Ինչու՞ և ի՞նչ տարածքներ ստիպված եղավ զիջել Հայաստանը` Բաթումի պայմանագրով

Մաս չորրորդ

1918թ. հունիսի 4-ին ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը։ Նույն օրը երկու պատվիրակությունների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց Երևանում և Պոլսում դիվանագիտական և ռազմական ներկայացուցիչների փոխանակման շուրջ։ Օգոստոսի սկզբին Մեհմեդ-Ալի փաշան (ծագումով բոսնիացի) նշանակվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից դիվանագիտական և ռազմական ներկայացուցիչ,  իսկ Ֆ. Թախտաչյանը՝ Օսմանյան Թուրքիայում։

Բաթումի հաշտության դաշնագիրը և դրան կից հոդվածները ուժի մեջ էին մտնում ստորագրման պահից, մինչդեռ դրանք միջազգային իրավունքի տեսանկյունից իրավական ուժ չունեին, քանի որ այն չէին վավերացրել ոչ՛ Օսմանյան Թուրքիան, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության կառավարություններն ու օրենսդիր մարմինները, ավելին` այն չէին ճանաչվել նաև Քառյակ միության անդամները, Անտանտև, Խորհրդային Ռուսաստանը և այլ երկրներ:

Բաթումի պայմանագիրը «գործեց»  1918թ հունիս-նոյեմբեր ամիսներին, մինչև Օսմանյան Թուրքիայի վերջնական պարտությունն Առաջին աշխարհամարտում։

1918թ հունիսի 4-ին Բաթումի պայմանագիրը ստորագրվեց հանդիսավոր պայմաններում. լրիվ անվանումն էր «Հաշտության և բարեկամության դաշնագիրը Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև»։  Թուրքական պատվիրակության կողմից այն ստորագրեցին Հալիլ Բեյը, Վեհիբ փաշան, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից՝  Ալ. Խատիսյանը (պատվիրակության նախագահ), ՀՔաջազնունին և Մ. Պապաջանյանը։

Նույն օրը հայկական պատվիրակության անդամները հեռագիր ուղարկեցին Ամենայն Հայոց Վեհափառ Գևորգ 5-ին՝ նշելով, որ կնքված է պայմանագիր, դադարեցված են ռազմական գործողությունները, Էջմիածինը մնում է Հայաստանի տարածքում, իսկ Երևանը՝ մայրաքաղաք (առաջին իսկ օրերից ՀՀ առաջին հանրապետությունն ինչպիսի՜  մեծ տեղ էր հատկացվում եկեղեցուն)։ Հունիսի 4-ի երեկոյան՝ ժամը 5-ին, գումարվեց լիագումար նիստ՝ հայ-թուրքակաան հաշտության ու բարեկամության դաշնագրի և երեք հավելվածների պաշտոնական փոխանակման և կարգավորումների արձանագրությունը ստորագրելու համար, որտեղ ելույթ ունեցավ Ալ. Խատիսյանը՝  հայերեն, հետո իր ելույթը թարգմանեց ռուսերեն և ֆրանսերեն։ Նա մասնավորապես նշեց, որ Հայաստանը. «երկար տարիներ շատ զոհողությունների է գնացել, որպեսզի ազգային գոյության իրավունք ստանա։ Այսօր բացահայտ այդ իրավունքը ստացավ և մտավ անկախ պետությունների շարքը։ Այս մեծ օրը մի հանդիսավոր թվական կհանդիսանա հայերի պատմության էջերում… Մենք հաստատ համոզված ենք, որ մեր հայ եղբայրները, որոնք հեռացել են Թուրքիայից, կկարողանան շուտով այնտեղ վերադառնալ»։

Հալիլ բեյի և Ալ. Խատիսյանի կողմից հունիսի 5-ի լուսաբացին Բաթումում  հայ-թուրքական փաստաթղթերի արձանագրությունը ստորագրվելուց հետո,  հունիսի 6-ին հայկական պատվիրակությունը վերադարձավ Թիֆլիս։ Հայոց ազգային կենտրոնական խորհուրդը ձեռնամուխ եղավ Հայաստանի օրենսդիր (Հայաստանի խորհրդի) և գործադիր մարմինների ձևավորմանը։ Այսպիսով, հունիսի 4-ի Բաթումի պայմանագիրը առաջին միջազգային փաստաթուղթն է, որ ստորագրեցին անկախ Հայաստանի պատվիրակները։

Հիմնական դաշնագիրը բաղկացած էր 14 հոդվածից և 3 լրացուցիչ հավելվածներից։ Ըստ այդ դաշնագրի՝ Օսմանյան Թուրքիային էին անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի տարածքի զգալի մասը՝ Շարուր-Դարալագյազը, Նախիջևանը, Սուրմալուն, Կարսը, Կաղզվանը, Սարիղամիշը, Լոռին։ Հայաստանին մնում էին Նոր Բայազետի գավառը, Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառների ավել քան  11 000 քառկմ  տարածք։ Հայաստանից խլում են Ալեքսանդրապոլը և երկաթուղին մինչև Ջուղա (Ջուլֆա)։ Հանրապետությանը մնում էր ընդամենը 13 կմ երկաթգիծ։ Երկաթուղիների վերահսկողությունը անցնում էր Թուրքիային, իսկ պետական սահմանը անցնում էր Երևանից 7 կմ հեռավորության վրա։  ՀՀ-ն կորցրեց  28 հազար քառ. կմ՝ 900 հազար բնակչությամբ։ Վրաստանը Թուրքիայի հետ կնքած Բաթումի պայմանագրով կորցնում էր 10 հազար քառ. կմ տարածք՝ 350 հազար բնակչությամբ։  Վրաստանի տերիտորիան սահմանափակվում էր միայն Թիֆլիսի, Քութաիսի, Գորիի և հարակից կենտրոնական շրջաններով։ Թուրքերը Անդրկովկասից խլեցին նրա տարածքի 20,6 տոկոսը և ազգաբնակչության 18,5 տոկոսը։ Փաստորեն, թուրքերը Անդրկովկասից զավթեցին ընդհանուր 38 000 քառ. կմ տարածք՝ 1 մլն 250 հազար ազգաբնակչությամբ։

Քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Բաքվի նավթի համար պայքարը ընթանում էր երկու դաշնակիցների՝ Օսմանյան Թուրքիայի և Կայսերական Գերմանիայի միջև, և Թուրքիայի համար Բաքու գնացող ամենակարճ ճանապարհը անցնում էր Հայաստանով, ուստի թուրքերը, դեպի Բաքու շարժվելով, չէին կարող իրենց հետևում թողնել հայկական թշնամական բանակներ։ Հենց դրա համար Օսմանյան կայսրությունը շտապեց ընդունել անկախ Հայաստանի գոյությունը՝  Բաթումում կնքելով հաշտություն՝ դրանով ապահովելով իր թիկունքը։  Եվ պատահական չէ, որ այդ դաշնագրի ստորագրումից անմիջապես հետո Վեհիբ փաշան ՀՀ կառավարությունից պահանջեց անհապաղ կատարել դաշնագրին կից ժամանակավոր լրացուցիչ հավելվածի առաջին հոդվածի պարտավորությունը. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհապաղ ձեռնամուխ կլինի իր զորքերի զորացրմանը։ Այդ զորքերի քանակը, ինչպես և այն ռազմական օկրուգները, որոնց մեջ դրանք կլինեն, կորոշվեն՝ Օսմանյան կայսերական կառավարության հետ համաձայնեցնելով ընդհանուր պատերազմի ամբողջ ժամանակաշրջանի համար»։

 Դաշնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի և չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես և զինաթափել ու ցրել բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ։

Բացի դրանից, նույն դաշնագրի 11-րդ հոդվածը նախատեսում էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից էվակուացվեն այնտեղ գտնվող բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես և ապահովել, որ այդ էվակուացումը առիթ չտա որևէ ընդհարման։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստիպված էր ստանձնելու եռակի պարտավորություն. նախ՝ ցրել հայկական զորքը՝ թողնելով ընդամենը 1200 զինվոր՝ մի կողմից վերջ դնել բոլոր ռազմական գործողություններին թուրքական բանակի թիկունքում, իսկ մյուս կողմից, ինչը շատ ավելի կարևոր էր, հարկադրել հայկական զորաջոկատներին՝  հետ քաշվել խորհրդային Բաքվից։ 

Կարդացեք նաև