Հայաստանի արտաքին քաղաքականության արմատական բացթողումները։ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակները։ Աշխարհաքաղաքական իրավիճակ

Մաս առաջին

Հայաստանի արտաքին քաղաքականության արմատական բացթողումները։ 

Ներհայաստանյան ներկա խառը վիճակում շատերը ցանկանում են յուրովի ընկալել ճշմարտությունը, ոչ թե հիմք ընդունել փաստերը, այլ հարմարացնել իրենց պատկերացումներին.   ներքաղաքական բազմաթիվ դերակատարներ, կամա թե ակամա,  ջուր են լցնում իշխանական  քարոզչամեքենայի ջրաղացին։ Իսկ իրականությունը հետևյալն է․  Փաշինյանը՝ հերյուրանքի, սադրանքի, ապատեղեկության, կեղծիքի ու անինքնասիրության մարմնացում է և չարժե այդ հարցում իր հետ մրցել՝  չհավասարվելով իրեն։ Վաղ թե ուշ Փաշինյան քաղաքական ազգանունը հայհոյանք լսելու, անպատվության սյանը գամվելու, գանահարվելուց բացի, սերնդե-սերունդ նզովքի տակ է մնալու։ Առջևում ընտրություններ են, ու  այս տարի նախընախընտրական տարի է, ուրեմն   իշխող ՔՊ-ից ով ինչ մաղձ, չստացված երազանք է ունեցել նախկինում՝ հիմա ցուցադրելու լավագույն առիթն է, որպեսզի հնարավորինս հեզասահ ընդգրկվի  Նիկոլի կազմած ցուցակում, որովհետև սրանք բոլորն էլ քաջ գիտակցում են, որ հետնիկոլյան Հայաստանում իրենց պահվածքը նվազագույնն արժանանալու է իրավական գնահատականի։  Այնպես որ՝ ԱԺ-ում մի քանի ՔՊ-ական ինքնաթափահարվող պատգամավորների  անվայելուչ բառամթերքը   պետք է պարզապես անտեսել ու այն չդարձնել լրատվական կամ սոցցանցային իրադարձային թեմա, ասինքն՝ մեդիաօրակարգի տրամաբանությունը պետք է փոխել և խայծը կուլ չտալ։ Նիկոլը հանուն իրեն պատրաստ է ցանկացած ընկերոջ «փուռը» տալ, և զարմանալի պետք է չլինի, երբ առաջիկայում սեփական թիմից մի քանի հոգու  զոհաբերի  օրինակ` կոռուպցիայի դեմ պայքարի արդեն  անհեթեթ դարձրած  կարգախոսի շրջանակում:

Իսկ այս պայմաններում արտաքին և անվտանգային առումով, հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Ադրբեջանն ու Թուրքիան, տեսնելով Հայաստանի պահվածքը,  շարունակում են  առաջ քաշել  նոր նախապայմաններ, որոնք էլ ավելի են ծանրացնում Երևանի դիվանագիտական դիրքերը։ Ցավոք, պաշտոնական Երևանը վաղուց գործոնից վերածվել է գործիքի՝ Հարավային Կովկասում իրենց շահերը հետապնդող պետությունների ձեռքին: Ճիշտ է՝ Իրանի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցը կարելի է համարել, որ  այս երկու ռազմավարական գործընկերները  գիտակցում են թուրք-ադրբեջանական՝ հորիզոնական սպառնալիքի հետևանքները տարածաշրջանի վրա, այսուհանդերձ՝ Թեհրանն ու Մոսկվան տարածաշրջանում պահում են սեփական շահերը,  օգտվում են Հայաստանի արտաքին քաղաքականության բացերից, իսկ դրանք կարելի է բնորոշել  անկանխատեսելիությունից մինչև անվստահություն տերմիններով։

Իսկ ի՞նչ արմատական բացթողումներ եղան

 Տարանջատվեց ՀՀ-ի  և Արցախի անվտանգությունը՝  ի հակադրություն նախկին միացյալ դոկտրինի։

ՀՀ-ն հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորի դերից՝ փաստացի թողնելով Արցախը միայնակ Ադրբեջանի դեմ։

Բացթողման արդյունք՝ Արցախի հայրենազրկում, հազարավոր զոհեր, գերության մեջ քաղաքացիներ, ավերված քաղաքակրթություն։

  

Հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անկանխատեսելիությունից մինչև անվստահություն

ՀՀ իշխանություներն անընդհատ տատանվել են՝ հռչակելով ռազմավարական գործընկերություն, բայց գործնականում անտեսելով գործակցության մեխանիզմները։

ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի կամ ՀԱՊԿ-ի դեմ տարբեր մակարդակներում հնչած մերժողական խոսույթը խաթարեց վստահության մթնոլորտը։

ՌԴ-ն սկսեց գործել միակողմանի՝ հաշվի չառնելով ՀՀ շահերը։

Բացթողման արդյունք՝ Ռուսաստանը հանեց  խաղաղապահ ուժերը Արցախից՝ հարմարվելով Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաքաղաքական կշռին, իսկ Սյունիքի հարցում առաջ եկավ ռուսական վերահսկողության պահանջ։

 

Իրան-Հայաստան հարաբերություններ.  բացված պատուհան, որից հրաժարվեցինք

Իրանը բազմիցս զգուշացրեց՝ չի ընդունելու «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը, սակայն ՀՀ իշխանությունները այդ դիրքորոշումը երբեք չներկայացրեցին համաշխարհային մակարդակում։

Թեհրանի հետ հնարավոր էր կառուցել շատ ավելի խոր ռազմավարական և էներգետիկ դաշինք՝ այդ թվում՝ հյուսիս-հարավ միջանցքի համատեքստում։

Բացթողման արդյունք՝ ԻԻՀ-ն ՀՀ-ն  ընկալում է որպես անվստահելի գործընկեր՝ չունենալով պետական ռազմավարական մոտեցումներ։

 

Արևմուտքի հետ հարաբերություններ. չափազանցված հույսեր, պոպուլիստական սպասումներ

Փաշինյանն իր վեկտորն ուղղեց դեպի ԵՄ և ԱՄՆ՝ հույս ունենալով, որ այնտեղից կստանա անվերապահ աջակցություն, սակայն ոչ մի իրավական կամ ռազմական երաշխիք ձեռք չբերվեց։

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն այսօր դե ֆակտո չի ազդում ՀՀ սահմանների անվտանգության վրա, այլ վերածվել է պասիվ դիտորդի։

Արևմուտքը շահագրգռված չէ ՀՀ անվտանգության ուղիղ երաշխավորմամբ՝ առանց աշխարհաքաղաքական փոխզիջումների։

Բացթողման արդյունք՝ ՀՀ-ն մնաց առանց ամուր ռազմական անվտանգության տանիքի, իսկ արևմտյան գործընկերները շահագործում են ՀՀ տարածքը որպես դիտորդական հարթակ՝ առանց պատասխանատվության։

 

Վրաստանի հետ բացակա գործընկերային ռազմավարություն

ՀՀ-Վրաստան հարաբերություններն այդպես էլ չեն ձևավորվել որպես բովանդակային դաշինք, չնայած տարածաշրջանային խոցելիությանը։

Չեն օգտագործվել Լարսի այլընտրանքային ճանապարհների նախագծերը՝ ներառյալ Սև ծովի փոխադրումների հնարավորությունները։

Վրաստանի միջոցով միջազգային լոբբինգը ամբողջությամբ բաց է թողնվել։

Բացթողման արդյունք՝ ՀՀ-ն  տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային նախագծերում երկրորդական դերակատար է՝ առանց ուղենշված շահերի պաշտպանության։

Արտաքին քաղաքականության նման բովանդակային սխալները կարող են ճակատագրական լինել առանձնապես փոքր  պետության համար, ինչից օգտվում են ռեգիոնի թե՛ մրցակիցները, թե՛ դաշնակցի համբավ ունեցողները, թե՛ թշնամաբար տրամադրված երկրները:



Կարդացեք նաև