Քաղաքական հաշվեհարդարն ու ահաբեկման մթնոլորտը երբեք չեն կարող ծառայել ազգային միասնականությանը և պետության ամրապնդմանը․ հայտարարություն

Հայաստանում ավտորիտար վարչակազմը շինծու մեղադրանքներով շարունակում է ապօրինի ձերբակալությունների և բռնաճնշումների քաղաքականությունը: Հալածանքների նոր ալիքն ուղեկցվում է ընդդիմադիր գործիչների դեմ անհիմն և ակնհայտ կեղծ մեղադրանքների առաջադրմամբ։ Մասնավորապես՝ «սահմանադրական կարգը տապալելու փորձ» ձևակերպումներով քրեական գործերը կրկին օգտագործվում են որպես գործիք՝ ընդդիմախոսների ձայնը լռեցնելու և ժողովրդավարական ազատությունները սահմանափակելու նպատակով։

«Սրբազան շարժման» անդամների ու համակիրների տնային խուզարկություններն ու անհիմն ձերբակալությունները մեկ նպատակ ունեն՝ ՀՀ-ում հիմնահատակ քանդել ընդդիմության ինստիտուտը, ՀՀ և հայ ժողովրդի անվտանգության ու ազգային-պետական շահերը ոտնահարելով՝ պահպանել սեփական իշխանությունը: «Հեղաշրջման փորձը» կանխելու վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի անբարո խոսույթը, մտացածին և հիվանդագին հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հեղինակազրկված բռնապետի մտավախության և հոգեկան անհավասարակշռության ակներև դրսևորում:

Նման գործողությունները հակասում են իրավական պետության հիմնարար սկզբունքներին և վտանգում խոսքի ազատության, քաղաքական բազմակարծության և իրավական պաշտպանվածության հիմքերը Հայաստանում։

Քաղաքական ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելով՝ իշխանությունները խարխլում են ժողովրդավարական ինստիտուտներն ու իրավական վստահությունը։ Կեղծ մեղադրանքների և միակողմանի հետաքննությունների կիրառումը ոչ թե արդարադատության, այլ ռեպրեսիվ քաղաքականության վկայություն են։

ՀՀ և Սփյուռքի մեր քաղաքացիներին ու հայրենակիցներին կոչ ենք անում մեծացնել ճնշումը ՀՀ իշխանության և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա՝ դադարեցնելու քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական հետապնդումները: Իշխանության գործելաոճն արդեն հատել է բարոյականության ու օրենքի բոլոր սահմանները, դարձել վտանգավոր գործիք՝ լռեցնելու իշխանությանը քննադատող ցանկացած ձայն։ Սա ակնհայտորեն խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 10-րդ հոդվածները՝ արտահայտվելու ազատության վերաբերյալ։

Ժողովրդավարությունն անհնար է առանց գաղափարական պայքարի՝ ազատության և ընդդիմության հանդեպ համբերատարության։ Քաղաքական հաշվեհարդարն ու ահաբեկման մթնոլորտը երբեք չեն կարող ծառայել ազգային միասնականությանը և պետության ամրապնդմանը։

Genesis Armenia-ն խստիվ դատապարտում է իշխանության բռնապետական այս քաղաքականությունը և պահանջում դադարեցնել ընդդիմադիր բոլոր շրջանակների, մասնավորապես՝ «Սրբազան շարժման» ակտիվիստների ու աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումները, ազատ արձակել բոլոր կալանավորված ընդդիմադիրներին և երաշխավորել դատական համակարգի անկախությունը։

Կարդացեք նաև