Հայաստան-Թուրքիա կարգավորման խոչընդոտների մասին
31.10
2024
Ամփոփում: Հոդվածում քննության են առնվում Ռ.Թ.Էրդողանի 28.10.2024թ. ելույթում «3+3» ձևաչափին, Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հայտարարությունները:
Ռ.Թ.Էրդողանի 28.10.2024թ. ելույթում «3+3» ձևաչափին վերաբերող հատվածը.
“18 Ekim’de İstanbul’da gerçekleştirilen 3+3 bölgesel işbirliği platformu kapsamında Azerbaycan, Ermenistan, İran ve Rusya Federasyonu Dışişleri Bakanlarını ülkemizde misafir ettik. Bölgesel sahiplenme anlayışımızın en somut örneklerinden olan platformun önemli bir ihtiyacı giderdiğini müşahede ediyoruz. Önümüzdeki dönemde bu mekanizmayı kurumsal bir yapıya kavuşturmak arzusundayız”.
«Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում իրականացված «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում մեր երկրում հյուրընկալեցինք Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և ՌԴ արտգործնախարարներին: Ականատես ենք լինում, թե ինչպես է տարածաշրջանին տեր կանգնելու մեր ընկալման ամենաառարկայական օրինակներից մեկը հանդիսացող այս հարթակը բավարարում կարևոր մի կարիք: Ցանկանում ենք, որ հետագա շրջանում այս մեխանիզմը ինստիտուցիոնալ կառուցվածք ստանա»:
«3+3» ձևաչափը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությամբ (առավել մանրամասն՝ «3+3» ձևաչափում Թուրքիայի մոտեցումների ու դիրքորոշումներ մասին): Վերոնշյալ հայտարարությունը հետաքրքրական է այն իմաստով, որ թուրքական դիվանագիտությունը, «3+3» ձևաչափն ինստիտուցիոնալ դարձնելով, ցանկանում է ստեղծել ռեգիոնալ մի կառույց, որտեղ գերակա կլինի իր ազդեցությունը: Թուրքիան փորձելու է ընդհուպ մինչև նվազագույնի հասցնել ՌԴ ազդեցությունը Հարավային Կովկասում կամ փորձ է կատարելու չարամտորեն օգտագործելու ՌԴ-ի որոշ հարցերում պասիվության գործոնն իր պետական շահի համար: Սրանով, արվելու է հնարավորինս ամեն բան, որպեսզի փակվեն Արցախյան հիմնախնդրի և Հայաստանի ինքնիշխանության էջերը:
«Խաղերի տեսության» պարադիգմայի տարբեր գործիքներ գնալով ավելի շատ են սկսում կիրառվել նաև դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտներում, մասնավորապես՝ համագործակցային և ոչ համագործակցային մոտեցումների համադրման հարաբերությունների ձևաչափը՝ «համագործակցային մրցակցություն»: Այսպիսով՝ Թուրքիան Իրանի և ՌԴ-ի հետ հենց այս «համագործակցային մրցակցության» միջոցով էլ փորձում է հասնել հայկական շահի նվազեցմանը, կամ անգամ տարածաշրջանում Հայաստանի գործոնի ամբողջական չեզոքացմանը՝ չնայած խաղաղության, տնտեսական շահի և բարիդրացիության մասին տարատեսակ քնարական զեղումների. առաջին հերթին նպատակ է դրված ունենալ Հայաստանի տարածքով Թուրքիան և Ադրբեջանը կապող ռազմավարական ենթակառուցվածքներ՝ անխոչընդոտ, այսինքն՝ ՀՀ ինքնիշխանությունից դուրս: Թուրքիա-ՌԴ գործակցությունը դրսևորվում է հատկապես տնտեսական ոլորտում (Թուրքիան ցանկանում է մոտ լինել BRICS-ին), ինչպես նաև խաղաղ միջուկային էներգիայի ոլորտներում (Թուրքիան չի պատրաստվում սահմանափակվել միայն ՌԴ-ի կողմից կառուցվող Աքքույուի ատոմակայանով): Թուրքիա-Իրան գործակցությունը դրսևորվում է առերևույթ Պաղեստինի հարցում նմանվող մոտեցումներով:
Միևնույն ժամանակ «3+3» ձևաչափում խոստումներ են տրվում Հայաստանին՝ բարեկեցիկ և խաղաղ ապագայի վերաբերյալ: Օրինակ՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերաշահագործում և Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում, որոնք իբրև թե տնտեսական աննախադեպ օգուտներ են բերելու Հայաստանին: Սա, ինքնին լինելով առանձին հետազոտության նյութ, իր սահմանմամբ, այդքան էլ չի տեղավորվում Թուրքիայի և Ադրբեջանի հայեցակարգային մոտեցումներին, որոնք ներկայացված են համատեղ ստորագրված «Շուշա» և «Ղարաբաղ» հռչակագրերում (ՀՀ տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումների վերաբերյալ արդենիսկ անդրադարձել ենք առանձին հոդվածով):
Ռ.Թ.Էրդողանի 28.10.2024թ. ելույթում Արցախին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հատվածը.
“44 gün süren Vatan Muharebesi sonucundan Karabağ’da 30 yıllık işgalin sona ermesiyle birlikte Güney Kafkasya’da kalıcı barışa yönelik eşsiz bir fırsat yakalandı. Bir dönem acıyla, işgalle, çatışmalarla anılan bu coğrafyada şimdi barış rüzgarları esiyor. Can Azerbaycan ve Ermenistan’ın bu doğrultuda gösterdikleri samimi çabaları yakından takip ediyoruz. Temennimiz süreci sabote etmeye çalışan odaklara fırsat verilmeden müjdeli, güzel ve hayırlı haberleri bir an önce almaktır. Türkiye olarak Azerbaycanlı kardeşlerimizle koordinasyon içinde inşallah kalıcı barış için çalışmaya devam edeceğiz”.
«Այն բանից հետո, երբ 44 օրյա «Հայրենական պատերազմի» արդյունքում ավարտվեց 30 տարի տևած Ղարաբաղի բռնազավթումը, Հարավային Կովկասում մնայուն խաղաղությանն ուղղված բացառիկ հնարավորություն ընձեռնվեց: Այս տարածաշրջանում, որտեղ մի շրջան կային ցավ, բռնազավթում, բախումներ, այժմ խաղաղության քամիներ են փչում: Մոտիկից հետևում ենք այս ուղղությամբ «Ջան» Ադրբեջանի և Հայաստանի ցուցաբերած անկեղծ ջանքերին: Մեր ցանկությունն այն է, որ հնարավորինս շուտ ստանանք ավետաբեր, լավ ու բարի լուրերը՝ առանց հնարավորություն տալու այն օջախներին, որոնք աշխատում են սաբոտաժի ենթարկել գործընթացը: Եթե Աստված կամենա, մենք, որպես Թուրքիա, մնայուն խաղաղության համար համաձայնեցված [կոորդինացված] կերպով շարունակելու ենք աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների ու քույրերի հետ»:
Ռ.Թ.Էրդողանը դեռևս 25.09.2023թ. ելույթում նշել էր, «Խաղաղության մեջ պարտվողներ չկան», և որ իրենք անկեղծ են և նույն անկեղծությունից են ակնկալում, իսկ 28.10.2024թ. ելույթում արդենիսկ անկեղծ է համարում Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը, այն պարագայում, երբ Հայաստանի կողմից տարբեր հարթություններում միակողմանի զիջումներն աննախադեպ բնույթ են ստանում:
Արցախում 2020-2023թթ. իրականացրած ռազմական և ահաբեկչական գործողությունների արդյունքում հասնելով ամբողջ հայ բնակչության բռնագաղթին, իհարկե, այդ «ձեռքբերումները» վերջնականորեն և աներկբայորեն ամրագրելու գործողությունները «խաղաղություն» կոչելն այն անթաքույց ցինիկ հռետորաբանության շարունակությունն է, որ տարիներ շարունակ ականատես ենք լինում Ռ.Թ.Էրդողանի և Ի.Ալիևի ելույթներում:
Հայաստանը, որքան էլ ցավալի լինի ընդունել, «3+3» ձևաչափով և Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան առնվազն անառողջ բանակցություններով գտնվում է թուրքադրբեջանական դիվանագիտական թակարդում, որից, երևի թե միակ ելքը (իհարկե, նախապայման է, որ ՀՀ-ի կողմից դիվանագիտական ճիշտ կադրային քաղաքականություն իրականացվի) աշխարհում պրոհայկական օջախների ստեղծումն ու առկա օջախների զարգացումն է:
Իսկ ամենացավալին, թերևս, այն է, որ ի հեճուկս բոլոր խնդիրների ի Հայաստան և ի սփյուռս հայոց ազգային օրակարգը առաջ մղողները արժանանում են տարատեսակ պիտակների՝ Ռ.Թ.Էրդողանի կողմից կոչվելով «սաբոտաժի օջախներ», Ի.Ալիևի կողմից կոչվելով՝ «ռևանշիստներ» և Ն.Փաշինյանի կողմից կոչվելով՝ «հայրենասիրական սխալ մոդելի կրողներ»:
Գևորգ Գալտակյան