Նիկոլ Փաշինյանն ամառն ամփոփեց իր՝ թերևս ամենակարճ ասուլիսով․ սպոնտան ասուլիսի իրական մեսիջները

Մեկամսյա արձակուրդը վայելելուց և մի քանի հարյուր կիլոմետր հեծանիվ քշելու «հավեսը» հանելուց հետո, Նիկոլ Փաշինյանն ամառն ամփոփեց իր՝ թերևս ամենակարճ ասուլիսով (2 ժամ 16 րոպե), որին լրագրողական համայնքի նկատելիորեն քիչ ներկայացուցիչներ էին հրավիրված (ասուլիսին մասնակցում էր մոտ 20 լրատվական՝ գերակշռողը իշխանությանը սպասարկող)։ Հատկանշական է, որ ի տարբերություն իր նախորդ ասուլիսների, երբ նա ոգևորված խոսում էր ՀՀ «աննախադեպ աճերի», ամենատարբեր «պատմական ռեկորդների» ու տասնյակ թվային ցուցանիշների հանրայնացումից, այս անգամ հիմնական մեխը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շեշտադրումներն էին, ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը, ու սևեռվել էր հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Պետք է նշել, որ այս ասուլիսը նախորդներից տարբերվում էր նրանով, որ այն ոչ միայն կարճ էր ու կոնտենով սահմանափակ, այլև չուներ, որպես կանոն մշտապես ուղեկցվող էմոցիոնալ պոռթկումներ ու զուրկ էր հատուկ հանրային որոշ շրջանակների կողմից մի քանի օր շարունակ տիրաժավորվող ցցուն կտոր-տեսարաններից (չկար կոշտ խոսք, բացակայում էին առանձին թիրախավորված անհատներն ու հատուկ նախապես մշակված կլիշեները)։ Փաշինյանն այս անգամ իր դիտարկումներում առավել մեղմ էր ու բավական կոռեկտ էր փորձում ներկայացնել իր ասելիքը։ Թերևս հենց դրանով էր նաև պայմանավորված, որ տեղեկատվական դաշտում ու սոցցանցերում կատարվածի արձագանքը համեմատաբար մեղմ էր, սարկազմը՝ քիչ։

Ըստ էության՝ տեղի ունեցած ասուլիսը ռեալ-պոլիտիկի հետ տեսական, օրգանական ու առավել ևս տրամաբանական որևէ կապ չուներ, քանի որ այն ավելի շատ հիշեցնում էր Ադրբեջանին հղված ծառայողական զեկույց, իսկ 25-րդ կադրով Փաշինյանը հերթական անգամ շատ սինխրոն «պարեց» բալալայկայի տակ։ Էական է այն փաստը, որ 2022-ից հետո, երբ Փաշինյանը հրաժարվեց ռուսական «սեգմենտում» բանակցել, փաստացի ձախողեց բանակցության արևմտյան հարթակները (Վաշինգտոն, Բրյուսել)։ Մինչ այժմ «գետնի վրա» չկա ստորագրված որևէ փաստաթուղթ, որը համարժեք կլիներ եռակողմ հայտարարությանը: Ավելին, Հայաստանը հավաքական Արևմուտքից չի ստացել գեթ մեկ անվտանգության երաշխիք:

Նույն Փաշինյանը, որն ընդամենն ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից ինքնամոռաց ու փրփրոտ բերանով ընդդիմադիների վրա հոխորտում էր, թե «կայսրերի ոտքերն ընկած փորձել եք որպես գուբերնիա գոյատևել», «կայսրն ինչ ասել է, խելոք, գլուխներդ կախ լսել եք», ասուլիսին հայտարարում էր, թե «անընդունելի է ՌԴ պես պետության հետ նման (կոշտ) բառապաշարով խոսելը»։ Ակներև է, որ Փաշինյանն ու թիմը սկսում են մանևրել և հակառուսական ելույթներ են ուենենում հիմնականում այն ժամանակ, երբ նրանց թվում է, թե Ռուսաստանը պարտվում է պատերազմում։ Այս անգամ ևս Փաշինյանը  ընկավ ծուղակը, քանի որ փայլուն հասկանում է, որ Ուկրաինայի թեման մեծ հաշվով փակված է, և, եթե ՌԴ-ի դեմ շարունակի հայտարարություններ ու գործողություններ անել, ապա դա իր համար կարող է ճակատագրական լինել (ի դեպ՝ Լավրովը նախօրեին բավական կոշտ բառապաշարով անդրադարձավ Փաշինյանի ասուլիսին՝ նշելով, որ  նա նոյեմբերի 9-ի հետ կապված տեղեկատվությունը շուռ է տվել գլխիվայր)։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված փաշինյանական պնդումներին ադրադառնալիս պետք է փաստենք, որ տեսականորեն ո՛չ մասնագիտական ու փորձագիտական շրջանակները, առավել ևս ոչ էլ հանրությունը ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ փաթեթ է այսօր առկա բանակցային սեղանին, ասել է, թե Փաշինյանի կողմից ասուլիսին շահարկված՝ «փաստաթղթի 13 կետերի շուրջ ձեռք բերված համաձայնությունը», ինչպես մնացած բազմաթիվ դեպքերում լուրջ կասկածների տեղիք է տալիս, որ դրանք իրենց բովանդակությամբ կունենան պրոհայաստանյան ուղղվածություն։  Ավելին, Փաշինյանի կողմից շեշտված այն միտքը, թե՝ «Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները խաղաղության համար լիիրավ հիմք են տալիս», մեղմ ասած, խոր մտահոգությունների տեղիք է տալիս (նոյեմբերի 9-ի հայտնի բանավոր պայմանավորվածությունների մասին ձևակերպումը բոլորիս մոտ դեռ թարմ են)։ Ներկայումս տեսնում ենք, որ Փաշինյանն, ըստ էության, զբաղված է հայ-ադրբեջանական բանակցությունների երկկողմ ֆորմատի լոբբինգով (իր խոսքում նա քանիցս շեշտեց, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում որևէ միջնորդի կարիք չկա)։

Ասուլիսին անհասկանալի ու լղոզված էին նաև Նիկոլ Փաշինյանի ՀՀ Սահմանադրության վերաբերալ ներկայացրած պնդումները, որոնք ոչ միայն չունենին խորքային, տրամաբանական ու փաստական հիմքեր, այլև սիրողական մակարդակի զրույցի պատառիկներ էին հիշեցնում, քանի որ այն միտքը, թե՝ «մենք էլ Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ ենք խնդիրներ տեսնում, բայց դա ոչ մի կերպ չենք շահարկում, քանի որ խաղաղության օրակարգը մեր համար առաջնային է և մենք շարունակում ենք հավատարիմ մնալ դրան», պատկանում է հենց նշված ժանրին։ Ի դեպ՝ օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են դելիմիտացիայի հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, որի վերաբերյալ Փաշինյանը գրեթե ոչ մի հոդաբաշխ միտք ու դրա հետ կապված որևէ հղում չներկայացրեց՝ նշելով, թե «փաստաթուղթը կներկայացվի երկուշաբթի, քանի որ որոշակի պրոտոկոլային ճշտումներ և ընթացակարգեր գոյություն ունեն»։ Ի դեպ նշենք, որ նախօրեին հրապարակված տեքստը բավական ռիսկեր ու ենթատեքստեր պարունակող դրույթներ ուներ։

Ըստ էության՝ վերը նշված փաստարկները խոսում են այն մասին, որ մինչև 2026 թվականի խորհրդարանի ընտրությունը, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանի հետ ունենա «խաղաղության պայմանագիր»՝ անկախ դրա բովանդակությունից ու պայմաններից, նա փաստացի չի խորանում և չի ցանկանում խորամուխ լինել դիվանագիտական ու քաղաքագիտական նեղ լուսանցքների ու տողատակերի վրա, ուղղակի ցանկանում է ամեն գնով սեղանին ունենալ այդ թուղթը, ինչն էլ պետք է հանդիսանա վերջինիս՝ ընտրությունները օրինականացնելու համար լուրջ կռվան, որպեսզի իշխանությանը ևս մի փուլ կյանք տա։

Ինչ վերաբերվում է Փաշինյանի կողմից պատեհ-անպատեհ «խաղաղության խաչմերուկներից» ու «խաղաղության դարաշրջանից» խոսելու դրվագին, ապա բոլոր փաստերն ու կիրառվող գործիքակազմերը վկայում են, որ Ադրբեջանը ոչ միայն վիժեցնելու է նախանշված համաձայնագիրը, այլև՝ ոչինչ չի ստորագրելու․ ասվածի փայլուն դրսևորում էր նախօրեին Հաքմեթ Հաջիևի այն հայտարարություն-պահանջը, ըստ որի՝ «սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»։ Ի դեպ՝ նշված թեզը ադրբեջանական կողմից վերջին շրջանում բավական տոտալ տիրաժավորվում է և տարբեր առիթներով ուղիղ տեքստով բարձրաձայնվում։

Հ․գ․    Հատկանշական է ու շատ առանցքային, որ Արցախի կործանման բուն գործընթացը, որը բերեց այսօրվա ողբերգական պատկերին, Փաշինյանի ձեռամբ սկսվեց 2022թ-ի  հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, երբ նա ճանաչեց ԼՂ-ն Ադրբեջանի մաս:  Փաշինյանը 2022-ին փորձեց դնել ԼՂ խնդրի վերջակետը՝ աշխարհին ազդարարելով, որ այլևս վեճ չունի Ադրբեջանի հետ, իսկ դրանից հետո խոսել Արցախի գործընթացի «տապալման» տարբեր ժամանակաշրջանների (1992, 1996, 1999, 2008, 2016 և այլն) մասին, որը մանիպուլատիվ բլեֆ է։

Արմեն Հովասափյան