ի՞նչ կապ ունի Իմամօղլուի ձերբակալությունը քրդական ազգային հարցի հետ
22.05
2025
Կարևոր է քննարկել նաև, թե ինչ կապ ունի Իմամօղլուի ձերբակալությունը քրդական ազգային հարցի հետ: Իմամօղլուն նախկինում զգուշավոր քաղաքականություն էր վարում քրդական հարցում, բայց նրա ձերբակալության ընտրված ժամանակը պատահական չէ։ Վերջին շրջանում շրջանառվող լուրերը, թե Աբդուլլահ Օջալանը կարող է նոր հայտարարություն անել, ազդել են Թուրքիայի քաղաքական վերնախավի որոշումների վրա։ Քրդերից շատերը Սիրիայում, Թուրքիայում և Եվրոպայում չեն հավատում, որ զենքերը վայր դնելու և քրդական ազգային խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու հայտարարությունն արել է Օջալանը։ Նրանք վստահ են, որ այդ հայտարարությունը MIT-ինն է (Milli İstihbarat Teşkilatı)` Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությանը, և հավատում են, որ քրդական հարցն արագ լուծելու փորձը ընդամենը իմիտացիա է, և էրդողանը չի ցանկանում կորցնել Գորշ գայլերի կամ ազգայնական կուսակցության ձայները խորհրդարանում։ Ստացվում է, որ էրդողանը փորձում է օգտագործել PKK-ի կամ Քրդստանի բանվորական կուսակցության և Օջալանի գործոնը՝ չեզոքացնելու իր ընդդիմադիրներին: Սրա փաթեթավորումն էլ կա․ էրդողանը հայտարարելու է, որ ինքն արեց այն, ինչ Թուրքիայի ոչ մի ղեկավար վերջին կես դարում չկարողացավ անել՝ լուծեց Թուրքիայի ներսում գլխավոր սպառնալիքի խնդիրը՝ տեռորիզմի խնդիրը, որովհետև PKK-ն համարվում է քրդական տեռորիստական կազմակերպություն: Երկրորդ կարևոր հարցը՝ ինչո՞ւ հենց հիմա ձերբակալվեց Իմամօղլուն։ Սա պարզ քաղաքական հաշվարկ է. առաջիկա տեղական ընտրություններում Էրդողանը փորձում է կանխել CHP-ի հաղթանակը Ստամբուլում։ Իսկ եթե սրան գումարենք այն փաստը, որ Թուրքիայում տնտեսությունը գնալով ավելի է խրվում կոլապսի ճիրաններում, կստացվի, որ տնտեսության վատթարացման պայմաններում Էրդողանը ստիպված է լինելու կոշտ քայլեր ձեռնարկել իշխանությունը պահելու համար։ Իսկ Իմամօղլուն ներկայումս ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր գործիչն է։ Չնայած ընդդիմության թուլացմանը (Քըլըչդարօղլուի պարտությունը 2023-ին)՝ Իմամօղլուն պահպանում է ժողովրդականությունը, և 2028թ․ ընտրություններում ընդդիմադիր CHP-ի հավանական նախագահի թեկնածուն է լինելու, որին Էրդողանը փորձում է չեզոքացնել ձերբակալելով։
Էրդողանն այսպիսի հարցերում շատ փորձառու է։ 2016թ․ ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո նա ամբողջովին վերացրեց գյուլենական շարժումը կամ ինչպես թուրքերն են ասում՝ ֆեթույլականներին, այսինքն՝ Գյուլենական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին: Իմամօղլուն էրդողանի համար նոր թշնամի է, մի նոր Ֆեթուլլահ Գյուլեն, որ սպառնում է ոչ թե կրոնական գաղափարախոսությամբ, այլ ժողովրդավարական օրակարգով։ Իմամօղլուի ձերբակալությունը նախապատրաստություն է, որպեսզի նրա քաղաքական ազդեցությունը խոչընդոտվի և տեղ բացվի Էրդողանի կամ իր հովանավորությունը վայելող անձերի համար, որոնք երեքն են՝ ներկայիս ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանը, Էրդողանի որդին՝ Բիլալ էրդողանը և Բայրաքթարի հիմնադիր Սելջուկ Բայրաքթարը։ Համոզված ենք, որ Իմամօղլուի հեռացումը տեղ կբացի ավելի թույլ ընդդիմադիր թեկնածուների համար 2028-ի ընտրություններում։
Հաջորդ հարցը․ արդյոք Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կփորձե՞ն ազատվել Էրդողանից, թե՞ կկրկնվի 2016-ի սցենարը, երբ Ռուսաստանի նախագահն անձամբ Էրդողանին պահեց իշխանությունում և թույլ չտվեց տապալվի: Այսօր ԱՄՆ-ը դժգոհ է Էրդողանի երկակի քաղաքականությունից՝ ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի, Սիրիայի հարցերում։ Ռուսաստանն օգտագործում է նրան, բայց չի վստահում։ Վաշինգտոնն ու Բրյուսելը նախընտրում են ավելի կանխատեսելի թուրք առաջնորդ։ Այս դիրքորոշումը մեծ չափով կախված է հիմնականում Սիրիայի նոր անվտանգային ճարտարապետությունից, նաև Արցախի հարցից։ Էրդողանը քաջ գիտակցում է, որ Սիրիայում և քրդերի հարցում՝ Ամերիկայի և Ռուսաստանի մոտեցումները, մեղմ ասած, հակադրվում են պաշտոնական Անկարայի դիրքորոշմանը: Թուրքիան խոր մտահոգություններ ունի, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել քրդական ուժերին Սիրիայում։ Ռուսաստանը ևս փորձում է կարգավորել քրդական հարցը՝ առանց Թուրքիայի շահերը առաջնային դարձնելու։ Իսկ Էրդողանն աշխատում է կանխել արտաքին ուժերի միջամտությունը՝ ապագա հակամարտությունների համար իր դիրքերն ամրապնդելով։
Ի՞նչ կապ ունի Իմամօղլուի ձերբակալությունը քրդական հարցի, Օջալանի կոչի և թուրք ընդդիմադիրների հարաբերությունների հետ։ Նշենք մի քանի կետ․
2019-ի Ստամբուլի ընտրություններում Իմամօղլուն հաղթեց նաև քրդական համայնքի ձայների շնորհիվ, և Թուրքիայի ազգայնական հատվածը նրան դիտարկում է որպես «PKK-ի աջակցությամբ ընտրված»։
Էրդողանը հասկանում է, որ PKK-ն կարող է նոր քաղաքական խուսանավումների գնալ։
Էրդողանի քաղաքականության տրամաբանությունը թշնամու կերպարի մշտական խաղարկումն է, թշնամի, որին պետք է հաղթել ցանկացած գնով: Գյուլենական շարժման վերացումից հետո հերթը քրդական հարցինն է։ Էրդողանին թվում է, որ եթե քրդական հարցը փակվեց, ապա հերթը նոր «թշնամունն» է, և նոր թշնամու կերպար է պետք ստեղծել, ու այդ դերին հավակնում է, այսպես կոչված, ժողովրդավարական ընդդիմությունը՝ ամենառեյտինգային թեկնածու Իմամօղլուի գլխավորությամբ:
Այս ամենի մեջ պետք է ասել, որ մեզ՝ որպես պետության և ազգի, հետաքրքրում են մի քանի առանցքային հարցեր, մասնավորապես Էրդողանի քաղաքական ապագան ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության համատեքստում:
ԱՄՆ-ն և Էրդողանը անկայուն գործընկերներ են։ ԱՄՆ-ը չի վստահում Էրդողանին, բայց չի կարողանում նրանից ազատվել։
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց՝
Աշխատում է Ռուսաստանի հետ ատոմակայանի հարցով, S–400 համակարգերի և Սիրիայի շուրջ։
ԱՄՆ-ի համար հիմնական խնդիրը Թուրքիայի քաղաքական անկանխատեսելիությունն է։
ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայի քրդերին մեծացնում է Էրդողանի մտահոգությունները։
Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Մոսկվան գուցե չցանկանա ամբողջությամբ թուլացնել Էրդողանին, բայց կարող է օգտագործել նրա ներքին խնդիրները՝ ավելի ձեռնտու գործարքներ պարտադրելու համար։
Ռուսաստանն ու Էրդողանը․ տակտիկական դաշնակիցնե՞ր, թե՞ հակառակորդներ
Հակառակորդ են, որովհետև՝
Թուրքիան շարունակում է զենք տրամադրել Ուկրաինային։
Չնայած գործակցությանը՝ Ռուսաստանը չի վստահում Թուրքիային Սիրիայի հարցում։
Պուտինը գիտի, որ Էրդողանը պոտենցիալ անկայուն գործընկեր է։
Էրդողանն ամրապնդել է իր դիրքը ՆԱՏՕ-ի ներսում, բայց պահում է ռուսական խաղաքարտերը։
Թուրքիան մրցակից է Ռուսաստանին Սիրիայում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում։
Իմամօղլուի նման ավելի պասիվ արևմտամետ առաջնորդը կարող է թույլ Թուրքիա նշանակել, ինչը Մոսկվային ձեռնտու կլինի։
Ժամանակավոր դաշնակիցներ են, որովհետև՝
Չնայած հակասություններին, Մոսկվան կարողանում է համաձայնության գալ Էրդողանի հետ՝ օգտագործելով նրա խուսանավելու հատկությունը։
Էրդողանի կոշտ ղեկավարումը կանխում է Թուրքիայում արևմտամետ ուժերի ազդեցության աճը, որն էլ Կրեմլի ցանկությունն է։
Ռուսաստանը կախված է Թուրքիայից՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար (գազ, առևտուր, ֆինանսներ և այլն)։
Այս ամբողջը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, կամ ինչպե՞ս կազդի Թուրքիայի ներքին անկայունությունը հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի վրա։ Էրդողանի ուշադրությունը կենտրոնացած է ներքին հարցերի վրա, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները տեղավորվում է Էրդողան-Ալիև պայմանավորվածությունների շրջանակում: Կարծում ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ չի զարգացնի որևէ հարաբերություն, մինչև Հայաստանը դե ֆակտո չկապիտուլացվի Ադրբեջանի կողմից: Եթե քրդական հարցը չի լուծվում, ապա Թուրքիան Հայաստանի դեմ դեմարշի նոր առիթ չի փնտրի։ Թուրքիան մեղադրելու է ՀՀ-ին, որ նա աջակցում է PKK-ին, քուրդ զինյալներին, և ինչպես վարվեց Սիրիայում՝ առանց որևէ մեկին հարցնելու, իրականացնելու է այսպես կոչված՝ հակատեռորիստական օպերացիա, ինչի ականատեսը եղանք Սիրիայում, Իրաքում և Արցախում: Արդյոք այս վիճակը կարո՞ղ է վտանգ ներկայացնել Հայաստանի համար: Եթե Էրդողանը որդեգրի կրկնակի ազգայնամոլական մոտեցում, ապա կարող է ակտիվացնել Հայաստանի ու հայության դեմ հռետորաբանությունը։ Սակայն կարծում ենք, որ ներքաղաքական ու տնտեսական անկումը Էրդողանին կստիպի ավելի ռացիոնալ մոտեցումներ որդեգրել։
Փաստորեն, Իմամօղլուի ձերբակալությունը շատ ավելի խորքային հարցերի արտացոլումն է, քան պարզապես ընդդիմադիր գործչի չեզոքացումը։ Էրդողանը ձգտում է մաքրել քաղաքական դաշտը, վերացնել ցանկացած պոտենցիալ մրցակցի և վերահսկողությունը պահպանել 2028-ից հետո։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը տարբեր նպատակներ ունեն Թուրքիայի հետ, բայց երկուսն էլ ունեն շահ՝ Էրդողանի կառավարումը թուլացնելու համար։ Հայաստանի համար սա հստակ ազդակ է, որ թուրքական քաղաքականության նկատմամբ պետք է պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին։
Օրինակ՝ պետք է պատրաստ լինել հետևյալ սցենարին․ եթե Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, օգտվելով ներթուրքական վիճակից, փորձի ճնշել Անկարային բացելու Հայաստանի հետ փակ սահմանը, ինչպես նաև ստորագրելու դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրություններ Երևանի հետ, ապա Թուրքիան դա կարող է ներկայացնել որպես առերևույթ կառուցողական մոտեցում՝ ժամանակ շահելու համար: Այսինքն՝ Հայաստանի հետ իր իսկ փակած սահմանը բացելը Էրդողանը փորձի վաճառել որպես լավություն թե՛ Հայաստանի և թե՛ աշխարհի վրա: Միաժամանակ պետք է հստակ գիտակցել, որ Էրդողան-Իմամօղլու զույգի փոխատեղումներից ինչ որ մասշտաբային վերաբերմունք չի փոխվելու հայության ու Հայաստանի նկատմամբ: Թուրքիայի պետական քաղաքականությունը հայության ու Հայաստանի նկատմամբ նույնն է միշտ՝ անկախ իշխանության փուփոխություններից։ Պարզապես Իմամօղլուի ընդգծված արևմտամետությունը Թուրքիայի քաղաքականությունը կարող է դարձնել ավելի կանխատեսելի, որովհետև որոշ փոփոխության կենթարկվեն Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները (ի դեպ վերջերս Իմամօղլուին շնորհեցին Փարիզի պատվավոր քաղաքացի կոչումը):
Իսկ հիմա ամենակարևոր հարցը․ արդյո՞ք ՀՀ–ն ներկայումս կարող է հայտնվել Էրդողանի առաջնահերթ թշնամի պետությունների ցանկում:
Հնարավոր սցենարներ՝
Եթե Էրդողանը սրի հարաբերությունները Արևմուտքի հետ, ապա նա կարող է Հայաստանի հարցը շահարկել՝ նշելով, որ Թուրքիան «մենակ է» և պետք է կոշտ քայլեր ձեռնարկի։
Եթե Ադրբեջանը որևէ կերպ ներգրավվի նոր սադրանքների մեջ, Թուրքիան կարող է շարունակել աջակցել նրան, բայց օգտագործելով Հայաստանի դեմ նոր հռետորաբանություն։
Եթե քրդական հարցում խնդիրները սրվեն, Էրդողանը կարող է վերստին մեղադրել Հայաստանին «տեռորիստներին աջակցելու» համար (ինչպես դա արվում է Սիրիայի քրդերի դեպքում)։
Կարծում ենք, որ այս պահին Հայաստանի նկատմամաբ ուղիղ սպառնալիքը բացակայում է, բայց Թուրքիան ցանկացած պահի կարող է օգտագործել Հայաստանը՝ ներկայացնելու որպես արտաքին «թշնամու» կերպար՝ ներքին խնդիրները լուծելու համար։
Ավելին, Թուրքիան փորձելու է նաև ավելի ինտեգրել Ադրբեջանին իր ռազմաքաղաքական նախագծերին՝ ինչպես դա արեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» դեպքում։ Նվազագույնը՝ տարին մի քանի հավելյալ զինավարժություն կանի Հայաստանի սահմանին, թեև չպետք է այս հարցում գերագնահատել Թուրքիայի ուժերն ու թերագնահատել Իրանի և Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում: Վերջիններս կարող են կոշտ հակազդեցություն ցուցաբերել՝ զսպելու Թուրքիայի հավակնությունները, քանի որ քաղաքականության ռազմավարական թեզերից է՝ «OCULUM PRO OCULO ET DENTEM PRO DENTE», «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: