Ի՞նչ հասկանալ Վաղարշապատի ընտրության արդյունքից

  1. Իշխանության ոչ վստահ հաղթանակի պատճառն ընդդիմության թերագնահատումն է, գաղափարազուրկ արշավ վարելը, հնամաշ հանգերգով ընտրող որսալու՝ արդեն ձանձրալի գործելաոճը:
  2. Գործող վարչախումբն իր ռեսուրսաշատ հնարավորություններով տարավ ոչ թե գաղափարական, քաղաքական, ռազմավարական հաղթանակ, այլ լուծեց մարտավարական խնդիր՝ խորհրդարանի հերթական ընտրությանն ընդառաջ: Ավագանիում ՔՊ-ի թվային գերակշռությունը առաջիկայում կանցնի լուրջ փորձաքննություն:
  3. Իշխանության վստահ հաղթանակին այլևս չեն օգնում կեղծ «գերհերոսները»՝ իրենց սրտիկներով և վիրտուալ քաղաքական կրկեսային ներկայացումներով: Համենայնդեպս՝ «Մանվել տապալած» քաղաք Էջմիածինն ընդդիմացավ իշխանության սին քարոզչությանը, հակաեկեղեցական կեցվածքին, կոռուպցիոն հեղինակությանն ու անարդյունավետ կառավարմանը:
  4. Իշխանությունն ու հակառուս/հականախկին մորթիով նրա վարձու արբանյակները, ֆեյք ընտրազանգված ունեցողներն ավելի շատ ներկա են սոցցանցային ալգորիթմերում, քաղաքացու իրական կյանքում: Ընդդիմությանը փողոցում չաջակցել դեռ չի նշանակում կորցնել ազգային մոտալուտ աղետը ողնաշարով զգալու կարողությունը: Մարդիկ կարող են չբղավել, բայցև չքվեարկել իշխանության օգտին՝ հակառակ ճնշումներին:
  5. Ընտրական մասնակցության բարձր ցուցանիշը կարող է փոխել իրերի ընթացքը. Գյումրին նախադեպ էր:
  6. Վաղարշապատում իշխանության թեկնածուին հաղթանակ բերեց վարչապետի աթոռն զբաղեցնողի՝ ընտրարշավում չթաթախվելը, թեև ՆԻկոլ Փաշինյանն իրեն է վերագրում այդ հաղթանակը: Սա կարևոր ազդակ է ընդդիմության համար, որը, վստահ եմ, առաջիկայում կարողանալու է քանդել իշխանության ավազե տնակը, եթե չասեմ, որ իշխանության թեկնածուն հարմար պահին կարող է տեր կանգնել ազգանվանը և խափանել Մայր Աթոռի դեմ փաշինյանական աղանդի արշավանքը (սա ցանկություն չէ, այլ ռացիոնալ քաղաքական հաշվարկ, որի ժամանակն ունի Արգիշտի Մեխակյանը):

 

Վաղարշապատում ՔՊ-ի ընտրական հաջողությունը պայմանավորված չէ վարչապետի աթոռն զբաղեցնողի կամ կուսակցության հանրապետական հեղինակության գործոնով, այլ կոնկրետ թեկնածուի տեղային ռեպուտացիայով. սա քաղաքագիտորեն բնութագրվում է որպես թեկնածուակենտրոն քաղաքականության (candidate-centered politics) դրսևորում։ Այս պարագայում հիմնական շարժիչ ուժը անձնական քվեն (personal vote) է, որը պայմանավորվում է՝ թեկնածուի սոցիալական կապերով, համայնքային ենթադրյալ հեղինակությամբ, «տոհմիկ» ազգանվան հնչեղությամբ կամ ազդեցությամբ, մատուցած ծառայությունների և տեղական խնդիրների լուծման արդյունավետությամբ։

Կարելի է նկատել, որ Վաղարշապատում ընտրողի վարքագիծը հստակ անջատվել է կուսակցության հանրապետական հեղինակությունից, ՔՊ-ի անբովանդակ ու գաղափարազուրկ քարոզչության պատճառով էլ՝ կուսակցության «հեղափոխական» բրենդի ազդեցությունը հասել պատմական նվազագույնի։

ՔՊ-ի կուսակցական և ազգային ընտրական օրակարգերի միջև կա վիհ. Մայր Աթոռի դեմ սանձազերծված արշավն այդպես էլ չդարձավ հանրային օրակարգի գերակայություն, ինչը խոսում է շարքային քաղաքացու/ընտրողի զգուշավոր դիմադրության մասին: Գյումրիում, Վաղարշապատում և ՀՀ այլ քաղաքներում տեղական ընտրությունները չեն արտացոլում կենտրոնական իշխանության վարկանիշը։ ՔՊ-ն ու նրան սպասարկող արբանյակ ուժերը քաղաքական մրցակցությունը ձևավորեցին ոչ թե ծրագրերի կամ կուսակցական ինքնության, գաղափարախոսության և հեռանկարի, այլ անհատների, անհատականությունների և ընդդիմության հակաքարոզչության շուրջ։ Ընդդիմադիր թեկնածուներից ոմանք կարողացան սա կապիտալիզացնել՝ նաև հենվելով հասարակության լայն շերտերի ընդվզող հակաիշխանական տրամադրվածության գործոնի վրա:

Սա ակնհայտորեն խոսում է «իզմերի» իբրև թե չհավատացող ՔՊ-ի կուսակցական ինստիտուցիոնալացման թուլության ցուցիչների խորացման մասին, որտեղ կուսակցությունը չի կարողանում իր հեղինակությունն ու ազդեցությունը վերարտադրել տեղական մակարդակում, համենայն դեպս՝ քաղաքներում։

Հանրային հիշողության մեջ ազգային հերոսի կերպարը պղծելու, վաստակը մսխելու, հեղինակությունը ոտնակոխ անելու հարցում Նիկոլ Փաշինյանն ունի պատկառելի փորձ և վարպետի տիտղոս, ինչն օբյեկտիվ է հակապետական ու հակաազգային ցանկացած սուբյեկտի դեպքում: Խնդիրը նիկոլը չէ՛, այլ այդ հերոսների հարազատների՝ սեփական կամքով, ոտք ու ձեռքով նիկոլիզմի մեջ թաթախվելու այսրոպեական մարմաջը, որը, կարծում եմ` հնարավոր է արգելակել:

Լիահույս եմ, որ Արգիշտի Մեխակյանը շատ լավ գիտակցում է, որ, ինչպես Արցախի հանձնումը, այդպես էլ Հայ եկեղեցու դեմ կիսալուսնի արշավանքը Նիկոլ Փաշինյանն արդարացնելու է՝ «ժողովրդի տված մանդատով», և Մեխակավանի հերոսի որդուն թաթախելու է հայրենիքի հոգևոր վաճառքի ստորագույն օպերացիայում։

Հիասթափվել չկա՛, հուսահատվել չկա՛, միայն համառ ու հետևողական աշխատանք: Ապրի՛ ընդդիմությունը, որ աշխատեց գրագետ: Հաղթանակները կերտվում են՝ միմյանց հաջորդող ձախողումներից դասեր քաղելով: Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, բնույթով՝ հեշտ կոտրվող, ռեսուրսով՝ հարուստ, բայց՝ ռեպրեսիվ: Ազգի կամքը չի ծնկում ոչ մի բռնաճնշող մեքենայի առաջ: Հայն ունի կամք՝ արարելու, զարգանալու և արդարություն հաստատելու միտք, իմաստություն, փորձ, ներուժ և առաքելություն: Վաղարշապատի ընտրությունը էպիզոդ է՝ գալիք ընտրական մեծ մարաթոնին ընդառաջ, որտեղ, համոզված եմ, ՀՀ քաղաքացին իր քվեով «ո՛չ» է ասելու ազգային ստորացմանը, խաբեությանը, կոռուպցիային, անարդարությանը և «այ՛ո» է ասելու՝ իրապես անկախ, անվտանգ, տնտեսապես զարգացող, ազգային դիմագիծ ու արժանապատվություն ունեցող պետությանը:



Կարդացեք նաև