Հայաստանի տնտեսական կախվածությունն արտաքին ուժերից

ՀՀ տնտեսական կախվածությունն արտաքին ուժերից բազմաշերտ և պատմականորեն ձևավորված խնդիր է։ Անկախության առաջին իսկ տարիներից Հայաստանի հիմնական մարտահրավերը եղել է տնտեսության ինքնուրույնության պահպանումը և արտաքին ազդեցություններին դիմակայելը։ ՀՀ-ն փոքր երկիր է, դեպի ծով ելք չունի, և հարևան չորս երկրներից երկուսը թշնամի երկրներ են։ Այս հանգամանքը սահմանափակում է երկրի տնտեսական կապերը և խորացնում արտաքին կախվածությունը։
Հայաստանի առջև կանգնած հիմնական մարտահրավերներն են կիսափակ սահմանները, սահմանափակ բնական ռեսուրսները և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը։ Էներգետիկ և ֆինանսական ոլորտներում արտաքին կախվածությունը լուրջ ազդեցություն ունի նաև քաղաքական որոշումների վրա։ Հայաստանի փոքր շուկա ունեցող տնտեսությունը խիստ կապված է արտաքին հարաբերություններից։ Վերջին երեք տասնամյակներում տնտեսական զարգացումների վրա մեծապես ազդել են ներդրումները, արտագնա աշխատանքի արդյունքում եղած դրամական փոխանցումները, նաև էներգակիրների և ռազմավարական ապրանքների ներմուծումը։
Հայաստանի տնտեսությունը դասվում է փոքր շուկա ունեցող երկրների շարքին։ Մոտ 3 միլիոն բնակչությամբ երկիրը 2024 թվականին ունեցել է շուրջ 25.8 մլրդ ԱՄՆ դոլարի ՀՆԱ, մեկ շնչի հաշվով՝ մոտ 8500 դոլար։ Տնտեսության կառուցվածքում ծառայությունները և առևտուրը կազմում են ավելի քան 50 տոկոս, արդյունաբերությունը՝ շուրջ 22-23 տոկոս, իսկ գյուղատնտեսությունը՝ մոտ 12-13 տոկոս։

Արտերկրում աշխատող հայերի դրամական փոխանցումները շարունակում են մնալ տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժերից։ 2024 թվականին դրանք կազմել են մոտ 1.51 միլիարդ դոլար, որից ավելի քան կեսը՝ շուրջ 800 միլիոնը, փոխանցվել է Ռուսաստանից։ Այսինքն՝ Հայաստանի տնտեսության զգալի հատվածը դեռ հիմնված է արտաքին եկամուտների վրա։
Արտաքին տնտեսական կախվածությունը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական խնդիր է։ Որքան մեծ է երկրի կախվածությունը որևէ գերտերությունից կամ հարևան պետությունից, այնքան սահմանափակվում է նրա ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Այսօր Հայաստանը զգալիորեն կախված է մեկ-երկու հիմնական գործընկերոջից։ Էներգետիկ առումով երկիրը գրեթե ամբողջությամբ կախված է ներմուծումից․ բնական գազի շուրջ 80-85 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, մնացածը՝ Իրանից։ Առևտրաշրջանառության կառուցվածքում Ռուսաստանի բաժինը գերազանցում է 35 տոկոսը, մինչդեռ ԵՄ-ի բաժինը՝ մոտ 7.5 տոկոս։ Չնայած վերջին տարիներին աճում է Չինաստանի և Իրանի դերը, դրանք դեռևս չեն կարող հավասարակշռել Ռուսաստանի գերիշխող դիրքը։

Ռուսաստանը մատակարարում է գազ և ռազմավարական ապրանքներ, բայց դրա դիմաց պահպանում է նաև քաղաքական ազդեցություն։ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը՝ զարգացնելով հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ, սակայն կախվածության կառուցվածքը դեռևս մնում է կենտրոնացված։
Հայաստանի չորս հարևաններից երկուսը՝ Թուրքիան և Ադրբեջանը, փակել են իրենց սահմանները Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այդպիսով Հայաստանը հայտնվել է կիսափակման մեջ՝ ոչ թե լիարժեք շրջափակման, ինչպես հաճախ ներկայացնում են իշխանությունները՝ արդարացնելու իրենց պրոթուրքական և պրոադրբեջանական քաղաքականությունը։
Էներգետիկ կախվածություն։ 1990-ական թվականներից արդեն Հայաստանը փաստացի փակ սահման ունի Ադբեջանի, իսկ 1993 թվականից՝ Թուրքիայի հետ։ Բնական է, դա ոչ միայն սահմանափակեց առևտրային ու տրանսպորտային մի շարք հնարավորություններ, այլև ավելի ուժեղացրեց կախվածությունը հյուսիսային և հարավային ուղիներից՝ Վրաստանի և Իրանի միջոցով։ Օր․ Վրաստանի տարածքով անցնում է Հայաստանի արտահանման և ներմուծման ապրանքների ավելի քան 70%-ը։

Այս պայմաններում Հայաստանի հիմնական հենարանը դարձավ Ռուսաստանը, որի աջակցությունը թեև օգնեց պահպանել էներգետիկ կայունությունը, բայց նաև խորացրեց քաղաքական կախվածությունը։ Այսպես․
«Գազպրոմ Արմենիա»-ն մատակարարում է գազի հիմնական ծավալը՝ վերահսկելով մի շարք ռազմավարական ենթակառուցվածքներ։ (Համեմատաբար շատ ավելի քիչ ծավալով գազ է մատակարարում նաև Իրանը։) Մեծամորի ատոմակայանը գործում է ռուսական վարկերի և մասնագիտական աջակցության հաշվին։
Ֆինանսատնտեսական կախվածություն։ ՀՀայաստանի պետական պարտքը ձևավորվել է հիմնականում արտաքին վարկերի հաշվին՝ Ռուսաստանի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի միջոցով։ Այսօր արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 55 տոկոսը։ Բացի դրանից, արտագնա աշխատողների փոխանցումները, որոնք հիմնականում գալիս են Ռուսաստանից, կազմում են ՀՆԱ-ի շուրջ 12 տոկոսը և ուղիղ կապում են Հայաստանի տնտեսությունը ռուսական տնտեսության հետ։ Ընտանեկան եկամուտների շուրջ 30-35 տոկոսը ձևավորվում է այդ փոխանցումներից։

Արտաքին ներդրումներ և առևտուր։ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր ներդրողն է՝ վերահսկելով էներգետիկ, հեռահաղորդակցական, երկաթուղային և հանքարդյունաբերական ոլորտները։ Հայաստանի արտահանման մոտ 40 տոկոսը ուղղվում է Ռուսաստան։ Սա վտանգավոր է, քանի որ ռուսական տնտեսության ցանկացած ճգնաժամ անմիջապես անդրադառնում է Հայաստանի վրա։ Միաժամանակ նկատվում է ներդրումային ակտիվության աճ ԵՄ-ի, Չինաստանի և Իրանի կողմից, ինչը դրական միտում է։
Քաղաքական անվտանգության բաղադրիչ։ Աքսիոմ է, որ երկրի տնտեսական կախվածությունը բերում է նաև քաղաքական կախվածության։ Օր․ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակից, ելնելով իր շահերից, հաճախ է օգտագործում տնտեսական լծակները՝ ազդելու Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա՝ ստեղծելով կախվածություն, որը սահմանափակում է Հայաստանի արտաքին քաղաքականության քայլերը հատկապես Արևմուտքի հետ։
Ի՞նչ բացասական հետևանքների է բերել տնտեսական կախվածությունը․

Սահմանափակ տնտեսական ինքնիշխանություն, որը ազդում է ներքին քաղաքականության վրա։

Ներքին շուկայի խոցելիություն։

Տնտեսության դիվերսիֆիկացիայի դանդաղ զարգացում։

Արտաքին ճնշումների մեծացում քաղաքական որոշումների վրա։

Սոցիալական անկայունություն՝ փոխանցումների նվազման դեպքում։

Հնարավոր ելքեր: Այս իրավիճակից դուրս գալը պահանջում է համակարգային մոտեցումներ․
Դիվերսիֆիկացնել առևտրային կապերը՝ զարգացնելով հարաբերությունները ԵՄ-ի, Հնդկաստանի, Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրների հետ։

Նվազեցնել էներգետիկ կախվածությունը՝ զարգացնելով արևային և այլ վերականգնվող էներգիայի ոլորտները։

Խթանել տեղական արտադրությունը՝ հատկապես գյուղմթերքի վերամշակման, հանքարդյունաբերության, դեղագործության և ՏՏ ոլորտներում։

Զարգացնել նոր տրանսպորտային միջանցքներ Իրանի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի ուղղությամբ։

Ուժեղացնել կրթական և գիտատեխնիկական քաղաքականությունը՝ կանխելու մարդկային կապիտալի արտահոսքը։

Զարգացնել ռազմարդյունաբերական ներուժը։

Եզրակացություն։ Հայաստանի տնտեսական կախվածությունը արտաքին ուժերից ոչ միայն տնտեսական, այլև պետական ինքնիշխանության խնդիր է։ Քանի որ այն խորքային և համակարգային բնույթ ունի, չի կարող հաղթահարվել կարճաժամկետ քաղաքական քայլերով։ Անհրաժեշտ է երկարաժամկետ ազգային տնտեսական ռազմավարություն, որը կապահովի արտաքին գործընկերների հետ հավասարակշռված հարաբերություններ և ներքին տնտեսական ինքնաբավություն։ Հայաստանը ունի հանքարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության զարգացման մեծ ներուժ, և միայն նման ռազմավարությամբ կկարողանա վերականգնել իր տնտեսական ինքնուրույնությունը՝ դառնալով իրական դերակատար տարածաշրջանային տնտեսական համակարգում։

Վերջին տարիներին միջազգային գործընթացները, տարածաշրջանային խաղաղության օրակարգը և սահմանների բացման հեռանկարը, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ընթացող զարգացումները նորից Հայաստանին կանգնեցրել են այն հարցի առաջ, թե վերոհիշյալ փոփոխությունները ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա։

Սասուն Դավիդյան, տնտեսագետ
Արմեն Սարգսյան, պատմաբան,

Կարդացեք նաև