Ժողովրդի կամքը չի կարող ձերբակալվել. Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանը դարձրել են կուսակցապետություն
20.10
2025
Հայաստանի երկրորդ մեծ քաղաքի՝ Գյումրիի ընտրված ղեկավարի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան երկրում քաղաքական բռնաճնշումներն ինստիտուցիոնալացնելու հերթական ամրագրումը, իշխանությունը բռնազավթած վարչախմբի մտացածին՝ «Չորրորդ հանրապետության» առաջին «նվաճումը»:
Հայաստանում չկա ժողովրդավարություն, իշխանությունների փոխզսպման ու հավասարակշռման մեխանիզմներն ընդամենը իմիտացիա են, ընտրված պաշտոնյաները հնարավորություն չունեն ազատ գործել և ազդել որոշումների ընդունման գործընթացի վրա, ընտրության արդյունքները չունեն իրավական նշանակություն, ընտրական համակարգը կախված է մեկ անձի ու նրան սպասարկող խմբակի կամայականությունից, քաղաքական հավասարության առաջնային պայմանը բացակայում է, ՏԻՄ համակարգը փլուզման եզրին է:
Հերթական քաղաքի ընդդիմադիր ղեկավարի ձերբակալմամբ իշխանությունը նպատակ ունի հաստատել միակուսակցական ռեժիմ, կանխել Վաղարշապատում սպասվող ընտրությանը ընդդիմության թեկնածուների հաղթանակի հնարավորությունը, երկրում ընդդիմությանը շնորհել բուտաֆորիկ կարգավիճակ, որը ոչ մի ազդեցություն չունի ընդունված որոշումները վիճարկելու, քննադատելու և այլընտրանքային մտածողությամբ ու գործողություններով հանդես գալու:
Իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործելաոճը վաղուց սպառնալիք է Հայաստան պետության սահմանադրաիրավական կարգի ու ներքին անվտանգության համար: Իշխանության պատգամավորների ու ներկայացուցիչների՝ ընդդիմության ու նրան սատարող տասնյակ հազարավոր քաղաքացիների հասցեին հնչող անհարգալից խոսույթը Հայաստանում դարձել է իշխանության քաղաքական միակ կապիտալը:
Նման գործելաոճով ու մեթոդներով Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանը դարձնում են կուսակցապետություն՝ տոտալիտար ռեժիմին բնորոշ մտածողությամբ, ռեպրեսիվ գործելակերպով, վախի ու ատելության մթնոլորտի տարածման տրամաբանությամբ:
ՀՀ միջազգային պարտավորությունները՝ ժողովրդավարության, ինքնավարության և իրավական պետության պահպանման հարցում, դարձել են ծաղրի առարկա։ ՔՊ իշխանության տարիներին ՀՀ-ն վերջնականապես հողին է հանձնում ժողովրդավարական արժեքները: Գյումրիում քաղաքապետի ձերբակալությունը հերթական ապացույցն է Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության բացառության մասին: Ժողովրդավարությունը չի կարող գոյատևել, երբ ընտրված պաշտոնյաների ձայնը խլացվում է բռնի ուժով կամ իրավական շանտաժով։
Ժողովրդի կամքը, սակայն, չի կարող ձերբակալվել։ Պահանջում ենք վերականգնել տեղական ինքնակառավարման մարմինների լիարժեք գործունեությունը՝ ըստ քաղաքացիների արտահայտած կամքի։ Հորդորում ենք քաղաքական բոլոր ուժերին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային կառույցներին ձայն բարձրացնել այս անթույլատրելի պրակտիկայի դեմ և պաշտպանել ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներին։


