Ներթուրքական քաղաքական հակասություններ
15.05
2025
Մաս առաջին
Թուրքիայի ներքին քաղաքական գործընթացների դինամիկան, իշխանության համար պայքարի օրինաչափություններն ու այդ համատեքստում միջկուսակցական, տնտեսական ճնշման խմբերի միջև հարաբերությունները, խորքային պետության հետ առնչությունները, էթնոքաղաքական և կրոնական-դավանաբանական դերակատարների շահերի համադրումներն ու հակասությունները, ներկա պահին պետության տարածաշրջանային դերի տրանսֆորմացիան հասկանալու համար նախ պետք է ունենալ տասնյակ խորքային հարցերի պատասխաններ: Փաստը, որ հակաէրդողանյան քաղաքականության առանցքային դերակատարն ընդդիմադիր Հանրապետաժողովրդական կուսակցությունն է, անհրաժեշտ է պարզել. ի՞նչ կապ ունի Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր գործչի՝ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը քրդական հարցի լուծման, PKK-ի և Օջալանի կոչի հետ, արդյո՞ք Էքրեմ Իմամօղլուն սպառնալիք է Էրդողանի համար նախագահի առաջիկա ընտրությանը, արդյո՞ք Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մտադիր են ձերբազատվել Էրդողանի պոպուլիստական քաղաքականությունից, որը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել Եվրասիական և մերձավորարևելյան տարածաշրջանում, ինչպե՞ս կանդրադառնա Թուրքիայի ներքին լարվածությունը Հայաստանի անվտանգության վրա, Էրդողանը կխուսանավի՞, թե՞ Հայաստանը կհամարի «արտաքին թշնամի»` հերթական կանաչ լույսը վառելով Ալիևի առաջ:
Փորձենք պարզել, թե ներկայումս ի՞նչ է կատարվում Թուրքիայում. քաղաքական հերթական ռեպրեսիանե՞ր, թե՞ իրապես կոռուպցիայի դեմ պայքար՝ կտրուկ վատթարացող տնտեսական պայմանների ֆոնին: Թուրքիայի դատախազությունը վերջերս ձերբակալեց Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, զուգահեռ խուզարկություն կատարեց տանը, աշխատավայրում, հարազատների ու կուսակիցների տներում: Ստամբուլի բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնեսմեններ, հայտնի լրագրողներ ու մտավորականներ նույնպես ձերբակալվեցին: Էրդողանի դատախազությունը նրանց մեղադրում է կոռուպցիոն սխեմաներ իրականացնելու, փողեր լվալու և մարդկանց շորթելու համար։ Ավելին, Իմամօղլուն մեղադրվում է բանդա ղեկավարելու, տեռորիստների հետ գործակցելու և պետության փողերը յուրացնելու համար: Ձերբակալությանը հաջորդեց Յութուբում և սոցցանցերում ցույցերի արգելափակումը՝ սովորույթի ուժով, հավաքների սահմանափակումը՝ կանխելու ընդդիմության բողոքի ակցիաները, ինչն այդպես էլ չիրականացավ, որովհետև Իմամօղլուի աջակիցները ողողեցին Թուրքիայի 3 գլխավոր քաղաքների՝ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի փողոցները, իսկ խորհրդարանում յուրովի սկսեց գործել ընդդիմությունը՝ ընդհուպ բոյկոտելով նիստերը։ Թուրքիայում ժողովրդավարական նորմերի կոպիտ խախտումներին գումարվում է նաև տնտեսական գործոնը։ Այսպես, թուրքական լիրան դարձյալ փլուզվեց և հասավ պատմական հակառեկորդի՝ ամերիկյան մեկ դոլարի դիմաց՝ 41 թուրքական լիրա. գնաճը, Բլումբերգի տվյալով, փետրվարին կազմել է 42%, և նման ցուցանիշ վերջին 20 տարում չի եղել: Ընդունվել է նաև մի աբսուրդ որոշում՝ Ստամբուլի համալսարանը հետ է կանչել Իմամօղլուի համալսարանական դիպլոմը, չնայած դեռ չեն զրկել դասավանդելու իրավունքից: Դա արվել է, որովհետև թուրքական Սահմանադրությամբ, բարձրագույն կրթություն ունեցողը կարող է հավակնել նախագահի պաշտոնին, իսկ Իմամօղլուն ընդիմության ամենառեյտինգային նախագահի թեկնածուն է, որը լուրջ վտանգ է 2028թ․ Թուրքիայում կայանալիք ընտրություններում Էրդողանի համար։ Հետաքրքիր է, որ ՀՀ սահմանադրությունից պարտադիր բարձրագույն կրթության մասին դրույթը հանված է, որից էլ օգտվեց Նիկոլ Փաշինյանը։ Ճիշտ է, Էրդողանը 3-րդ անգամ անընդմեջ չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնին, դրա համար պետք է փոխել սահմանադրությունը, իսկ Սահմանադրության փոփոխության հարցը դժվարություն չի ներկայացնում իր համար, եթե կարողանա չեզոքացնել ընդդիմությանը։ Նույն իրավիճակն էլ Հայաստանում է։
Շեշտենք, որ նախատեսվում է էրդողանի հանդիպումը նախագահ Թրամփի հետ։ Ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության ամերիկացի պահապանը, վստահաբար, այս թեման օգտագործելու է Թուրքիայի դիրքորոշումների փոփոխության, կամ նվազագույնը՝ լրացուցիչ ճնշումներ բանեցնելու էրդողանի վրա, որին Վաշինգտոնում, մեղմ ասած, վաղուց չեն ընդունում և համարում են, որ Թուրքիայի նման դաշնակից ունենալը ոչ միայն նպատակահարմար չէ` իբրև թե արժեքներով առաջնորդվող Արևմուտքին: Հասկանալի է, որ Էրդողանը Թրամփի հետ պայմանավորվելու է նաև երկարաձգել իր պաշտոնավարումը 3-րդ շրջանի համար: Ամերիկյան արտաքին քաղաքականությունն առաջնորդվում է՝ իրական շահերով, ոչ թե պատրանքներով։ Կարծում ենք` Սպիտակ տան ղեկավարը կանաչ լույս չի վառի Էրդողանի առաջ, եթե աշխարհաքաղաքական հարցերում զիջումներ չկորզի: Բացառապես պետական շահերով առաջնորդվելը պետք է դառնա նաև ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը, ինչպես այն որդեգրել են պետական մեծ փորձ ունեցող պետությունները, և որը, ցավոք, շատ դեպքերում մեզ մոտ այդպես չէ։ Հետևաբար, նրանք արձագանքում են դեպքերին այնքան, ինչքան համընկնում է իրենց շահերին․ օրինակ` վերջերս ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Ուոլցը Ադրբեջանից պահանջեց ազատ արձակել Բաքվում պահվող հայ «բանտարկյալներին»:
Հետաքրքիր է, բայց որտե՞ղ էին այս մարդիկ Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման, ցեղասպանության ու հայրենազրկման ժամանակ, իհարկե, նույնը կարելի է ասել Գազայի բնակչության դեպքում, ընդ որում, եթե հաշվի առնենք, որ Արցախում մեր թիվը 120(150) հազար էր, իսկ պաղեստինցիներինը՝ 1.5 միլիոն: Հարց է առաջանում` ինչու՞ Սպիտակ տան առանցքային պաշտոնյաներից մեկը Ալիևին հասցեագրում է մի հարց, որը գեոքաղաքական այս պայմաններում չի բխում ամերիկյան շահերի գերակայություններից։ Քաղաքականության մեջ կա չգրված մի օրենք՝ մեծ զիջում կորզելու համար առաջ քաշիր անընդունելի պահանջ, իսկ գերիների թեման մտրակի նման բան է, որը հարկ եղած դեպքում կիրառելու են Բաքվի գլխին, ասինքն` Վաշինգտոնի համար չափազանց կարևոր է, որ Ադրբեջանը լինի Հարավային Կովկասում ռուսական շահերը չսպասարկող պետական միավոր, իսկ Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության հարցը Թրամփն ու Պուտինը, հավանաբար, կքննարկեն Սաուդյան Արաբիայում սպասվող հանդիպմանը:
Մեր կարծիքով` Թուրքիան ևս կընդգրկվի քննարկվող հարցերի շրջանակում, որովհետև այս պետության վարած քաղաքականությունը ոչ Մոսկվայի, և ոչ էլ Վաշինգտոնի սրտով չէ` գոնե Սիրիայում և Ուկրաինայում, որտեղ խաչվում են Ռուսաստանի և Արևմուտքի շահերը: Իմամօղլուի և Էրդողանի միջև հակասությունները Թուրքիայի ներքաղաքական գլխավոր ականն են, և Էրդողանը նրան տեսնում է որպես լուրջ սպառնալիք իր իշխանությանը։ Առանձնացնենք երկու գործիչների մոտեցումները կարևորագույն հարցերի շուրջ։
1. Քաղաքական պլատֆորմ և գաղափարախոսություն
Էրդողան․ իսլամամետ, կենտրոն-աջ, ազգայնական և ավտորիտար քաղաքականություն վարող առաջնորդ, որը երկար տարիներ իշխում է Թուրքիայում՝ ղեկավարելով «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP):
Իմամօղլու. Լիբերալ կենտրոն-աջ և աշխարհիկ քաղաքական գործիչ, որը ներկայացնում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP) և հանդես է գալիս ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման օգտին:
2. Ստամբուլի մրցակցությունը
Էրդողան. Ստամբուլը համարում է իր իշխանության հիմնասյուներից մեկը, քանի որ ինքն էլ քաղաքական կարիերան սկսել է հենց այս քաղաքից որպես քաղաքապետ (1994-1998 թթ.): 1999 թվականին ձերբակալվել է այդ նույն պատճառաբանությամբ՝ այն ժամանակ իշխող հանրապետաժողովրդական կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Ստացվում է այնպես, որ նա վրեժ է լուծում այն կուսակցությունից, որը նրան բանտարկել է Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ։
Իմամօղլու. 2019 թ.-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրությանը նրա հաղթանակը մեծ հարված էր Էրդողանի համար, քանի որ նա կորցրեց երկրի տնտեսական և քաղաքական գլխավոր կենտրոնի վերահսկողությունը: Նույնիսկ առաջին ընտրության չեղյալ հայտարարումն ու նոր ընտրության նշանակումը չկանխեց Իմամօղլուի հաղթանակը: Ստամբուլը իսլամական և ազատական դիմագծերի խառնուրդ է:
3. Դատական Հետապնդումներ
Էրդողանի վարչակազմը բազմիցս փորձել է Իմամօղլուին քաղաքականապես սահմանափակել՝ մեղադրելով նրան տարբեր իրավական խախտումների համար։
2022 թ.-ին։
Իմամօղլուն դատապարտվեց 2.5 տարվա ազատազրկման՝ «պետական մարմիններին վիրավորելու» մեղադրանքով, ինչը որակվեց որպես քաղաքական հետապնդում:
4. Տնտեսական տեսլական
Էրդողան. վարում է կենտրոնացված տնտեսական քաղաքականություն, որն ընդգրկում է մեծածավալ պետական ծրագրեր և շինարարական նախագծեր, հաճախ կոռուպցիոն ռիսկերով։
Իմամօղլու. Ստամբուլում փորձում է հաստատել ավելի թափանցիկ կառավարման մոդել՝ նվազեցնելով կոռուպցիան և ներդնելով սոցիալական աջակցման ծրագրեր:
5. Արտաքին քաղաքականություն
Էրդողան. վարում է ագրեսիվ և պոպուլիստական արտաքին քաղաքականություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Միջին Արևելքի, Կովկասի հետ պարբերաբար փոխելով իր դիրքորոշումները:
Իմամօղլու. ունի ավելի եվրոպամետ դիրքորոշում և հանդես է գալիս ժողովրդավարության ու մարդու իրավունքների ամրապնդման օգտին:
6. Նախագահի հերթական/արտահերթ ընտրություն (2028 թ.)
Էրդողան. ամեն կերպ փորձում է Իմամօղլուին հեռացնել քաղաքականությունից՝ դատական գործընթացների և վարչական խոչընդոտների միջոցով։ Նրա ձերբակալումը միայն ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալության հարց չէ, այլ Թուրքիայի ներքին քաղաքական վերադասավորումների, միջազգային խաղացողների շահերի և Էրդողանի երկարաժամկետ ծրագրերի դրսևորման հարց է։
Իմամօղլու. համարվում է Էրդողանի հնարավոր հիմնական հակառակորդներից մեկը նախագահական առաջիկա ընտրությանը։
Այս ամբողջ վերլուծության նպատակն է բացահայտել Թուրքիա պետությունը, որի հետ վաղ թե ուշ պիտի ունենանք հարաբերություններ, հասկանանք Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության խորքային դինամիկան, առավել ևս, որ ընթացիկ և առաջիկա գործընթացները ճակատագրական են լինելու տարածաշրջանի մի քանի պետության ու ժողովրդի, այդ թվում՝ մեզ համար: