Ի՞նչ էր կատարվում 34 տարի առաջ այս օրերին հայերի հետ Բաքվում
19.01
2024
Ընդամենը 34 տարի առաջ այս օրերին Բաքվում կոտորում էին հայերին։
Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպմամբ և իշխանության հովանավորավորությամբ Բաքվում 1990 թվականի հունվարի 13-19-ին տեղի ունեցավ հայերի ջարդը։
«Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշներին». սա Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովի՝ 1990 թ. հունվարի 13-ի հայտարարությունն է, որը հեռարձակվել է Հանրապետական հեռուստաընկերությամբ, տպագրվել մամուլում, ներկայացվել բազմահազարանոց հանրահավաքներում:
Նմանատիպ հայտարարություններին զուգընթաց հայերին սկսեցին մասսայաբար ազատել աշխատանքից, ահաբեկել, ծեծ ու ջարդի ենթարկել: Հակահայկական հիստերիայի ալիքը բարձրացել էր դեռևս 1988 փետրվարին Սումգայիթում, իսկ Բաքվում՝ 1989-ի դեկտեմբերի վերջին:
1990-ի հունվարի 13-ին՝ բազմահազարանոց հանրահավաքից հետո, ամբոխը, խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները, ծեծի ենթարկել, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել:
Հայ բնակչությունից խլել են ունեցվածքը՝ գումար, արժեքավոր իրեր, խնայբանկի գրքույկներ, բնակարանների փաստաթղթեր: Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապօգնության բժիշկները (հայերի մահը վերագրել են հիվանդությունների):
Ջարդերը շարունակվել են 6 օր: Այնուհետև հայտնվել են ԱԺՃ-ի ներկայացուցիչները՝ հայերի «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ:
Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին:
1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն. 250 հազար հայ դուրս է եկել քաղաքից։ Սպանվել և անհայտ կորել են հազարները:
Ադրբեջանի իշխանությունը պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել է, այսպես կոչված, «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նրանց անկարգությունների և սանձարձակությունների արդյունք են: