Իրանում պատերազմի իրական շարժառիթներն ու դրա հետևանքները տարածաշրջանի համար
10.03
2026
Մաս առաջին
Այսօր աշխարհում, մասնավորապես Միջին Արևելքում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները պահանջում են իրական ռազմավարական մտածողություն։ Մեր աչքի առջև փոխվում է աշխարհի կառավարման համատեղ լուծումների որոնման կառուցվածքը։ Ավելի ցայտուն է երևում ուժի դիրքից քաղաքականությունը, և նույնիսկ պատերազմները հոգ չեն նպատակներին հասնելու համար, որովհետև միջազգային կառույցները դե-ֆակտո անգործության են մատնված և խիստ թուլացած վիճակում են։ Այս իրավիճակում փոքր պետությունների ամեն մի սայթաքում դիվանագիտական հարթակում կարող է ճակատագրական լինել հատկապես Հայաստանի համար։
Մինչև պատերազմը սկսելը, ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի ունեցան ինտենսիվ բանակցություններ՝ փետրվարի 6-ին Օմանում, փետրվարի 17-ին և 26-ին Շվեյցարիայում։ Կարծես բանակցություններն ընթանում էին հաջող, և պատերազմի վտանգը հեռանում էր։ Փետրվարի 24-ին Կոնգրեսում Թրամփը ելույթի ժամանակ չանդրադարձավ բանակցություններին, այլ խոսեց միայն այն մասին, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք։ Հետաքրքիր է, որ այդ նույն օրը՝ Թրամփի ելույթից մի քանի ժամ առաջ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին սոցիալական ցանցերում հայտարարում է, որ Իրանը չունի միջուկային զենք ստեղծելու որևէ մտադրություն։
Ինչպես տեսնում ենք, չնայած Թրամփի և Արաղչիի ելույթները համընկնում են, բայց ԱՄՆ-ը և Իսրայելը մի քանի օր հետո՝ փետրվարի 28-ին պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Իմ կարծիքով՝ միջուկային գործոնն ընդամենը առիթ էր ԱՄՆ-ի համար՝ լարվածություն ստեղծելու, դիվանագիտության մեջ խուսանավելու և այն պատերազմի պատճառ և ոչ թե առիթ ներկայացնելու համար, չնայած առայսօր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը 15 զեկույց է ներկայացրել և բոլոր զեկույցներում նշված է, որ Իրանի միջուկային գործունեությունն ընթանում է միջազգային չափանիշներին համապատասխան։
Պատերազմի ամենաշահագրգիռ կողմը Իսրայելն էր, որի համար Իրանը գոյաբանական սպառնալիք է դիտվում, հետևաբար ամեն ինչ արվեց, որպեսզի Թրամփը պատերազմ սկսի Իրանի դեմ։ Նեթանյահուն վերջին շրջանում Վաշինգտոն կատարած մի քանի այցի ընթացքում փորձում էր հիմնավորել Իրանի դեմ պատերազմ սկսելը, օգտագործելով ԱՄՆ մամուլը, նաև ԱՄՆ-ում հրեական լոբբին, որը մեծ դեր էր կատարել առանձնապես 2003թ․ Իրաքի դեմ պատերազմի սկսման հարցում։ Նա հենվում էր հետևյալ հիմնական թեզերի վրա․
- Իրանին հնարավոր չէ զսպել այս կղերական իշխանության ժամանակ
- Իրանը քաղաքականության մեջ իռացիոնալ խաղացող է
- անհրաժեշտ է ռեժիմի փոփոխություն
- Իրանը պետք է կազմալուծել
Շեշտեմ կրկին, որ պատերազմի սկսման հիմնական «հորդորը» Իսրայելն արեց։ Սա գիտակցում է նաև ամերիկյան հասարակությունը, որն արդեն ցույցեր է կազմակերպում ամերիկյան մի շարք քաղաքներում՝ դեմ լինելով Իրանի պատերազմին և առաջնորդվում է այն լոզունգներով, որ ԱՄՆ-ը պետք է կառավարվի ամերիկացիների կողմից, այլ ոչ թե այլ երկրներից (ասինքն՝ Իարայելի)։
Մինչև պատերազմի սկսվելը ԱՄՆ-ի միացյալ շտաբների պետ, գեներալ Ջոհն Դանիել Քեյնը, արտահայտելով զինվորականների կարծիքը, դեմ էր Իրանի դեմ պատերազմին։ Դեմ էին նաև Թրամփի քաղաքական խորհրդականները, որոնք մտահոգված են նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններով։
Իրանի դեմ պատերազմին վերջին հաշվով կողմ չէր նաև Եվրոպան։ ԱՄՆ-Իրան պատերազմում հետաքրքիր է նաև Եվրոմիության դիրքորոշումը։ Մինչ պատերազմը ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ նոր պատժամիջոցներ էր փորձում սահմանել Իրանի դեմ իրականացվելիք արշավում՝ ոչ միայն տնտեսական, այլև ռազմական ու քաղաքական գործիչների նկատմամբ՝ նրանց ընդգրկելով նույնիսկ ահաբեկիչների ցուցակում։ Դրանով նպատակ ունեին ավելի ուժեղացնել տնտեսական լարվածությունն Իրանի ներսում, որով կուժեղանար ներքին պայքարը։
Այն, որ որոշ եվրոպական պետություններ չեն կիսում Թրամփի քայլերն Իրանի նկատմամբ, վկայում է, օրինակ, Իսպանիայի վարչապետի հայտարարությունը, որով նա հրաժարվեց թույ տալ, որ ԱՄՆ-ն Իսպանիայի ռազմական բազաներն օգտագործի Իրանի դեմ։ Դրան հաջորդեց Թրամփի հայտարարությունը, որով նա խզում է Իսպանիայի հետ առևտրական բոլոր կապերը։ Հետաքրքիր է նաև ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցի Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին։ Թրամփը դժգոհել է նաև Անգլիայից, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մի կողմից այս ամենի մեղավորը ճանաչել է Իրանին, մյուս կողմից նշել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պատերազմ սկսելը միջազգային օրենքի խախտում է։
Իսկ այս պահին ինչպե՞ս կարելի է գնահատել իրավիճակը հիմնական գծերով։
Բոլոր կողմերից էլ կան մարդկային և նյութատեխնիկական ծանր կորուստներ։ Իրանում միայն դպրոցը ռմբակոծելու ժամանակ զոհվել է տարրական դպրոցի 168 աղջիկ երեխա, իսկ Իրանի ընդհանուր զոհերի թիվը՝ ավելի քան 780 է, Իրանը կորցրել է նաև ռազմական մեծ տեխնիկա, այդ թվում ռազմական նավեր։ Հրետակոծվել են Իրանի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Թեհրանը։ ԱՄՆ-ն տվել է 18 զոհ, լուրջ վնասվել է «Լինկոլն» ավիակիրը, որը լքել է պարսկական ջրերն ու ուղևորվել Հնդկական օվկիանոս։ Լուրջ վնաս են կրել նաև Մերձավոր Արևելքում տեղակայված մի շարք ամերիկյան ռազմաբազաններ, Այաթոլլա Ալի Խամեյնիի սպանությունից հետո ԱՄՆ-ի դեմ իսլամական մի շարք երկրներում աշխուժացել են շարժումները, հրդեհվել է ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը Պակիստանում, մասամբ՝ Իրաքում, մի քանի երկրներում փակվել են ամերիկյան դեսպանատներ (Հորդանան, Քուվեյթ, Լիբանան)։ Իրաքի շեյխ Աքրամ այ-Քաաբին Այաթոլլա Ալի Խամեյնիի սպանության վերաբերյալ ԱՄՆ-ին ուղղված հայտարարություն է տարածել՝ «այս պահից սկսած խաղաղություն չես ունենա»։ Իսրայելական հարվածներից Լիբանանում սպանվել է ավելի քան 50 հոգի։
Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու պատճառով նավթի մեկ բարելի գինը միջազգային բորսայում մոտենում է 90 դոլարի, իսկ գազի գինը հատել է 3000 դոլարի շեմը։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել արդեն 8 երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմն, իրոք, աստիճանաբար վերածվում է տարածաշրջանային հակամարտության։
Իմ կարծիքով՝ պատերազմն ընթանում է ոչ այն սցենարով, ինչ կանխատեսել էր ԱՄՆ-ը ։
Թրամփը նախօրոք կանխատեսե՞լ էր արդյոք, որ կարող էր ներքաշվել լայնածավալ և երկարատև պատերազմի մեջ Իրանի դեմ, քաջ գիտակցելով, որ մասնավորապես Ռուսաստանը և Չինաստանը «ձեռքերը ծալած» չեն նստելու, և ունե՞ն ծրագիր նաև այս ուղղությամբ, թե՞ վստահ էր կարճաժամկետ հաղթանակի հարցում։ Թրամփը միաժամանակ հաշվի առե՞լ էր արդյոք նաև հենց ԱՄՆ-ում ժողովրդական լայնածավալ ցույցերը, որոնք արդեն սկսվել են, և երկարաժամկետ շարունակվելու դեպքում ի՞նչ ծավալների կարող են հասնել, ու դեմոկրատները ինչպե՞ս են օգտագործելու դրանք։ Կարծում եմ Թրամփի հաշվարկով պատերազմը պետք է լիներ կարճատև։
ԱՄՆ-ն արդեն շատ լավ գիտակցում է, թե ԱՄՆ, Իսրայել-Իրան լայնամասշտաբ և երկարատև պատերազմը ինչպիսի ազդեցություն է սկսել գործել և գործելու Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի վրա, որոնք լեցուն են լուրջ անսպասելիություններով։ Երկարատև պատերազմի դեպքում ԱՄՆ-ը նախօրոք հաշվարկե՞լ է առանձնապես Մերձավոր Արևելքի մի շարք երկրների ժողովուրդների պայքարը հենց իր դեմ։
Իմ կարծիքով՝ Թրամփը ոգևորված իր հաջողություններով՝ մասնավորապես Վենեսուելայի «օպերացիայից» և դրանից հետո միջազգային «լռությունից», գործել է երեք սխալ․ կարծում էր՝ հաղթանակը կլինի արագ, մեծ հույսեր ուներ, որ պարսիկ ժողովուրդը արագ կընդվզի իշխանության դեմ, և որ ցանկացած պահի կարող է կանգնեցնել պատերազմը՝ սկսելով բանակցութուններ։
Այս իրավիճակում ի՞նչ եզրակացության կարելի է գալ․
- Ռուսաստանն ու Չինաստանը վճռական կեցվածք կպահպանեն, և երկարատև պատերազմի դեպքում ավելի կաջակցեն Իրանին։
- Երկարատև պատերազմի դեպքում չի բացառվում հենց ԱՄՆ-ում ժողովրդական ընդվզումներ սկսվեն՝ ուղղորդվելով ընդդիմության կողմից։
- Իրանի իրավիճակի անկայունությունը՝ հատկապես ռազմական գործոնի ուժեղացումը կարող է մեծացնել նաև Հայաստանի անվտանգության ռիսկերը։ Հայաստանի աշխարհագրական դիրքը և վիճակը պահանջում են վարել բազմակողմ, զգոն, զգուշավոր արտաքին քաղաքականություն և հավասարակշռություն պահպանել գերտերությունների միջև։
- բոլորս գիտենք, որ Հայաստանի համար Իրանն ունի մեծ տնտեսական և քաղաքական նշանակություն, սակայն, այսօր հարաբերությունները խոցելի են արտաքին ճնշումներից, Իրանի ներքին իրավիճակի տատանումներից և, ցավոք, Հայաստանի իշխանության թույլ տված սխալներից։ Իրանի իշխանությունն արդեն ցուցում է տվել, որ կանգնեցնեն առանձնապես սննդային մթերքների արտահանումը՝ երկրի ներքին կարիքներին ծառայեցնելու համար։
Հայաստանի համար գերխնդիր է նվազեցնել ցանկացած լարվածություն ներսում և ապահովել երկրի՝ հատկապես Սյունիքի անվտանգությունը


