Մերձավոր Արևելքի նոր շախմատային տախտակը և Հայաստանի դերը

Մերձավոր Արևելքի նոր շախմատային տախտակը և Հայաստանի դերը

Մերձավոր Արևելքում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրավիճակը կրկին ուշադրության կենտրոնում է։ Միացյալ Նահանգները շարունակում է վարել «փափուկ քաղաքականություն»՝ փորձելով զսպել հակամարտությունների սրացումը և միաժամանակ վերահսկել տարածաշրջանի առանցքային խաղացողներին։ Գազայի, Սիրիայի և այլ ճգնաժամերի կարգավորման ջանքերը զուգորդվում են Իրանում ու Սիրիայում Իսրայելի գործողությունները սահմանափակելու փորձերով։

Հատկանշական է, որ Իրանի շուրջ հնարավոր պատերազմի դեպքում ԱՄՆ-ը չգնաց ցամաքային գործողությունների։ Սա ոչ միայն կարևոր հանգույց էր Մերձավոր Արևելքի համար, այլ նաև կանխատեսելի ազդեցություն ուներ Հարավային Կովկասի վրա։

Թուրքիայի և Ադրբեջանի դերակատարությունը

Չնայած որոշ գործընթացներում Թուրքիայի դե յուրե բացակայությանը, նրա դե ֆակտո ներկայությունը անժխտելի է։ Բաքուն շարունակում է ակտիվորեն օգտագործել ստեղծված հնարավորությունները։ «Միջին միջանցքի» (Middle Corridor) գաղափարն այսօր առաջնային նշանակություն ունի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի համար։ Այդ միջանցքի բացման պարագայում Թուրքիան ստանում է ուղիղ կապ Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր տարանցիկ դերը։

Այստեղից բխում է «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի կարևորությունը։ Սակայն այս հարցը չի սահմանափակվում միայն տարածաշրջանային քաղաքականությամբ։ Այն ունի երկու հսկայական բլոկ․ քաղաքական, որտեղ որոշումներ են կայացվում պետական մակարդակով, և տնտեսական, որտեղ որոշվում են գերտերությունների էներգետիկ և լոգիստիկ ուղիների ճակատագրերը։ Վերջին դեպքում ոչ մի երկիր՝ լինի դա Թուրքիա, թե Ադրբեջան, ինքնուրույն չի կարող ազդել։

Ամերիկյան և չինական շահերի բախումը

Այսօր աշխարհում մրցում են երկու լոգիստիկ նախագծեր․

  1. Չինական «Միջին միջանցք»՝ Չինաստան-Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա,
  2. Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա մոդելը, որը բացահայտ ամերիկյան աջակցություն ունի։

ԱՄՆ-ն շահագրգռված է հնդկական տարբերակի հաջողությամբ՝ դիտարկելով այն որպես հակակշիռ Չինաստանին։ Հնդկաստան-Պակիստան վերջին հակամարտության ժամանակ Վաշինգտոնի և Իսրայելի անվերապահ աջակցությունը Նյու Դելիին դրա վառ ապացույցն էր։

Հայաստանի համար սա ստեղծում է բարդ դիվանագիտական իրավիճակ։ Մեր իշխանությունը փորձում է «սիրախաղ» անել ԱՄՆ-ի հետ, միաժամանակ օգտվել չինական հնարավորություններից։ Սակայն սա ինքնին պարունակում է հակասություն։

Իրանի գործոնը և տարածաշրջանային հավասարակշռությունը

Չինաստանը վաղուց ամրապնդել է դիրքերը Իրանում։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի ներկայությունը Հարավային Կովկասում նշանակում է ոչ միայն վերահսկողություն Հայաստանի նկատմամբ, այլև հնարավորություն՝ դիտարկելու Իրանի և Չինաստանի քայլերը։ Եթե միջանցքային քաղաքականությունը կյանքի կոչվի, Վաշինգտոնը կփորձի վերահսկել տարածաշրջանային ամբողջ լոգիստիկան։

Սակայն ԱՄՆ-ը չի ձգտում թույլ տալ, որ «թուրանական միջանցքը» վերածվի քաղաքական սուննիզմի հարթակի։ Սա ամերիկյան նախագիծ չէ։ Ավելին՝ այն բրիտանական գաղափար է, որն իր արմատներով հասնում է 19-րդ դարի վերջերին, երբ պանթյուրքիզմի գաղափարախոսությունը ձևավորվեց որպես հակակշիռ ռուսական ազդեցությանը։

Ռուսամերիկյան հնարավոր փոխըմբռնումը

Հավանական է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը որոշ հարցերում կիսագաղտնի համաձայնության գան։ Վերջերս կայացած Պուտին-Թրամփ հանդիպումը և ռուսական առաջարկների քննարկումը Ուկրաինայի հարցով վկայում են, որ նման հարթակ արդեն ձևավորվում է։ Սա կարող է անդրադառնալ նաև Հարավային Կովկասին։

Եթե այս պայմաններում Իրանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվի կոնսենսուս, ապա «Զանգեզուրի միջանցքը» չի դառնա սուննիստական քաղաքականության գործիք։ Իրանի կոշտ դիրքորոշումը միջանցքի հարցում ևս այդ հնարավորության երաշխիքներից մեկն է։

Թուրքիայի ամբիցիաները և ամերիկյան «կշռադատված քաղաքականությունը»

Թուրքիան նպատակ ունի մինչև 2025 թ․ դառնալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ինչը ցույց է տալիս նրա բարձր ամբիցիաները։ Սակայն ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն թողնի, որ Թուրքիան դառնա գեոպոլիտիկ դերակատար։ Վաշինգտոնը կիրառում է հավասարակշռման քաղաքականություն՝ մի տեղ թուլացնելով, մյուս տեղում ուժեղացնելով Թուրքիային։

Հիշեմ, որ ԱՄՆ-ը աջակցում է քրդական ուժերին Սիրիայում։ Սա ցույց է տալիս, որ Վաշինգտոնը Թուրքիային դիտարկում է ոչ թե որպես անխախտ դաշնակից, այլ՝ գործոն, որի ազդեցությունը պետք է մշտապես վերահսկվի։

Էներգետիկ հաշվարկներ և աշխարհաքաղաքական մրցակցություն

Ադրբեջանի փորձերը՝ մուտք գործել Մերձավոր Արևելքի էներգետիկ շուկա, մասնավորապես Սիրիա, կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը։ Բացի այդ, վերջին շրջանում ԵՄ և ԱՄՆ միջև կնքված 750 միլիարդ դոլարի էներգետիկ պայմանագիրը հստակ ցույց է տալիս, որ Ամերիկան պատրաստվում է զբաղեցնել Եվրոպայի գազային շուկան։

Այս համատեքստում ակնհայտ է, որ առանց համաշխարհային գերտերությունների միջև համաձայնության՝ որևէ մեծամասշտաբ էներգետիկ կամ լոգիստիկ նախագիծ կայուն հիմք չի ունենա։

Փոխադարձ կախվածության դարաշրջան

Այսօր աշխարհը կանգնած է նոր վերաբաժանման շեմին։ Հարավային Կովկասի համար սա նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի սառը հաշվարկի վրա։ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունները պետք է դիտարկել ոչ թե տեղային, այլ գլոբալ մրցակցության բաղադրիչ։

Մեր սխալը կլինի ընտրել «միակ հովանավոր»։ Հայաստանը պետք է կառուցի քաղաքականություն, որը կթույլատրի հավասարակշռել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի շահերը՝ առանց կորցնելու ինքնիշխանության հիմնասյուները։

Կարդացեք նաև