Միջուկային փոխզսպման ՌԴ մոդելի մասին

Ամփոփում: Հոդվածում քննության է առնվում «Միջուկային զսպման ոլորտում ՌԴ պետական քաղաքականության հիմքերը» փաստաթուղթը՝ ս.թ. նոյեմբերի 19-ի թարմացումերի և «Հատուկ ռազմական գործողության» հնարավոր սրացման համատեքստում:

Դատելով աշխարհաքաղաքական զարգացումներից՝ միջուկային պատերազմի հավանականությունը անորոշության բաղադրիչ ունի անգամ ամենաբարձր գաղտնիության աստիճան և ահռելի հետախուզական հնարավորություններ ունեցող անձանց համար, բայց այդուհանդերձ խնդիրը ենթակա է վերլուծության՝ խորհրդավորության և դավադրապաշտության դաշտ չմտնելու և գիտական աշխարհընկալմամբ առաջնորդվելու նախապայմանով:

Այսպես՝ ս.թ. նոյեմբերի 19-ին թարմացված «Միջուկային զսպման ոլորտում ՌԴ պետական քաղաքականության հիմքերը» փաստաթուղթը հերթական անգամ փորձ է կատարում ապահովագրել ՌԴ-ին՝ վերջինիս ռազմավարական պարտության տանելուն ուղղված ՆԱՏՕ-ի բոլոր հնարավոր և անհնար սցենարների դեպքերում, ընդ որում՝ առկա են երաշխիքներ ՌԴ դաշնակիցների, մասնավորապես՝ Միութենական պետության մաս կազմող Բելառուսի համար:

Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ և ՌԴ դաշնակից երկիր, տեսականորեն ՌԴ «միջուկային հովանոցի» շահառուներից մեկն է, բայց, իհարկե, դրանից զատ առկա են նաև ավելի դասական պաշտպանության և անվտանգային մեխանիզմներ, մասնավորապես՝ 102. ռազմաբազան և ԱԴԾ սահմանապահները:

Գաղտնիք չէ, որ ՌԴ-ն խնդրո առարկա փաստաթղթում որոշակի փոփոխություններ կատարել է «Հատուկ ռազմական գործողության» շրջանակում Ուկրաինայի կողմից «արևմտյան» գերճշգրիտ ու զանգվածային ոչնչացման տարբեր զինատեսակների հարձակումներից ՌԴ կարևորագույն ենթակառուցվածքները և պետական համակարգի աշխատանքի անխափանությունը անխոցելի դարձնելու, մի խոսքով՝ ՌԴ ինքնիշխանությունը պահպանելու համար: Սրան զուգահեռ մտահոգիչ է այն, որ, փաստորեն, երկխոսության միջոցով հարցերի կարգավորումը ծայրաստիճան անհույս փակուղիում է, դրանով պայմանավորված առկա իրողությունների պայմաններում կատարելագործվում է նախևառաջ «սպառնալիքների արվեստը»:

Վ.Պուտինը նոյեմբերի 21-ի ուղերձով գործնականում ներկայացրեց «Օրեշկին» տեսակի գերձայնային հրթիռների հնարավորությունները. ըստ Վ.Պուտինի՝ շուրջ 3կմ/վ արագությամբ սլացող այդ հրթիռներն առնվազն «արևմտյան» հակաօդային և հակահրթիռային պաշտպանական համակարգերը ունակ չեն որսալու: Միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ գերձայնային այս հրթիռի առկայության պարագայում «Արևմտյան բլոկը» ապահովագրված չէ և ունակ չէ չեզոքացնելու ՌԴ միջուկային փոխզսպման մեխանիզը: Ավելին՝ ՌԴ-ն իր համար կարևորագույն թիրախները խոցելու համար սահմանափակված չէ միայն միջուկային գործիքակազմով, իսկ արդեն միջուկային հայեցակարգի և հայտարարությունների ուղերձն այն է, որ ՌԴ-ն կաշկանդված չէ իր նկատմամբ թշնաբար տրամադրված և որևէ թիրախի խոցման հարցում:

Վերոգրյալով պայմանավորված՝ հերթական անգամ փաստենք, որ միջուկային զենքը սպառնալիք է, որը ունակ է հանգեցնել մարդկության գրեթե ամբողջական վերացմանը, այդուհանդերձ այն շարունակում է մնալ համաշխարհային անվտանգային ճարտարապետության երաշխիքներից մեկը, որը կանխարգելում է միջուկային գերտերությունների միջև անմիջական մեծամասշտաբ ռազմական էսկալացիաները: Դրանով հանդերձ ուկրաինական հակամարտությունում, թեև, ամենայն հավանականությամբ էսկալացիա տեղի չի ունենա, բայց այն դեռ երկար ժամանակ լինելու է համաշխարհային օրակարգի անբաժանելի մասը:

Արևմուտք-Ռուսաստան համակարտության համատեքստում անդրադառնալով Հայաստանի շուրջ առկա իրավիճակին նշեմ, որ Հայաստան-Թուրքիա սահմանը, հանդիսանալով ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահման, իրականում հենց միջուկային զենքի միջոցով պահվող սահմաններից է, որտեղ որևէ կողմ, ըստ էության, նահանջի տեղ չունի: Ընդ որում՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հնարավորությունները, որոնց մասին խոսում են խաղաղասեր ներկայացող մանր և միջին քաղաքական գործիչները, օբյեկտիվորեն շատ սահմանափակ են՝ իհարկե, ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված նաև տրավմատիկ և աններելի պատմական իրողություններով:

Ամփոփելով կարելի է փաստել, որ դեռևս ԽՍՀՄ-ից ժառանգված և կատարելագործված ՌԴ միջուկային փոխզսպման մեխանիզմը, որի ձևավորման գործում անգնահատելի ավանդ են ունեցել նաև հայ գիտնականներն ու հետախույզները, ցայսօր հանդիսանում է առկա աշխարհակարգի պահպանման անբաժանելի մասը, քանի դեռ մարդկությունը չի հայտնաբերել համաշխարհային անվտանգությունը ապահովելու ավելի «անվտանգ» փոխզսպման համակարգ:

Գևորգ Գալտակյան



Կարդացեք նաև