Genesis Armenia-ի հայտարարությունը 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 3-րդ՝ 44-օրյա պատերազմից 5 տարի անց, նոր ձևավորվող աշխարհակարգի քաոտիկ պայմաններում, առաջնահերթ է՝ ՀՀ և հայ ժողովրդի անվտանգության գոյութենական սպառնալիքների չեզոքացումը, հայկական պետության ինքնիշխանության և իրական անկախության ապահովումը, հայաթափված Արցախի խնդրի արդար և համապարփակ լուծումը, առանց որի ձախողված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը:

Արցախը պատերազմով Ադրբեջանին հանձնելու ՀՀ իշխանության պատասխանատվությունն անվիճելի է: ՀՀ իշխանությունը կրում է պատերազմի պարտության, արցախցու հայրենազրկման, հազարավոր զոհերի ու հաշմանդամների, ՀՀ ինքնիշխանության ոտնահարման, ագրեսոր պետության՝ Ադրբեջանի քաղաքական պահանջներն աներկբա կատարելու, Հայաստանին և հայ ժողովրդին աղետների մեջ պահելու՝ պետական դավաճանության պատասխանատվությունը։

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարում է․

հայ ժողովրդի ապագայի տեսլականը չի կարող կառուցվել հանձնվողական մտքի, պարտվողականության, գոյութենական սպառնալիքների անտեսման և ազգային ինքնագիտակցության խեղման հիման վրա։

Հայաստանի և հայ ժողովրդի ազգային-պետական նպատակներն արդար են, խլված իրավունքները՝ անժամանցելի, որոնց վերականգնումը համայն մարդկության և միջազգային հանրության խնդիրն է՝ ձգտել ավելի արդար ու բարեկեցիկ աշխարհի,

Արցախ հավաքական վերադարձի հայեցակարգային ու սկզբունքային մոտեցումները, մարտավարական և ռազմավարական քայլերի տրամաբանված հաջորդականությունը պիտի առաջնահերթ տեղ զբաղեցնի ՀՀ և հայության քաղաքականապես և գաղափարաբանական առումով բոլոր կենսունակ ուժերի օրակարգում։

Արցախի հարցը փակված չէ։ Հավաքական վերադարձի միջազգային երաշխիքն արցախցու ցեղասպանության և հայրենազրկման փաստի անվերապահ ճանաչումն է՝ կիրառելով միջազգային իրավունքի անվիճարկելի նորմերով հատուցման և վերադարձի իրավունքը։

Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամն իր բոլոր ջանքերն ուղղելու է վերոնշյալ նպատակների իրականացմանը` հանուն ՀՀ իրական անկախության ապահովման, անվտանգության ամրապնդման, տարածաշրջանային դերի արդյունավետ բարձրացման, որի հիմքում ազատ, արդար և ստեղծագործող հասարակությունն է:

Մեր խոնարհումը՝ 44-օրյա պատերազմում անմահացած զոհերի հարազատներին:

Կարդացեք նաև