խախտել, մանավանդ, երբ խոսքը վերաբերվում է ազգի ու պետության ճակատագրին: Այո, եթե ինքս չհարգեմ իմ սկզբունքներն ու կարմիր գծերը՝ անձնականից մինչև անանձնական՝ հայրենական, ուրեմն բարոյապես իրավունք չեմ ունենա հանրային որևէ ելույթ ունենալ: Միշտ ասել եմ, ասում եմ ու ասելու եմ՝ Արցախ վերադարձ լինելու է, ուրեմն ոչ մի ուժ ինձ չի կարող համոզել՝ հրաժարվել այդ նպատակից կամ համոզումից: Իշխանությանը միշտ պիտակավորել եմ որպես հողատու և հայրենավաճառ, և եթե աշխարհի գանձերն էլ առաջարկեն՝ փաշինյանական իշխանությունն ինձ համար միշտ կմնա որպես պետականակործան և ազգակործան ոհմակ։ Եթե Նիկոլ Փաշինյանը «ազգակործան պատուհաս» է, ապա երբեք չի կարող դառնալ «մեծարգո պարոն վարչապետ», որովհետև այդ դեպքում անիմաստ կլինի բարոյականության մասին խրատներ ու դասախոսություններ կարդալ, առավել ևս` փորձել բարոյականությունն արմատավորել հասարակության մեջ։
Այս առումով լավագույն օրինակ է Հենրիկ Իգիթյանի Գորբաչովի ներկայությամբ հայտնի ելույթը՝ Գորբաչյովին դիմած խոսքերով։
Իրոք, սկզբունքներին դավաճանելը՝ քաղաքական անառակություն է և ոչ թե` քաղաքական ճկունություն: Անբարոյականություն է նաև պետության անվտանգությունն ու ինքնիշխանությունը վաճառելը, բայց ներկա իշխանությունը մարդկանց ուշադրությունը շեղելը այդ խնդրից՝ համարում է ճկունություն: Օրինակ, Սյունիքի տարածքը փորձում են վաճառել կամ 100 տարով վարձակալության տալ, բայց որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղեն այդ հարցից, «հրապարակ» են նետում Հայ եկեղեցու նկատմամբ հարձակման սցենարը, կամ ՀԷՑ-ի հարցը։ Սա արդեն ճկուն տեխնոլոգիա է։ Ի դեպ, այս համատեքստում նշենք, որ ով-ով, բայց ՔՊ-ն չի կարող գնահատել ԼՏՊ-ի խոսքերը կամ արածը, որովհետև անառակ որդին չի կարող խոսել քաղաքական բարոյականության մասին:
Վերադառնանք Սյունիքին։ Աշխարհի գերհզոր պետություններից մեկը՝ ԱՄՆ-ը, Հայաստանի բարեկամ երկիր է, բայց ինչպես անգլերենում են ասում՝ Nothing personal, just business` ոչ մի անձնական խնդիր, պարզապես՝ բիզնես: Պատկերացրեք ամերիկյան թեկուզ մասնավոր ընկերություն գալիս է Սյունիք, իրենց զորակազմ-պահնորդներով, բայց Հայաստանում դեռ գործում է ռուսական 102-րդ բազան: Բնական է նման բան հնարավոր չէ, և մեկն ու մեկը պիտի դուրս գա Հայաստանից, այլապես Հայաստանին կսպառնա լիբանանականացում կամ սիրիականացում, սցենար, որը կանխատեսելի էր դեռ տարիներ առաջ, երբ փաշինյանական տապալված անվտանգային և արտաքին քաղաքականության ինդիկատորները հուշում էին, որ այս խունտան Հայաստանը դարձնում է գերտերությունների շահերի բախման դաշտ: Այստեղ նաև պետք դիտարկել ՀԷՑ-ի իբր պետականացման ամպագոռգոռ և անհեռատես ծրագիրը, Սամվել Կարապետյանի բանտարկումը, հանգամանք, որը սահմանափակում է ռուսական հովանավորչությունը վայելող դերակատարների ֆինանսական և կազմակերպչական գործունեությունը: Կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հայտարարելու է, որ համաշխարհային այս խառը իրավիճակում կարողացել է Հայաստան բերել ամերիկյան ներդրումներ՝ ի հեճուկս Ռուսաստանի։ Այնուհետև կհայտարարաի կոնկրետ թիվ՝ չեմ բացառում 5 միլիարդ դոլար, որն ամերիկացիները կներդնեն Սյունիքում ենթակառուցվածքների ստեղծման և ՆԱՏՕ-ի թուրանական ճանապարհը Հայաստանով անարգել անցկացնելու համար: Նման սցենարի դեպքում չեմ կարծում, որ թուրքերն ու ադրբեջանցիներն անարգել ինչ ուզեն կտեղափոխեն Հայաստանի և ամերիկացիների «քթի» տակ։ Հակառակը, ամերիկացիները կաշխատեն նորմալ և կարգապահ վերջնականապես կոտրելու Հայաստանում Ռուսաստանի իմիջը: Իսկ ԱՄՆ-ը շատ լուրջ է տրամադրված: Եթե Սյունիքում միջանցք լինի, Համաշխարհային բանկի և Ֆորբսի գնահատումներով՝ տարեկան 100 մլրդ դոլարի տարանցումներ կկատարվեն Թուրքմենստանից, Ղազախստանից՝ Կասպից ծովով դեպի Ադրբեջան, այնտեղից էլ Սյունիքի միջանցքով Թուրքիա և Եվրոպա: Բայց պոպուլիստաբար ասում էին Ռուսաստանն է ուզում խլել Հայաստանի ինքնիշխանությունը. Հ1-ից մինչև Նիկոլի թզուկ արբանյակներ 5 տարի փորձում էին համոզել, որ միայն Ռուսաստանն է ուզում տիրել միջանցքին, ճանապարհին: Իսկ հիմա փաստորեն նախագծվում է, որ ԱՄՆ-ը 100 տարով գնում է Հայաստանի տարածքը, թե վարձակալում է՝ էական չէ: Հայաստանի ինքնիշխանության մասին Նիկոլի փուչիկ խոսքերը տրաքում են մեկը մյուսի ետևից՝ սեփական թիմակիցների քաղաքական հեռատեսության նման: Նիկոլն արդեն անոնսը տվել է՝ արտապատվիրակում, փորձելով բառախաղով շփոթեցնել ժողովրդին։ Իրականում, նա էլ է լավ հասկանում, որ ԱՄՆ-ի հետ խաղ չեն անում. աշխարհի ամենահզոր միջուկային տերություններից մեկին չեն կանչում Հայաստան, հետո էլ գավառական ճարպկությամբ փորձում խաբել։ Նիկոլը շատ լավ հասկանում է այսքանը, ուստիև պարզ սիլոգիզմ՝ ինչպես կասեր դասականը՝ եթե հիմար չէ, ուրեմն գիտակցված է անում, ուրեմն՝ Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագիրը մոտենում է տրամաբանական ավարտին: Սա կլինի, եթե, իհարկե, տիեզերական մասշտաբի պայմանավորվածություն չկա Նիկոլի և որոշումների ընդունման ոչ ամերիկյան որոշ կենտրոնների միջև: Համենայնդեպս՝ ամերիկացիները լորրջ են տրամադրված միջանցքների հսկողությունը վերցնելու հարցում, ինչպես տեսնում ենք, օրինակ` Պանամայի հարցում, որի անունն է նույնիսկ ցանկանում փոխել` դարձնելով Ամերիկա: Սակայն նշենք, որ այստեղ Չինաստանը ունի վետոյի իրավունք, քանի որ խոսքը չինական ամենամեծ ընկերությունների՝ տարեկան 40 միլիարդ դոլարի առևտրի հնարավորությունից զրկվելուն է վերաբերվում: Սյունիքի դեպքում էլ կան և լինելու են վետոներ, բայց քաղաքական առևտրի ու պրոֆեսիոնալ բանակցության հարց է: Չինաստանը լուրջ վետո ունի Սյունիքի միջանցքի հարցում, նույնիսկ եթե մարդկանց թվում է, որ թյուրքական կամ ույգուրական գործոնի պատճառով Պեկինը նահանջ կկատարի, բալց ոչ, խնդիրը շահավետ գործարքի դաշտում է, թե չէ՝ Թուրքիան շատ լավ գիտակցում է, որ չի կարող մրցակցել Չինաստանի հետ, և ի վերջո, ույգուրների բնակավայրերում Չինաստանը կարող է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք հոգեհարազատ են թուրքերի՝ 110-ամյա ձեռագրին, և աշխարհը բացի մի քանի դատապարտող հայտարարությունից, ոչինչ էլ չի անի: Իրանի դիրքորոշումն այս հարցում բոլորին հայտնի է։ Իսկ որտե՞ղ է Ռուսաստանն այս բանաձևում, էլի՞ խառն են Ուկրաինայում և չեն ուզում միջամտել ու վերականգնել Հարավային Կովկասում ռազմաքաղաքական խախտված բալանսը:
Պարզ է, որ Լավրովի պլանները չհաջողեցին, և Մոսկվայի միջնորդությամբ չկարգավորվեց Արցախի հակամարտությունը։ Հիմա էլ չեզոք դիրքերից բարի ակնկալիքով են խոսում աջակցելու մասին։ Ի՞նչ աջակցության մասին է խոսում Պեսկովը և ու՞մ է աջակցում՝ թղթի վրա նշված ռազմավարական գործընկերոջ Հայաստանի՞ն, թե՞ ամեն քայլափոխի Ռուսաստանին դավաճանած Ադրբեջանին: Հասկանալի է, որ Ռուսաստանը չի ուզում սրացում մտցնել, որ հանկարծ Ադրբեջանում միանգամից չբարձրացնեն Թուրքիայի դրոշն ու հանդիպեն նոր խնդիրների։ Սա դիվանագիտություն է, հասկանալի է, բայց մինչև ե՞րբ, մինչև ձեր ռազմաբազան, որն աշխարհում արդեն միակ ռազմաբազան է ռուսական սահմաններից դուրս, և այն Հայաստանում է, դուրս բերե՞ն, իսկ հետո հայտարարեք, որ դա Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ իշխանության որոշու՞մն էր` ինչպես նույն ձևով հանձնվեց Արցախը, թե՞ Իրան-Իսրայել պատերազմում ձեր ռազմավարական գործընկեր, դաշնակից Թեհրանին որևէ նկատելի աջակցություն չցուցաբերելով ուզում եք ամրապնդել ձեր դիրքերը այս տարածաշրջանում: Կարծում եմ, որ ռուսական աշխարհաքաղաքական սասանված բալանսի վերականգնման համար Ռուսաստանն ունի ունի արտաքին քաղաքականության բացթողումների և հետևանքների մասին մասնագիտական հետազոտություններ և սոցհարցումների արդյունքներ և անում է ճիշտ հետևություններ, իսկ եթե չունի, ինչպես իրենք են սիրում ասել՝ ձեր ինքնիշխան որոշումն է: