Ի՞նչ դասեր ունի Գյուլիստանի պայմանագիրը մեր ժամանակների համար

Մաս երկրորդ

Գյուլիստանի հաշտության պայմանագիրը և նշանակությունը։ Հաշտության պայմանագիրը կնքվեց Ղարաբաղի  Գյուլիստան գյուղում։ Ի դեպ, այս պատերազմում ռուսական բանակին մեծ օգնություն ցույց տվեցին հայերը։ Ռուս-պարսկական և  ռուս-թուրքական պատերազմներից հետո Ռուսաստանը դարձավ Կովկասի գլխավոր ռազմական ուժը։

Այդ նույն ժամանակ,  1806-1812թթ ընթանում էր ռուս-թուրքական պատերազմը։ Ռուսական զորքերը խոշոր հաղթանակներ տարան նաև Օսմանյան կայսրության դեմ Կովկասյան և Դանուբյան ճակատներում։ 1811 թ. վերջերին (հոկտեմբեր-դեկտեմբեր) ռուսական բանակը գեներալ-ֆելդմարշալ Մ. Կուտուզովի հրամանատարությամբ լիովին ջախջախեց թուրքական Դանուբյան բանակին և Թուրքիային հարկադրեց հաշտություն խնդրել։ Ռուսաստանը շահագրգռված էր ոչ միայն Թուրքիայի, այլև Պարսկաստանի հետ հաշտություն կնքելու հարցում, քանի որ խիստ լարվել էին ֆրանս-ռուսական հարաբերությունները, և սպասվում էր նապոլեոնյան բանակի ներխուժումը Ռուսաստան։ Բայց եթե Թուրքիայի հետ բանակցություններն ավարտվեցին հաջողությամբ, և 1812թ. մայիսի 16-ին Բուխարեստում ստորագրվեց հաշտության պայմանագիր, ապա այլ կերպ ընթացան ռուս-պարսկական հաշտության բանակցությունները։ Անգլիական ղեկավար շրջանակների ճնշմամբ Պարսկաստանը խուսափում էր Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելուց։ Պարսկաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ պահելուն հետամուտ Անգլիան շարունակում էր ուժեղացնել բազմակողմանի օգնությունը։ 1812թ. փետրվարին կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար Տորմասովին փոխարինած գեներալ Նիկոլայ Ռտիշչևը գարնանն արքունիքից ցուցում է ստանում՝ նորից բանակցություններ սկսելու Պարսկաստանի հետ հաշտություն կնքելու շուրջ։ Ռուսաստանի առաջարկությունն այս անգամ ևս մերժվում է։ Ավելին, որոշ ժամանակ անց, օգտվելով նապոլեոնյան բանակի Ռուսաստան ներխուժումից և ռուսների համար ստեղծված դժվարին կացությունից, պարսիկները նորից են աշխուժացնում իրենց ռազմական գործողությունները։ Սակայն այդ նոր ռազմական նախաձեռնությունը նույնպես ձախողվում է, այն էլ առավել խայտառակ ձևով։ Գեներալ Պյոտր Կոտլյարևսկու զորագունդը 1812թ. հոկտեմբերի 18-19-ին հանկարծակի գրոհում է Ասլանդուզի ամրոցի վրա, որտեղ կենտրոնացվել էին Աբաս Միրզայի հիմնական ուժերը։ Հակառակորդը ջախջախվում է և խուճապահար դիմում փախուստի։ Այդ հաղթանակին հաջորդում է 1812թ. հոկտեմբերի 31-ին ՊԿոտլյարևսկու զորագնդի նոր հաղթանակը Լենքորանի մոտ։ Ասլանդուզում և Լենքորանում պարսկական զորքերի ջախջախումը վերջնականապես ցրում է հաղթանակի վերաբերյալ պատրանքները։ Փաստորեն,  1812թ. ռուսներից ստացած ծանր հարվածները և Ռուսաստանում ֆրանսիական բանակի պարտությունը ստիպեցին Պարսկաստանին հանդես գալ հաշտություն կնքելու առաջարկությամբ։

Պայմանագիրը ստորագրվեց Ղարաբաղում՝ Գյուլիստանի բերդ-ամրոցում, 1813թ. հոկտեմբերի 12-ին՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև, որով ավարտվեց 1804-1813 թթ. ռուս-պարսկական առաջին պատերազմը։ Պայմանագիրը ռուսական կողմից ստորագրել է Կովկասի կառավարչապետ ՆՌտիշչևը, իսկ պարսկական կողմից՝ արտաքին գործերի նախարար Միրզա Աբդուլ Հասան խանը։ Գյուլիստանի պայմանագրի երրորդ հոդվածով Պարսկաստանը ճանաչում է Ռուսաստանի բոլոր նվաճումները Անդրկովկասում։ Պայմանագրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի՝ նախկին Քարթլի-Կախեթի թագավորության միացումը Ռուսաստնին, որը միացվել էր դեռևս 1801 թ.։ Ռուսաստանին անցան նաև նոր տարածքներ՝ Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Ղարաբաղի (որը միացվել էր դեռ պատերազմի ընթացքում՝ 1805 թ. մայիսի 14-ին Ղարաբաղի Իբրահիմ խանի և Ցիցիանովի միջև ստորագրված Քյուրաքչայի հաշտության պայմանագրով։ Նշենք նաև, որ Դաշտային Ղարաբաղը՝ Ջրական (Ջաբրաիլ) և այլն մտնում էին Ղարաբաղի խանության կազմի մեջ), Գանձակի(Ելիզավետպոլի), Շաքիի, Շիրվանի, Դերբենդի, Բաքվի և Թալիշի խանությունները, Լոռու, Զանգեզուրի և Շորագյալի (Շիրակի) գավառները։ Պայմանագիրը ոչ միայն ամրագրեց Անդրկովկասում Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները, այլև սահմանափակեց Միջին Արևելքում բացարձակ գերակայության հասնելու անգլիացիների նպատակը։ Ռուսաստանը Կասպից ծովում նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Անդրկովկասի մեծ մասի միացումը Ռուսաստանին առաջադիմական նշանակություն ունեցավ այնտեղ ապրող հատկապես քրիստոնյա ժողովուրդների համար, քանի որ նրանք ազատվեցին նաև օսմանյան զավթիչների հարձակումներից։ 

Գյուլիստանի պայմանագիրը հիմք դրեց Ռուսաստանի հետ կովկասյան ժողովուրդների հարաբերությանը։ Հայ ժողովուրդը, որ դարեր շարունակ հայտնվել էր ռուս-պարսկական հակասությունների թատերաբեմում մեծ հույսեր սկսեց կապել քրիստոնյա Ռուսաստանի հետ։ Նշենք նաև, որ պայմանագիրը առաջին իրավաբանական փաստաթուղթն է, որով ամրագրվեցին Ռուսատանի իրավունքներն Անդրկովկասում։ Շեշտենք, որ Գյուլիստանի պայմանագիրը ուրույն ազդեցություն ունեցավ նաև Կովկասի քաղաքական զարգացման վրա։ Այն կտրուկ փոխեց  Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը և ամրապնդեց Ռուսաստանի գերիշխանությունը Անդրկովկասի մեծ մասում։  Գյուլիստանի պայմանագիրը Ռուսաստանի համար ունեցավ մեծ նշանակություն՝ ռուսական պետության անվտանգության ապահովման տեսակետից, որի ռազմավարական նշանակության գիտակցումից, մեր կարծիքով,  այսօր Ռուսաստանը շեղվել է՝ տակտիկ հարցերը գերադասելով ստրատեգիականից։ Հետագա ռազմաքաղաքական զարգացումներն ընթացան այնպես, որ Գյուլիստանի պայմանագիրը երկարատև խաղաղության դեր կատարեց, և միայն տասներեք տարի հետո անխուսափելի դարձավ ռուս-պարսկական երկրորդ պատերազմը։ 

Գյուլիստանի պայմանագիրը առայսօր ունի իր արդիականությունը, քանի որ նրա արդյունքներն ու հետևանքներն ազդեցություն ունեն տարածաշրջանի քաղաքական իրադարձությունների  վրա։ Որոնք են դրանք․

1․ Գյուլիստանի պայմանագրով հաստատված սահմաններում հետագայում  ձևավորվեցին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայիս սահմանների  մի զգալի մասը։ Այդ սահմաններում սկիզբ դրվեց ձևավորել ռուսական ազդեցության գոտիները Կովկասում։

2․ Ղարաբաղի խանության սահմանները ձգվում էին մինչև Պարսկաստան և իր մեջ ներառում էր նաև Ջրականը(Ջաբրաիլ), և չնայած Ղարաբաղի խանությունը անցավ ռուսական կայսրությանը, բայց  ինքնակառավարման հարցերը երկար ժամանակ մնում էին վիճելի։ Պայմանագրից հետո սկսվեց հայերի վերաբնակեցման ռուսական քաղաքականությունը՝ Պարսկաստանից և Օսմանյան կայսրությունից դեպի Արևելյան Հայաստան, ինչը բարելավեց հայերի   ժողովրդագրական վիճակը։

3․ Գյուլստանի պայմանագիրը սկիզբ դրեց սահմանելու Ռուսաստանի և Պարսկաստանի ազդեցության ոլորտները Կովկասում։ Այս բաժանումը առայսօր ազդում է տարածաշրջանային երկրների հարաբերությունների  և նրանց միջև մրցակցության վրա , հատկապես ՝ Հայաստանի և Իրանի հարաբերություններում։Պայմանագիրը հուշում է, որ միջազգային քաղաքականության մեջ ուժային հավասարակշռությունը մշտապես փոխվում է, և յուրաքանչյուր պետություն պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակային փոփոխության։

4․ Շեշտենք նաև, որ պայմանագիրը Հարավային Կովկասի պատմության մեջ շրձադարձային նշանակություն ունեցավ՝ ամրապնդելով  Ռուսաստանի վերահսկողությունը տարածաշրջանի մեծ մասի նկատմամաբ։ Թեև անցել է  ավելի քան երկու դար,  այս պայմանագրի ազդեցությունը այսօր էլ զգալի է։ Այսօր էլ միջազգային ուժային կենտրոնները շարունակում են ազդել տարածաշրջանի քաղաքականության վրա՝ հաճախ անտեսելով բնիկ ժողովուրդների ճակատագիրը՝  ինքնորոշման իրավունքը։

Գյուլիստանի հաշտության պայմանագիրը միայն անցյալի փաստաթուղթ չէ, այն մեր ներկայի հիմքերում է՝ սահմանների  միջազգային հարաբերությունների մակարդակով։ Դրա ուսումնասիրությունը մեզ զգուշացնում է, որ տարածաշրջանային  և քաղաքական անվտանգությունը պետք է կառուցվի սեփական ուժերի և դաշնակիցների ճիշտ ընտրության վրա,  և ոչ թե  միայն արտաքին պայմանավորվածությունների վրա։

Կարդացեք նաև