Ինչպե՞ս են ընդունվում քաղաքական որոշումներն Իրանում

Մաս առաջին

Իրանը, լինելով բազմահազարամյա քաղաքակրթական պետություն և ունենալով անկախ պետականության հարուստ փորձ, ներկայումս ունի կառավարման ժամանակակից բարդ քաղաքական համակարգ։ Իրանի պետականությունը  սկսվում է առնվազն Աքեմենյան կայսրությունից (մ․թ․ա․ 6–րդ դար) և շարունակվում առայսօր։ Իրանը ոչ միայն սոսկ երկարատև փորձ ունեցող պետություն է, այլև քաղաքակրթական շարունակություն՝  լեզվով, մշակույթով և պետական մտածողությամբ։

1979թ․ հեղափոխության արդյունքում, 1979թ․ ապրիլի 1-ին հռչակվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Երկրի կառավարումը սկսվեց իրականացվել  յուրահատուկ  կրոնապետական համակարգով, որի հիմքը  պետական կրոն  հռչակված իսլամի շիայական  դավանանքն  է։ Պետական գաղափարախոսության հիմքը կոչվում է Վելայաթ-է Ֆաղիհ (կրոնապետի  գերիշխանություն), այսինքն Գերագույն  առաջնորդը  տիրական  իշխանություն ունի քաղաքական համակարգի վրա։

Իրանում քաղաքական որոշումները կայացվում  են թեոկրատական և հանրապետական կառույցների բարդ համակարգով, որտեղ վերջնական խոսքը պատկանում է Գերագույն հոգևոր առաջնորդին:

 

Հիմնական լիազորությունները բաշխված են Գերագույն առաջնորդի, Մեջլիսի (խորհրդարան), Պահապանների խորհրդի և Նպատակահարմարության խորհրդի միջև, որոնք ապահովում են իսլամական նորմերի պահպանումը։

Իսկ ո՞րն է այդ մոդելի   պարզ   կառուցվածքը։

Ինչպես նշեցինք, Իրանի պետական համակարգի  հիմքը կրոնական իշխանությունն է։ Իրանի քաղաքական որոշումների կայացման հիմնական օղակներն էլ հետևյալներն  են՝

1․ Գերագույն առաջնորդ (Ռահբար)

Սա ամենակարևոր կենտրոնը և  Իրանի քաղաքական համակարգի գագաթնակետն է, և որի գագաթում կանգնած է   Մոջթաբա Խամենեին ( Mojtaba Khamenei)` զոհված առաջնորդ Ալի Խամենեիի  որդին։ Նրան  է պատկանում որոշում կայացնելու վերջնական խոսքը։ Նա է սահմանում  երկրի ընդհանուր քաղաքականությունը և վերահսկում այն։ Վերահսկում է նաև զինված ուժերը, արտաքին քաղաքականությունը, անվտանգության համակարգը։ Կարող է միջամտել ցանկացած կարևոր որոշման և  նշանակում է բարձրակարգ պաշտոնյանների։ Իրանում առանց  առաջնորդի համաձայնության որևէ կարևոր որոշում չի կայացվում։ Բնական է,  Իրանի կառավարման համակարգում  մեծ ազդեցություն ունեն բարձր աստիճանի հոգևորականները (այաթոլլաները)։ Այս ամենն  Իրանի պետական համակարգի   գաղափարական ողնաշարն է։

2․ Նախագահ և կառավարություն

Նախագահը ընտրվում է ժողովրդի կողմից և հաստատվելուց հետո  իրականացնում է գործադիր իշխանությունը՝  Գերագույն  առաջնորդի վերահսկողության ներքո։ Կառավարում  և տնօրինում է տնտեսական, ներքին և արտաքին  քաղաքականությունը, առաջարկում է օրենքներ և ծրագրեր։

3․ Մեջլիս (խորհրդարան)

Իրանի խորհրդարանը կազմված է  290 պատգամավորից: Այն   միապալատ խորհրդարան է, որն ընդունում է օրենքներ և հաստատում  նախարարների կաբինետը, քննարկում և ընդունում է բյուջեն, սակայն օրենքները վերջնական ընդունված չեն համարվում,  մինչև  չվավերացվեն Պահապանների խորհրդի կողմից։

4․ Պահապանների խորհուրդ

12 հոգուց բաղկացած ժողով (6 հոգևորական, 6 իրավաբան), որը ստուգում է նաև թեկնածուներին ընտրություններից առաջ և կարող է  վետո  դնել թեկնածուների մասնակցության հարցում։ Ստուգում է՝ օրենքները համապատասխանու՞մ են իսլամական օրենքներին և սահմանադրությանը,  և կարող է մերժել  այն։ Այս ժողովը մեծ ազդեցություն ունի, որովհետև «ֆիլտրում»  է ամբողջ համակարգը։

5․ Նպատակահարմարության  խորհուրդ

Նպատակահարմարության  խորհուրդը վերջնական լուծում է տալիս Մեջլիսի և Պահապաների խորհրդի միջև առաջացած տարաձայնություններին։

6․ Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդ

Այս խորհուրդը քննարկում է ռազմական, ինքնապաշտպանական, միջուկային և արտաքին քաղաքականության հարցերը, բայց որոշումները ուժի մեջ են մտնում միայն Գերագույն առաջնորդի հաստատումից հետո։

Այսպիսով,  Իրանի քաղաքական որոշումների կայացման մեխանիզմը հիմնված է կրոնապետական գերակայության վրա, ընդ  որում,  ընտրովի մարմինները գործում են ղեկավարության վերահսկողության ներքո։

Եզրակացություն։ Իրանում քաղաքական որոշումներն ընդունվում են ոչ թե մի օղակում, այլ բազմաշերտ համակարգում,  բայց իրական ուժը կենտրոնացած է մեկ կետում․ դա Գերագույն առաջնորդն է։

Այսինքն, կա ներկայացուցչական (ընտրական) համակարգ (նախագահ, խորհրդարան, ռեֆերենդում), բայց կա նաև կրոնական վերահսկողություն։

Ավելի պարզ` Իրանում որոշումներն ընդունվում են ոչ թե մեկ  կենտրոնում, այլ հոգևոր իշխանություն+զինված ուժեր+տնտեսական էլիտա եռանկյան փոխհարաբերությունների մեջ, իսկ վերջնական «վետոն» միշտ մնում է Գերագույն առաջնորդի մոտ։

Կարդացեք նաև