Քաղաքական վիճակը` Բաթումի հաշտության պայմանագրի կնքման նախաշեմին
06.06
2025
Մաս երկրորդ
1918թ․ մայիսի 25-ին Բաթումում Թուրքիայի հետ բանակցող Անդրկովկասյան պատվիրակության ղեկավար Ա. Չխենկելին Թիֆլիսից ստացավ հաղորդագրություն, որ մայիսի 26-ին Սելմում կքննարկվի Վրաստանի անկախության հարցը։ Նույն օրը վրաց Ազգային խորհրդի նախագահ Ն. Ժորդանիան վերոհիշյալ լուրը հայտնեց նաև Բաթումում հայ պատվիրակ Ալ. Խատիսյանին։ Լուրը մեծ անհանգստություն առաջացրեց հայերի մոտ։ Այդ ժամանակ քաղաքական պատկերը Անդրկովկասում հետևյալն էր՝
ա․ առանձնապես թուրքերի կողմից 1918թ․ մայիսի 14-ին Բաթումը գրավելուց հետո հայերը մտածում էին ստեղծել վրացիների հետ միասնական ճակատ, իսկ Վրաստանի անկախացումից հետո դա դառնում էր անհնարին, որովհետև 1918թ․ մայիսի կեսից Գերմանիան արդեն լուրջ գործնական քայլեր էր ձեռնարկել՝ պաշտպանելու Վրաստանը Թուրքիայի ռազմական գործողություններից,
բ․ անիմաստ է խոսել թաթարների դիրքորոշումից, որովհետև նրանք ոչ միայն պաշտպանում էին թուրքերին, որպեսզի վերջիններս տիրանան Անդրկովկասին, այլև իրենց ապագան տեսնում էին թուրքերի հետ մեկ պետության կազմում (ինչպես հիմա այդ միտումները դրսևորվում են սաղմնային վիճակում),
գ․ այս իրավիճակում հայերը մնում էին լրիվ մեկուսացած հարևաններից և Թուրքիայի դեմ միայնակ,
դ․ Ռուսաստանի վրա էլ հույս չէր կարելի դնել, որովհետև զբաղված լինելով քաղաքացիական պատերազմով՝ ռուսները պարզապես ազդեցություն չունեին Անդրկովկասում։
Տեսականորեն ոչ մի գործողություն զերծ չէ թերություններից, բայց Բաթումի պայմանագիրը քննադատողները, որպես կանոն, խուսափում են պայմանագրի նախօրյակին ստեղծված իրավիճակը օբյեկտիվորեն ներկայացնելուց, վերլուծելուց և ցույց տալուց այն ուղին, որով պետք է գնային Բաթումի պայմանագիրը կնքողները: Իրոք, նախապայմանագրային իրավիճակը ծայրահեղ էր։
Ի՞նչ խնդիրներ էր ծառացած․ խուսափել թուրքերի հետ միայնակ բանակցություններից, գտնել քաղաքական «հովանավոր», գործել արագ։
Հենց նույն օրը՝ մայիսի 25-ին, երբ դեռ Վրաստանը չէր անկախացել, Ալ. Խատիսյանը և Հովհ. Քաջազնունին երեկոյան «Միննա-Խորն» նավի վրա հանդիպեցին գերմանական պատվիրակության ղեկավար ֆոն Լոսովին, որը շտապում էր մեկնել Փոթի՝ մայիսի 28-ին ստորագրելու վրաց-գերմանական գաղտնի համաձայնագիրը։ Հայկական պատվիրակությունը խնդրեց ֆոն Լոսովին, որպեսզի նա միջնորդի գերմանական կառավարությանը՝ Վրաստանի օրինակով ընդունելու Հայաստանի հովանավորությունը, բայց վերջինս ընդամենը հետևյալ խորհուրդները տվեց.
ա․ պատվիրակություն ուղարկել Բեռլին՝ բողոքելու Թուրքիայից Բրեստ-Լիտովսկի 1918թ․ մարտի 3-ի պայմանագիրը խախտելու համար,
բ․ Հայաստանը հռչակել անկախ պետություն՝ բացառելով ռազմական բախումը Թուրքիայի հետ,
գ․ հաշտության պայմանագիր կնքել Թուրքիայի և Քառյակ միության անդամ մյուս պետությունների հետ միաժամանակ։
Հայ պատվիրակները անմիջապես տեղեկացրին այդ մասին Թիֆլիսի Հայոց ազգային կենտրոնական խորհրդին և ՀՅԴ կուսակցությանը։ Նշել էինք, որ Գերմանիայի համար Հայաստանը տնտեսապես հետաքրքիր չէր և ձեռնտու չէր Հայաստանի պատճառով ավելի լարել հարաբերությունները Թուրքիայի հետ։
Չստանալով Գերմանիայի հովանավորչության խոստումը՝ հայերը մեն-մենակ մնացին թուրքերի դեմ և ստիպված քայլ կատարեցին՝ հարաբերություններ հաստատելու համար։ Մայիսի 26-ին Բաթումում Մ. Պապաջանյանը հանդիպում ունեցավ թուրքական պատվիրակության ղեկավար Խալիլ (Հալիլ) բեյի հետ։ Վերջինս հայտնում է, որ պատրաստվում է վերջնագիր ներկայացնել Անդրկովկասյան կառավարությանը, իսկ այն ցրված լինելու դեպքում՝ հայերի, վրացիների և թաթարների ազգային խորհուրդներին՝ սպասելով 72 ժամ։ Խալիլը հստակ հայտնեց նաև հետևյալը․ «Եթե հայերը ցանկանան ընդունել թուրքական վերջնագիրը, ապա իրենք դեմ չեն լինի, եթե հայերը իրենց 10 հազար քառակուսի վերստի վրա կառուցեն առանձին պետություն, որին իրենք կճանաչեն և նրա հետ կկնքեն հաշտության դաշնագիր։ Իրենք դարձյալ չեն առարկի, եթե հայերը ուզենան համադաշնություն հաստատել մուսուլմանների հետ»։
Իրոք, Խալիլ բեյը նույն օրը վերջնագիր ներկայացրեց Անդրկովկասյան կառավարությանը, բայց արդեն Վրաստանը հռչակել էր իր անկախությունը, և քաղաքական զարգացումների այս նոր պայմաններում Խալիլ բեյը հայտարարեց, որ խնդիրը փակված չէ և վերջնագիրը փոխանցեց հայ, վրացի և թաթար պատվիրակության անդամներին։ Նա պահանջեց 72 ժամվա ընթացքում ամբողջությամբ ընդունել կամ մերժել թուրքական վերջնագիրը՝ սահմանային նոր փոփոխություններով։
Բաթումի բանակցությունների Անդրկովկասյան պատվիրակության հայ անդամները թուրքական առաջարկների բովանդակությանը ծանոթ էին բանակցությունների առաջին օրերից՝ մայիսի 11-ից։ Թուրքերը վերջնական վերջնագիրը ներկայացրին մայիսի 26-ին, որով Բրեստ-Լիտովսկի հաշտության դաշնագրից դուրս վրացիներից պահանջում էին Թիֆլիսի և Քութաիսիի նահանգներից ընդարձակ տերիտորիաներ, իսկ հայերից՝ Ալեքսանդրապոլի ամբողջ գավառը, Երևանի և Էջմիածնի գավառների մեծ մասը՝ էջմիածին քաղաքով, նաև Շիրակի և Արարատյան դաշտավայրերը գրեթե ամբողջությամբ՝ հայությանը զրկելով ամենակենսական տարածքներից։ Ընտրված օրը՝ մայիսի 26–ը, ևս պատահական չէր, որովհետև դեռ չէին ավարտվել հերոսամարտերը։
Բայց ինչու՞ թուրքերը տեղի տվեցին հայերի պահանջին և «հանդուրժեցին» անկախ Հայաստանի գոյությունը և ճանաչեցին այն դեպքում, երբ հերոսամարտերը չէին ավարտվել։ Մայիսի 27-ին Խալիլ բեյի և Վեհիբ փաշայի հրավերով Բաթումում հանդիպում եղավ Ալ․ Խատիսյանի և Հովհ․ Քաջազնունու միջև, իսկ մեկ օր առաջ՝ Մ. Պապաջանյանի հետ։ Շեշտենք, որ մինչև Մայիսյան հերոսամարտերի ավարտը թուրքերը հայ պատվիրակության հետ խոսում էին վերջնագրի լեզվով, անբարյացակամ էին ու ընդգծված թշնամական, բայց հերոսամարտերից հետո վերաբերմունքը փոխվեց «բարեկամականի»։ Նրանք հաճախ սկսեցին խոսել Կովկասում հայկական պետություն ստեղծելուն դեմ չլինելու մասին, որի վերաբերյալ թեթև ակնարկ արել էին դեռ Տրապիզոնի բանակցությունների ժամանակ։ Ստեղծված էր շատ ծանր ու բարդ իրավիճակ. մի կողմից Անդրկովկասյան պետության քայքայումից հետո օրակարգային հարց էր հայկական անկախ պետության ստեղծումը, մյուս կողմից՝ առանց Թուրքիայի ռազմական ու քաղաքական, գոնե հանգրվանային իմաստով երաշխիքների, այն հղի էր անկանխատեսելի ծանր հետևանքներիով, ընդհուպ արևելահայության ֆիզիկական բնաջնջման վտանգով, ինչպես եղավ արևմտահայերի դեպքում:
Հայաստանի անկախության հռչակումը այլևս փաստ էր, և Ալ․ Խատիսյանն ու Հովհ․ Քաջազնունին մայիսի 28-ին վերադարձան Թիֆլիս՝ զեկուցելու Հայոց ազգային կենտրոնական խորհրդին։ Նույն օրը՝ երեկոյան, տարբեր կարծիքների բախումով ընթացավ նիստը, բայց ի վերջո որոշվում է վերջնագրին պատասխանել հետևյալ պահանջներով․
- Էջմիածինը թողնել Հայկական Հանրապետության սահմանների մեջ,
- Գրավելիք վայրերի հայերին զինակոչի չենթարկել,
- Հայկական Հանրապետությունը ներքին կարգապահության և սահմանների պաշտպանության համար պիտի ունենա 1500 զինվորական,
- Փախստական հայերը պիտի վերադառնան իրենց բնակավայրեր։
Ասինքն, չնայած այդ ծանր պայմաններին, հայերը վերջնագիրն ամբողջովին չընդունեցին և հանդես եկան չափավոր առաջարկներով (ոչ թե ինչպես հիմա)։ Նիստում որոշվեց լայն իրավունքներով օժտված պատվիրակություն ուղարկել Բաթում հետևյալ կազմով՝ Ալ․ Խատիսյան (նախագահ), Հովհ․ Քաջազնունի, Մ․ Պապաջանյան, իսկ հաջորդ օրը հեռագիր ուղարկվեց Խալիլին, որ Հայոց ազգային խորհրդի հաշտարար պատվիրակությունը արդեն մեկնել է Բաթում: Մայիսի 30-ին հրապարակվեց Հայոց ազգային կենտրոնական խորհրդի հայտարարությունը, որով Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։