Հայաստանը՝ «բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի արանքում»․ ինչպե՞ս կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Մաս երկրորդ

 

Այդ նույն ժամանակ Ալեքսանդրապոլում թուրքերը ևս շատ խիստ պահանջներ ներկայացրին Ա. Խատիսյանի պատվիրակությանը: Երբ Խատիսյանը Վրացյանին ներկայացրեց թուրքերի պահանջների մասին, վերջինս ցուցում տվեց, որ ինչ ուզում եք արեք, միայն առավելագույնս ժամանակ շահեք: Հայկական պավիրակությունը, ժամանակ շահելով, դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 2-ին, (Հայաստանի և Ռուսաստանի միջև Երևանում կնքված պայամանագրից 14 ժամ ավելի ուշ, երբ իշխանությունը արդեն հանձնված էր կոմունիստներին, և ներքոհիշյալ պայմանագիրն արդեն իրավական ուժ չուներ) ստորագրեց Ալեքսանդրապոլի հայ-թուրքական հաշտության համաձայնագիրը, որն իրավամբ ստորացուցիչ էր Հայաստանի համար՝ չնայած այն, շեշտում ենք՝ իրավական ուժ չուներ, բայց հայ պատվիրակությունը կարողացավ ժամանակ շահել թուրքերի առաջխաղացումը կանգնեցնելու՝ հասկանալով, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կյանքի չի կոչվելու: Պայմանագիրը ստորագրվեց Հայաստանի պաշտոնաթող կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև։ Թուրքերի կողմից ստորագրեց թուրքական բանակի հրամանատար Քյազըմ Քարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Պայմանագիրը բաղկացած էր 18 հոդվածից՝ ֆրանսերեն և թուրքերեն: Պայմանագրով Հայաստանի տարածքը սահմանափակվում էր մոտ 12 հազար քառ․կիլոմետր, և հիմնականում ներառում էր Երևանի շրջակայքը և Շիրակի մի մասը։ Հայաստանից բաժանվում էր ամբողջ Նախիջևանը, Արցախը, Սյունիքը, Լոռու մեծ հատվածը, Տավուշի և Գեղարքունիքի զգալի հատվածներ, Սևանի ավազանի մեծ մասը։ Թուրքիային էր անցնում նաև Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռան հետ, Արևմտյան Շիրակը մինչև Ախուրյան գետի միջին հոսանքը, Արդահանը, իսկ Շարուրի ու Շահթախթիի շրջանները հայտարարում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով, Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո։ 

Քյազիմ Կարաբեքիրի հուշերում («Kâzım KarabekirPaşa’nın Hatırâtı/ İstiklâl Harbimiz») ներկայացված փաստաթղթերը ցույց են տալիս, որ թուրք զորավարը ճշգրիտորեն գիտեր խորհրդային զորքերի տեղաշարժերը, փախուստների, առաջխաղացումների պատճառով արագացնում էր բանակցությունները: Դրո-Լեգրան և Խատիսյան-Կարաբեքիր բանակցությունների ժամանակագրական համընկնումը պատահական չէր. Թուրքական պատմագիտական փաստաթղթերում չկան հանգամանքն ապացուցող փաստեր, որ թուրքերը Հայաստանի հետ Ալեքպոլի պայմանագիրը կնքում էին՝ իմանալով, որ Հայաստանը մի քանի ժամ շուտ արդեն խորհրդայնացել է և Ալեքպոլի պայմանագիրը իրավական նշանակություն չունի: Թուրքական պատվիրակությունն, այո, առնվազն տեղյակ էր բոլշևիկների ռազմական-դիվանագիտական ակտիվությունից, սակայն չունեին հետախուզական տվյալներ, որ Հայաստանն արդեն սովետականացվել է:

Հետագայում Ալեքպոլի պայմանագիրը փոխարինվեց 1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով։ Հայաստանի նոր բոլշևիկյան կառավարությունը չեղյալ համարեց իրավական ուժ չունեցող Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Իսկ որո՞նք են այս պայմանագրի ապօրինության պատճառները:

  1. Երևանում Հայաստանի կառավարության և Խորհրդային Ռուսաստանի միջև Դրո-Լեգրան պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12–ին, և ուժի մեջ մտել նույն օրը՝ երեկոյան ժամը վեցին, իսկ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվել էր դեկտեմբերի 2-ի լույս 3-ին, ժամը 2-ին։ Այսինքն Հայաստանի օրինական կառավարությունն արդեն հրաժարական էր տվել 14 ժամ առաջ, նրա անդամներն այլևս ոչ մի լիազորություն չունեին, արտաքին քաղաքական իրավազորությունն արդեն փոխանցված էր նոր իշխանությանը։ Այսինքն՝ իրավաբանորեն այն ստորագրվել է ոչ լիազորված անձանց կողմից, և նոր կառավարությունը նրանց լիազորություն չէր տվել։
  2. Սխալ է Ալեքսանդրապոլի (ի դեպ, թուրքերը անվանում են Գյումրու պայմանագիր) պայմանագրի օրը նշել դեկտեմբերի 2-ը, այլ պետք է նշել դեկտեմբերի 3-ը, քանի որ այն կնքվել է դեկտեմբերի 3-ին՝ ժամը 2-ին։ Սա կարևոր նշանակություն ունի Ալեքսանդրապոլի պայմանագրի անօրեն պատճառներից մեկը հաշվելու տեսանկյունից։
  3. Ալեքսանդրապոլի պայմանագիրն այդպես էլ չի վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից, և դե յուրե ուժի մեջ չի մտել։ 
  4. Համաձայն միջազգային իրավունքի, պայմանագրի օրինականության համար կարևոր է պատվիրակությունների լիազորությունների օրինականությունը. պայմանագիրը կարելի է համարել օրինական, եթե այն ստորագրվել է միջազգայնորեն ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչ(ներ)-ի կողմից, որն Ալեքսանդրապոլի պայմանագրի դեպքում այդպես չէր, որովհետև պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից․ հայկական պատվիրակությունն արդեն չէր ներկայացնում երկրի իշխանությունը, որովհետև իշխանությունը փոխված էր, իսկ թուրքական (քեմալական) պատվիրակությունը դեռևս դե յուրե չէր ներկայացնում երկրի իշխանությունը։ 

5․ պայմանագիրը ստորագրվել է միջազգային իրավունքի սկզբունքները ոտնահարող ուժի կիրառման բացահայտ սպառնալիքով, իսկ միջազգային իրավունքով կողմերը գործում են առանց ճնշման։

6․ 1920 թվականի դեկտեմբերի 4-5-ը բոլշևիկյան նոր իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ չեն ճանաչում Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Ասինքն, այն մերժվեց հենց Հայաստանի օրինական կառավարության կողմից՝ ստորագրման հաջորդ օրերին։ 

7․ 1921թ․ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը փոխարինելու եկան Ալեքսանդրապոլի պայմանագրին։ Միջազգային իրավունքի համաձայն՝ եթե նոր պայմանագիրը փոխարինում է նախորդին, ապա նախորդ փաստաթուղթը կորցնում է իրավական ուժը։ Այսինքն՝ նույնիսկ եթե Ալեքսանդրապոլը «լիազորված» ստորագրված լիներ (իսկ այդպես չէր), այն ամիսներ անց կդադարեր գոյություն ունենալ։

Այսպիսով՝ Ալեքսանդրապոլի պայմանմագիրը ոչ իրավական, ոչ սուվերեն և ոչ էլ պարտադիր փաստաթուղթ է։

Վերոհիշյալ ժամանակաշրջանը պատմաբանները Վրացյանի խոսքերով բնութագրեցին Հայաստանի՝ «բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի արանքում» գտնվելու ժամանակաշրջան: Չդիմանալով արտաքին հզոր ուժերի և ռազմատենչ հարևանների ճնշմանը, նաև հայ բոլշևիկների հետ գործակցությանը՝ երկուսուկես տարվա մաքառումներից հետո Հայաստանի առաջին Հանրապետությունն անկում ապրեց:

Հայաստանի առաջին Հանրապետությունը կատարեց իր պատմական առաքելությունը՝ ճանապարհ բացելով  սուվերենությամբ սահմանափակ Երկրորդ հանրապետություն, իսկ հետագայում`  նրա իրավահաջորդ անկախ Երրորդ հանրապետություն:

 

Կարդացեք նաև