Գյուլիստանի պայմանագիրը․ անցյալի դասերը և այսօրվա վտանգավոր զուգահեռները

Մաս առաջին

 

Գյուլիստանի հաշտության պայմանագրի նախօրյակին։ 19-րդ դարի սկզբին Ռուսաստանի ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունն՝ էր տիրել  ամբողջ Անդրկովկասին և Թուրքիայի ու Պարսկաստանի հետ ունենալ հստակ և ամուր պետական սահման՝ բնակեցված  քրիստոնյա ժողովուրդներով, որոնք, բնական է, գերադասում են Ռուսաստանը, քան Թուրքիան ու Պարսկաստանը։ Այսօր, ցավոք, Ռուսաստանն  այդ ռազմավարությունից կարծես շեղվել է, և արդյունքը ի վնաս Ռուսաստանի ակնհայտ է։ Փաստ է նաև, որ ելնելով իր իսկ շահերից,  Ռուսաստանը դեռևս Պետրոս Մեծի և Եկատերինա Երկրորդի ժամանակաշրջաններից քաղաքական շռայլ խոստումներ էր տալիս առանձնապես հայերին։

18-րդ դարավերջին և 19-րդ դարասկզբին հայերը զրկված էին պետականությունից, և բնական է, այդ իրավիճակում մեծ ազդեցություն ուներ հայոց եկեղեցին։ Ինքնըստինքյան  Ռուսաստանի հետաքրքրությունը հայոց եկեղեցու նկատմամբ անընդհատ աճում էր, և պատահական չէ, որ Ռուսաստանը սկսեց յուրովի հովանավորել և խրախուսել գործունյա, ռուսամետ կաթողիկոսներին, նույնը կատարվում էր նաև Պարսկաստանի կողմից։  1799թ Ղուկաս կաթողիկոսի մահից հետո, կաթողիկոսի աթոռի համար պայքար ծավալվեց Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, կաթողիկոս դարձավ ռուսական քաղաքականության հայտնի ջատագով Դանիելը։ Պարսկաստանն էլ չէր կարող հանդուրժել Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Անդրկովկսում։ Հետաքրքիր աշխարհաքաղաքական իրավիճակ էր։ Այդ նույն ժամանակ Նապոլեոն Բոնապարտը կամենում էր ստեղծել թուրք-պարսկական ամուր դաշինք Ռուսաստանի դեմ՝ երկուսին էլ հավաստիացնելով, որ համակողմանի օգնություն ցույց կտա թուրք-պարսկական բանակներին։ Շեշտենք, որ Պետրոս Մեծի և Եկատերինայի ժամանակ ռուսական արքունիքում տիրում էր այն կարծիքը, որ Անդրկովկասում պետք է վերականգնել հայկական պետականությունը կամ ստեղծել հայ-վրացական միացյալ թագավորություն։ Ըստ այդ կարծիքի՝ ռուսական կողմնորոշում ունեցող հայերի ու վրացիների միացյալ ուժերը լուրջ պատնեշ կդառնան Պարսկաստանի և Թուրքիայի դեմ և յուրովի բուֆերային պետության կամ պետությունների կվերածվեն։ Հետաքրքիրն այն է, որ հետագայում Ռուսաստանի դեմ նման բուֆերային հայկական պետության ստեղծման գաղափար առաջացավ նաև թուրքերի մոտ՝ 1914 թ. մարտից, որն առաջին անգամ արտահայտվեց   Թուրքիայի կառավարության ներկայացուցչի  և ՀՅԴ-ի ներկայացուցիչների  հանդիպման ժամանակ՝  թուրքական կողմի խնդրանքով։

Թուրքիայում այդ գաղափարը որոշակի ընդմիջումներով պահպանվում է առ այսօր՝ թուրքական քաղաքական որոշ շրջանակների մոտ, որն արտահայտվեց նաև վերջերս Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի քաղաքական հակառակորդ, նախագահի թեկնածու Ժողովրդահանրապետական կուսակցությունից Քեմալ Քըլըչդարօղլուի  կողմից։ Մեր կարծիքով, բուֆերային պետության գաղափարը 19-րդ դարի կեսերից առայսօր իրականացվում է պարսկական իշխանությունների կողմից՝ Հայաստանի հետ սերտ հարաբերություններ պահելով և ձգտելով տեսնել ավելի ուժեղ դաշնակից, ավելի ուժեղ Հայաստան։ Առաջ անցնելով նշենք, որ, մեր համոզմամբ, հենց բուֆերային պետության վերածվելու գաղափարը, որի իրականացման արդյունքում կարող ենք հետաքրքիր քաղաքական դիրք գրավել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Արևմուտքի միջև, այսօր պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, երբ բոլորի շահերը թելադրում են ունենալ զարգացած Հայաստան, սակայն  այդ գործընթացը  պետք է իրականացվի լուրջ, պրոֆեսիոնալ և արվեստի վերածված քաղաքականությամբ։

Վերադառնալով թեմային նշենք, որ  հայերի և վրացիների վրա ծանր անդրադարձավ ալն, որ անսպասելիորեն ռուսական զորքերը հեռացան Անդրկովկասից։ Սակայն նորից իրավիճակը փոխվեց, երբ 1801 թ հունվարի 18-ին Պավել Առաջին կայսրը հրապարակեց Վրաստանը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ մանիֆեստը՝ ընդառաջ գնալով Գեորգի 12-րդի խնդրանքին։ 1801թ. Պավելին փոխարինած Ալեքսանդր Առաջինը սկզբից սպասողական դիրք գրավեց, այնուհետև շարունակեց նախկինների քաղաքականությունը։ Դեպքերի ընթացքը փոխվեց առանձնապես այն ժամանակ, երբ ռուսական բանակի հրամանատար Պ. Ցիցիանովը, դեռևս չստացած ցարական արքունիքի որոշումը, հարձակվում է Գանձակի վրա և գրավում այն։ Շեշտենք, որ ռուսական զորքերի կազմում կռվում էր հայկական կամավորական ջոկատ։ Գանձակի հայ բնակչությունը խանդավառությամբ ընդունեց ռուսներին։ Այս իրավիճակում, բնական էր, որ Պարսկաստանը չէր հաշտվում Վրաստանի և Գանձակի կորստի հետ, և հաշվի առնելով նաև այն, որ Անգլիան և Ֆրանսիան խոստացել էին օգնություն, պարսկական Ֆաթհ Ալի շահը և թագաժառանգ Աբաս Միրզան սկսեցին պատրաստվել պատերազմի Ռուսաստանի դեմ։ Իրոք, սրված էին ռուս-պարսկա-թուրքակաև և ռուս-ֆրանս-անգլիական հարաբերություններն Անդրկովկասում։ 

1804թ. մայիսին գեներալ Ցիցիանովը շարժվում է դեպի Երևանի խանության սահմանները։ Սկսվում է ռուս-պարսկական պատերազմը, որը պատմագրության մեջ հայտնի է ռուս-պարսկական առաջին պատերազմ անունով: Այն Կովկասի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար պատերազմ էր։ 1805թ․-ից հետո ռուսական դիրքերը ամրապնդվեցին հատկապես այն ժամանակ, երբ ռուսները գրավեցին և կայուն վերահսկողություն հաստատեցին Ղարաբաղի և Շուշիի վրա։ Պատերազմը  շարունակվեց մինչև 1813թ. և ավարտվեց ռուսների հաղթանակով։  Պարսկաստանը ունենալով թուլացած տնտեսություն և ռազմական տեխնիկա,  չկարողացավ հաղթահարել ռուսական զինուժի առավելությունը։ Երկարատև պատերազմը առավել հյուծեցին Պարսկաստանի ռեսուրսները տնտեսության մեջ և բանակում։

Կարդացեք նաև