Մի պետություն, որը չի կարողանում պահպանել իր սեփական տարածքային ամբողջականությունը, ինչպե՞ս կարող է խաղաղություն բերել տարածաշրջանին․քննարկում՝ «ՀՀ անվտանգություն․ համընդհանուր փլուզումից դուրս գալու ելքեր» խորագրով

 «Շուռնուխն ու Որոտանն արդեն լիակատար մեկուսացման մեջ են»,- Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամում տեղի ունեցած «ՀՀ անվտանգություն․ համընդհանուր փլուզումից դուրս գալու ելքեր» թեմայով քննարկման ժամանակ  ասաց Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։

 Գասպարյանի հարցին, թե ինչու և ինչպես երկիրը հայտնվեց այս վիճակում, Genesis Armenia-ի «Անվտանգություն» ոլորտի ղեկավար Թևան Պողոսյանն ասաց, որ նորմալ երկրներում գոյություն ունեն օրենքներ, որոնց պարտավոր են ենթարկվել բոլորը։

«Մենք ունենք ՀՀ պետական սահմանի մասին օրենք, որը մայիսի 12-ից չի գործում, և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, հակառակը՝ ընդունում են, որ թշնամին 4-5 կմ տարածք է օկուպացրել, ու ոչինչ չեն անում։ Հարգանք չկա օրենքի հանդեպ, հարգանք չկա քաղաքական խոսքի հանդեպ, հարգանք չկա հրամանների հանդեպ։ ՀՀ ՊՆ նախարարը հայտարարում է՝ այսուհետև որևէ միջադեպի ժամանակ տեղում ոչնչացնել թշնամուն, և ոչինչ չի կատարվում, այսինքն նախարարին ոչ թե պիտի հեռացնեն, այլ ինքնակամ հեռանա, որովհետև իր հրամանը չեն կատարում»,- ասաց Պողոսյանը։

Խոսելով տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի մասին՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ասաց․

«Մի պետություն, որը չի կարողանում պահպանել իր սեփական տարածքային ամբողջականությունը, ինչպե՞ս կարող է խաղաղություն բերել այսպիսի բարդ տարածաշրջանին։ Այս միֆերը պետք է վերացնել ու մարդկանց հստակ ասել՝ եթե ուզում եք գոյություն ունենալ, ապա 2-3 սերունդ պետք է մոռանաք խաղաղության մասին։ Այսինքն՝  պետք է մենք ինքներս ապահովենք ու երաշխավորենք մեր անվտանգությունը,- նշեց Սուրեն Պետրոսյանը։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ պարտությունից հետո պետք է աշխատել հասարակության հետ։

«Ասում ենք՝ ինչու՞ հանրությունը չի արձագանքում այն ամենին, ի՞նչ է կատարվում, պատասխանը պարզ է՝ հանրությունը դեռ շոկի մեջ է և չի հասկանում՝ ինչ է տեղի ունենում։ Դրան զուգահեռ չի դադարում ստի հոսքը, թե լինելու է խաղաղության դարաշրջան»։

Մանրամասները` տեսանյութում