«Միջանցք-ինտեգրում-խաղաղություն». Արևմտյան դիվանագիտության և ուղեղային կենտրոնների հետպատերազմյան տերմինաբանական ընկալումների վերլուծություն
16.03
2026
Ամերիկյան և եվրոպական (մասնավորապես՝ բրիտանական ու ֆրանսիական) ուղեղային կենտրոնները, նաև արտաքին քաղաքական գերատեսչությունները Հարավային Կովկասում «խաղաղաշինության», «հետկոնֆլիկտային վերականգնման» և «տարածաշրջանային ինտեգրման» եզրաբանությունը հաճախ օգտագործում են ոչ միայն նորմատիվ-արժեքային, այլև հստակ աշխարհաքաղաքական ու ռազմավարական հաշվարկներով։
Որոշումների ընդունման համաշխարհային կենտրոնների համար «խաղաղաշինության գործընթացը» մշտապես հանդիսացել է ռազմավարական գործիք՝ հետկոնֆլիկտային միջավայրերում կյանքի կոչելով, արտաքուստ՝ հրապուրիչ ձևակերպումներով, սակայն իրականում՝ երկարաժամկետ (ռազմավարական) դոմինանտության մեխանիզմները:
Օրինակ՝ ինստիտուցիոնալ մակարդակով մոնիթորինգային առաքելությունների հաստատումը, տեղաբաշխումը, սահմանային անվտանգության ապահովման փաթեթավորմամբ՝ համապատասխան ցանցերի տեղակայումն ու խորհրդատվության տրամադրումը ոչ այլ ինչ է, քան տվյալ՝ հետկոնֆլիկտային պետության ինստիտուցիոնալ ներթափանցում և տեղեկատվության հոսքի ու արտահոսքի կառավարում: Սա իր հերթին ստեղծում է ֆինանսական ու կառուցվածքային կախվածություն, որոշումների ընդունման ազգային (պետական) կենտրոնների ինքնիշխանության և ինքնաբավության դիսբալանս՝ «ինստիտուտների արդիականացման» կամ «համակարգային վերակառուցման» քողի ներքո:
Հաջորդ քայլով՝ «ներթափանցված» և խոցելի ինքնիշխանությամբ տվյալ պետության մասին՝ կասկածելի, անիրատեսական և ուռճացված դերակատարման հանրահռչակումն է՝ արդարացնելու կամ քողարկելու վիճարկելի լեգիտիմությամբ այդ ներթափանցումը: Պետության աշխարհաքաղաքական գործոն դառնալու առանցքային բաղադրիչներից է՝ հարևանների հետ բաց և անխոչընդոտ ցամաքային, ծովային և օդային սահմանների անցանելիությունը, ավելի պարզ՝ բաց սահմաններ ունենալը: Հայաստանը, օրինակ, չունի բաց և անխոչընդոտ սահմաններ՝ հորիզոնական շրջափակման պատճառով: Հայաստանի «աշխարհաքաղաքական գործոն» դառնալուն պակասում է տրանսպորտային նոր ճարտարապետությունը, որը ոչ այլ ինչ է, քան միջանցքային տրամաբանության արմատավորման և հանրայնացման ծածուկ փորձ՝ «անվտանգային համակարգի վերակազմավորման» քողի ներքո:
Ի՞ՆՉ ԵԶՐՈՒԹՆԵՐ ԵՆ ԿԻՐԱՌՈՒՄ
«Խաղաղություն», «միջանցք», «ինտեգրացիա»: Սույն եզրույթները միայն գիտական կատեգորիալ ապարատի հարստացման կամ կիրառման համար չեն, այլ ռազմավարական քաղաքականության ճարտարապետություն:
- «Խաղաղություն» նարրատիվի կառուցումը ենթադրում է եզրաբանական մանիպուլյացիա: Օրինակ՝ The Council on Foreign Relations, The Carnegie Endowment for International Peace, The Brookings Institution կենտրոնները օգտագործում են՝ «durable peace» (կայուն խաղաղություն), «conflict transformation» (կոնֆլիկտի փոխակերպում), «post-conflict normalization» (հետկոնֆլիկտային կարգավորում), «confidence-building measures» (վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ), այնինչ՝ այս եզրույթների իրական բովանդակությունը՝ ստատուս քվոյի վերացմամբ՝ ուժերի դե ֆակտո հարաբերակցության լեգիտիմացումն է, խաղաղաշինության գործընթացում արդարության և համապարփակ շահերի բաղադրիչի շրջանցումը։
- «Միջանցք» նարրատիվ. Պետության ինքնիշխանության ակնհայտ սահմանափակումները դիտարկվում են որպես ռեգիոնալ խաղաղաշինությանը միտված կառուցողական քայլ: Օգտագործվում են՝ «connectivity» (կապ), «trade facilitation» (առևտրի դյուրացում), «անցումային ճանապարհ», և «տնտեսական միջանցք»: Նման եզրաբանության նպատակը՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական զիջումները տնտեսական շահավետության հռետորաբանությամբ քողարկելն է, պետական ինքնիշխանության մակարդակի նվազեցումը որպես առավելություն ներկայացնելը: Այս խոսույթը խուսափում է՝ «պետական ինքնիշխանություն», «մաքսային հսկողություն», «անվտանգային իրավասություն («security jurisdiction») եզրաբանությունից:
Այս լեզվամտածողությամբ ու քաղաքականությամբ են առաջնորդվում՝ The Center for Strategic and International Studies, Atlantic Council, The German Marchall Fund of the United States կենտրոնները, որոնց հետազոտությունների և վերլուծությունների հիմնական նպատակը՝ ակադեմիական, գիտական լեգիտիմության քողի տակ, տեսական հիմնավորումներով և հայեցակարգային մոտեցումներով, հակամարտող կողմերից թույլ սուբյեկտի տարածքային ինքնիշխանության ֆունկցիոնալ քայքայումն է և գլոբալ լոգիստիկ շղթաների պրոցեսներում նրա աշխարհաքաղաքական կշռի նվազեցումը, գործոնից գործիք դարձնելու հնարավորությունը:
- «Ռեգիոնալ ինտեգրում» նարրատիվ. Նման պրոցեսները ներկայացվում են որպես «win-win» («հաղթող-հաղթող») տարբերակ, «regional prosperity» («տարածաշրջանի բարգավաճում»), այն ինչ իրական նպատակը՝ թույլ պետության քաղաքական ինքնուրույնության սահմանափակումն է, գլոբալ լոգիստիկ և տնտեսական ճարտարապետության մեջ նրա սուբյեկտայնության թուլացումն ու կախվածության խորացումը:
Ինչպե՞ս ձևավորել հայկական հականարրատիվը. Ինստիտուցիոնալ մոդելավորում՝ գործնական-քաղաքագիտական նախագծի տեսքով
Կոնցեպտուալ ինքնիշխանություն: Գիտական, գաղափարական և քաղաքագիտական իմաստով արտասահմանյան նարրատիվների ռեակտիվ հակազդեցության, վերարտադրման բացառում: Հայկական աշխարհաքաղաքական հականատրրատիվը պիտի կառուցվի՝ եզրաբանական սուվերենության և արտաքին թիրախային աշխատանքի վրա: Մինչև լեզվամտածողությունը չփոխվի, քաղաքականությունը չի փոխվում: Օրինակ՝
| Արևմտյան ձևակերպում | Հայկական հականարրատիվ |
| Peace process | Անվտանգության ռեժիմ |
| Corridor | Տրանսպորտային վերահսկվող կապ |
| Connectivity | Տարածքային ամբողջություն + հաղորդակցություն |
| Normalization | Իրավական կարգավորում |
| Regional integration | Տարածաշրջանային գործակցություն |
- Թիրախավորված արտաքին աշխատանք: Հայկական ուղեղային կենտրոնների համակարգը չպետք է աշխատի «աշխարհի համար», այլ՝ փորձի որոշումների ընդունման արևմտյան կենտրոնների հետ աշխատել ավելի թիրախային, հստակ օրակարգային և ռազմավարական մեսիջինգով՝ ապացուցողական բազայով, ոչ էմոցիոնալ, այլ՝ ռեալիստական հակափաստարկներով: Լեզուն պիտի ունենա ինքնիշխանության բովանդակություն, մոտեցումը՝ պետականակենտրոն, գործունեության դաշտը՝ իրավական, նորմատիվ, իրատեսական քաղաքական հաշվարկների դաշտ:
Հականարրատիվի բովանդակային առանցքներ
- «Խաղաղություն»
ՉԻ ԿԱՐԵԼԻ- «խաղաղություն ցանկացած գնով»
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է- «անվտանգություն՝ որպես խաղաղության նախապայման»
Ընդգծենք՝ անվտանգություն չունեցող խաղաղությունը ժամանակավոր հրադադար է։
- «Միջանցք»
ՉԻ ԿԱՐԵԼԻ– «տարածաշրջանային կապ»
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է– «ինքնիշխան հաղորդակցություն»
Ընդգծենք՝ ցանկացած ճանապարհ, որը չի վերահսկվում 100% պետության կողմից, միջանցք է, նույնիսկ եթե այլ կերպ են կոչում։
- «Ռեգիոնալ ինտեգրացիա»
ՉԻ ԿԱՐԵԼԻ- «win-win տարածաշրջան»
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է- «ասիմետրիկ տարածաշրջանային ռիսկեր»
Ընդգծենք՝ ինտեգրացիան առանց ուժերի հավասարակշռության վերածվում է անդառնալի կախվածության։
Ստորև ներկայացնում եմ համեմատական աղյուսակ՝ ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական 6 հայտնի ուղեղային կենտրոնների մոտեցումների վերաբերյալ՝ Հարավային Կովկասում «խաղաղաշինության» գործընթացի շրջանակում։ Համեմատությունն արվում է քաղաքագիտական մի շարք չափորոշիչների հիմքով՝ անվտանգային մոտեցումներից մինչև գեոտնտեսական շահեր ու նպատակներ, «խաղաղաշինության գործընթացի»՝ իրական, մտացածին ու իրատեսական ընկալումներ:
| Չափորոշիչ | ԱՄՆ | Մեծ Բրիտանիա | Ֆրանսիա |
| Գլխավոր ուղեղային կենտրոններ | Carnegie Endowment for International Peace
Atlantic Council RAND Corporation | Chatham House | IFRI |
| Հիմնական դիսկուրս | Կայունություն, հաղորդակցություններ, զսպումներ | Էներգետիկ անվտանգություն, լեգիտիմ գործընթացներ | Ռազմավարական ինքնիշխանություն, ուժերի հավասարակշռություն |
| Աշխարհաքաղաքական նպատակ | Ռուսաստանի և Իրանի դերակատարման զսպում, պասիվացում | Կասպյան էներգետիկ շահերի պահպանում | Եվրոպական ինքնիշխան դերակատարում |
| Գեոտնտեսական շահ | Տրանսպորտային և էներգետիկ միջանցքների վերահսկելիություն | Ներդրումային և էներգետիկ ներկայություն | ԵՄ տնտեսական ինտեգրման խորացում |
| Անվտանգային մոտեցում | Անվտանգային բարեփոխումներ, ռազմական ինտեգրում արևմտյան ստանդարտներին | Քաղաքական-իրավական նորմատիվ ազդեցություն | Քաղաքացիական առաքելությունների ընդլայնում |
| «Խաղաղաշինության» իրական դերակատարում | Վերադիրքավորման, ազդեցիկ ներկայության մեխանիզմ | Տնտեսական և ներդրումային քաղաքականության անվտանգության ապահովում | Դիվանագիտական և ռեգիոնալ դիրքավորման լծակ |
| Տարածաշրջանային ընկալում | Միջանցք դեպի Կասպից և Կենտրոնական Ասիա | Էներգետիկ հանգույց | Եվրոպական ազդեցության ծայրամաս |
Աղյուսակում ակնհայտ են արևմտյան առաջատար ուղեղային կենտրոնների խոսույթային և կատեգորիալ ապարատի տարբերությունները. Ամերիկյան կենտրոնները խաղաղության գործընթացը դիտարկում են որպես կառավարելի անվտանգային միջավայրի ստեղծման հնարավորություն, որտեղ առաջնային դեր է վերապահվում ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռության խախտմանը: Այդ դիսբալանսը ենթադրում է ինստիտուցիոնալ վերաձևավորում կամ ռազմաքաղաքական դե-յուրե դաշինքային ձևաչափերի ապամոնտաժում: Այլ խոսքով՝ Հայաստանը չի կարող վերաձևավորել ինստիտուտներն ու վեստերնիզացվել՝ առանց քանդելու կապերը ՀԱՊԿ-ի հետ և հայ–ռուսական երկկողմ անվտանգային համակարգը։
Բրիտանական ուղեղային կենտրոնների նարրատիվի կենտրոնում էներգետիկ և իրավակարգային հարթակներն են, «խաղաղության լեզուն» և ռեգիոնալ հաղորդակցությունների ապաշրջափակման տեսլականն օգտագործում է որպես ներդրումային վստահության և հարաբերությունների սերտացման գործիք: Բրիտանական ուղեղային գրիեթե բոլոր կենտրոններն այս հարցում անվերապահ ընդունում են Թուրքիայի առանցքային և միջնորդական դերակատարումը՝ որպես ռեգիոնալ էական դերակատարի, ՆԱՏՕ-ի դաշնակցի և ռազմավարական փոխլրացնող դերակատարի:
Ֆրանսիական ուղեղային կենտրոնների համար խաղաղաշինությունը ԵՄ դոկտրինալ քաղաքականության և համաեվրոպական (իրականում՝ ազգային) ռազմավարական ինքնավարության մաս է: Այս կենտրոնների խոսույթային տրամաբանության առանցքում՝ եվրոպական քաղաքական և քաղաքացիական ուժեղ ինստիտուցիոնալ ներկայության ապահովումն է, բանակցային կամ խաղաղաշինական գործընթացներում միջնորդական և անկողմնական, հավասարակշռող ներկայության ապահովումը:
Փաստորեն՝ արևմտյան ուղեղային հիմնական կենտրոնների մոտեցումները տարբեր են ձևակերպմամբ, բայց համընկնում են մի շարք հարցերում, մասնավորապես՝ տարածաշրջանային վերադասավորումների, ռազմաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխության, տրանսպորտային և էներգետիկ ճարտարապետության փոփոխության առումներով: Այս առումով՝ «խաղաղության պայմանագրի» դիսկուրսը հաճախ ծառայում է որպես անվտանգային նոր ճարտարապետության կամ համակարգի լեգիտիմացում, նոր ուժային բալանսի ամրագրում՝ նվազագույնի հասցնելով Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի դերակատարումը:


