«Մուխաբարաթ». Սիրիայի անվտանգության ալավիական բանաձևը»․ տեղի ունեցավ քգթ․դոցենտ Աբրահամ Գասպարյանի գրքի շնորհանդեսը

Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ  Աբրահամ Գասպարյանի՝ «Մուխաբարաթ». Սիրիայի անվտանգության ալավիական բանաձևը» գրքի շնորհանդեսը:

Գիտական աշխատությունը ներկայացնում է Սիրիայի անվտանգային կառույցներն ու անվտանգային քաղաքականության հիմնախնդիրները։ Գասպարյանի բնութագրմամբ՝ «Սիրիայի ռազմաքաղաքական անվտանգությունն ընկած է անվտանգային «քառակուսու» 4 կառույցի ուսերին, որոնք իրենց հերթին ունեն հարյուրավոր ենթախմբեր ու ենթաճյուղեր:  Անվտանգային համակարգի՝ «Մուխաբարաթի» լիազորությունները փոխկապակցված են, ինչն էլ երկրում առաջացրել է ինստիտուցիոնալ ճգնաժամ:

Հեղինակը «Մուխաբարաթն» ուսումնասիրել է գիտական հստակ մեթոդաբանությամբ, ինչը հնարավորություն կտա հասկանալ Սիրիայի ռազմաքաղաքացիական հարաբերությունների բնույթը, անվտանգային-հետախուզական մարմինների գործունեության մեխանիզմները։

«Անվտանգային այդպիսի հզոր կառույցներ ունեցող երկիրն իր չորս թաթերով ընկավ Թուրքիայի ծուղակը։ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել պատրաստվող Հայաստանը պարտավոր է լրջորեն ուսումնասիրել Սիրիայի ու Մերձավոր Արևելեքի այլ երկրների փորձը, որպեսզի չհայտնվի սողացող նեոօսմանիզմի ծուղակում»,-ասաց Աբրահամ Գասպարյանը:

Հանդիպման բանախոսները՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և պատմական գիտությունների թեկնածու Արմեն Պետրոսյանը, աշխատությունը կարևորեցին ինչպես Սիրիա պետությունը խորքային ճանաչելու հնարավորության, այնպես էլ այդ ճանաչումն ու գիտելիքները ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ կիրառելու համատեքստում:

​«Գիրքը մի շարք կարևոր հարցադրումների է պատասխանում, բայց հատկապես մեր ժամանակներում ՀՀ-ի համար խիստ կենսական է հասկանալ՝ ինչպես Ասադի վարչակարգին հաջողվեց դիմադրել աշխարհաքաղաքական ճնշումներին և շահերի բախմանը»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Ռուբեն Մելքոնյանի հավաստմամբ՝ գիրքը ոչ միայն մասնագիտական հանրության համար է, այլև բոլոր մտահոգ ու մտածող քաղաքացիների: «Աշխատությունը հնարավորություն է՝ դիտարկելու Սիրիայի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների փորձը, հասկանալու՝ ինչպես Սիրիայի անվտանգային համակարգն աշխատեց թուրքական կոշտ և փափուկ ուժի հետ: Հատկապես վերջինը խիստ կարևոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով իշխանությունների առաջ բերած օրակարգը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու: Առաջիկայում մեր պետությունը, հանրությունը բախվելու են թուրքական փափուկ ուժի ահռելի ճնշմանը, այս իմաստով գիրքը պետք է լինի նաև պետական, անվտանգային կառույցների ձեռնարկ»,- նշեց Մելքոնյանը:

Գիրքը նորարար ոճով է կազմվել․ հղումների հատվածում կգտնեք QR կոդեր, որոնք ձեզ կտանեն աշխատության մեջ ներկայացված գիտական հոդվածների ու փաստաթղթերի սկզբնաղբյուրներ:

Գրքի վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվելու է Genesis Armenia-ի նախաձեռնած կրթական ծրագրի իրականացմանը՝ 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների՝ IT ոլորտում դասընթացի ֆինանսավորմանը:

Կարդացեք նաև